Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղամյանը այնպիսի թափ է հավաքել, որ հիմա նրա հետ են մրցակցում`թե ո՞վ` էլ ավելի ու ոնց հաճոյանա»

Դեկտեմբեր 22,2014 22:15

Օրերս Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամություն» շքանշանով պարգեւատրել է Ազգային ժողովի մի քանի պատգամավորներին` Հերմինե Նաղդալյանին, Վոլոդյա Բադալյանին, Արամ Սաֆարյանին, որը նաեւ «Ինտեգրում եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավարն է:

ՌԴ նախագահի կողմից պարգեւատրվելը ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը նորմալ է համարում: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Խառատյանը կարծիք հայտնեց, որ սովորաբար, յուրաքանչյուր մեկը, լինի դա անձ, թե` կառույց, պարգեւատրում է այն դեպքում, եւ այն բանը, ինչն իրեն համար գնահատելի է. «Պուտինը գնահատել է այն մարդկանց, ում իր փորձագետները ներկայացրել են իրեն որպես Ռուսաստանի համար աշխատող եւ Ռուսաստանի համար գնահատելի մարդիկ»: Հայաստանում ամերիկյան դեսպանատունն էլ պարգեւատրում է մի շարք մարդկանց, եւ ինչպես նկատեց տիկին Խառատյանը, մեր մասնագետներին, ոչ մասնագետներին, քաղաքացիական ակտիվիստներին ԱՄՆ դեսպանատունը պարբերաբար տարբեր ձեւերով է պարգեւատրում. կամ` խրախուսական, կամ, ասենք` տարվա մարդ եւ այլն: «Պուտինն էլ նույն բան է անում»,-ասաց տիկին Խառատյանը:

Մեր դիտարկմանը, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, ինչպես որ հանրության շրջանում կարծիք է տարածվել, մերոնք էլ ձգտելու են Ռուսաստանից, Պուտինից մեդալներ ստանալ, տիկին Խառատյանն ասաց. «Սրանի՞ց էլ ավել, Արտաշես Գեղամյանը այնպիսի թափ է հավաքել, որ հիմա նրա հետ են մրցակցում`թե ո՞վ էլ ավելի ու  ոնց հաճոյանա: Մրցակցության մեջ կա հենց մեր նախագահից ստանալ ինչ-որ մեդալի կտոր»:

Տիկին Խառատյանը հիշեցրեց սերբ գրողի խոսքերը մեդալների եւ պարգեւատրումների մասին. «Մարդիկ պետք է սկսեն քայլել մինչեւ գոտկատեղը, մինչեւ ծնկները կախված մեդալներով, առանց կարեւորելու թե` կողքինի համար այդ մեդալները որտեղի՞ց են, եւ ինչի՞ համար են: Բայց, դրանք իրենց համար կարեւոր նշաններ են, թե որ սուբյեկտը, կամ այսպես ասած` որ գնահատող տարածքն է իրեն գնահատել: Ինչո՞ւ չեն փորձում այդ մարդիկ ավելի մարդասիրական գնահատականներ ստանալ, օրինակ` Ֆրիտյոֆ Նանսենի, կամ մեկ այլ հումանիստի նման մարդասիրական գործունեության համար: Շատ հասկանալի է, դրանք բոլորը ջանքեր են հատկանշվելու, նրանք հատկանշվում են, այդ բոլորը հետո հարաբերություններում առեւտրի ժամանակ կօգտագործվի, շատ բնական գործընթաց է, ցավալի, բայց հասկանալի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031