«Miqayel Voskanyan and Friends» ֆոլկ ֆյուժն երաժշտական ոճում հանդես եկող խումբն արդեն երեք տարի է, ինչ փոփ, ռոք, ջազ, բլյուզ ոճերը համեմում է հայկական ժողովրդական գործիքով՝ թառով: Այսօր արտ սրճարաններից մեկում խումբը ներկայացրեց «Folk Fusion by Miqayel Voskanyan and Friends band» դեբյուտային ալբոմի համերգ-շնորհանդեսը: Ձայներիզում ընդգրկում է 10 ստեղծագործություն, որոնք էթնիկ հիմքով տարբեր ժանրերի միախառնություն են: Բոլոր ստեղծագործությունների հեղինակը բենդի առաջնորդ Միքայել Ոսկանյանն է, գործիքավորումը կատարվել է բենդի ուժերով:
Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Միքայել Ոսկանյանը նշեց, որ CD թողարկելու մտահաղացումը ծնվում է այն ժամանակ, երբ բավականաչափ ստեղծագործություններ կան ու ցանկություն կա դրանք հանձնել ունկնդրի դատին՝ ալբոմի տեսքով: Խմբի անդամների աշխատասիրության շնորհիվ մեծ ցանկությունն արդեն իրականություն է: Տղաները սրա վրա կանգ չեն առնում. մտածում են տեսահոլովակ նկարելու մասին, շրջագայության առաջարկներ ունեն, որոնք դեռ քննարկման փուլում են: Բենդի սիրահարները չեն էլ հասցնի «շունչ քաշել». ձայնասկավառակի նոր ստեղծագործություններին շուտով կմիանան նորերը:
Միքայել Ոսկանյանը (թառ), Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), Արման Պեշտմալջյանը (ստեղնաշարային գործիքներ), Գուրգեն Էբեջյանը (բաս կիթառ), Մովսես Էբեջյանը (հարվածային գործիքներ) և հատուկ հրավիրված երաժիշտ Էդուարդ Հարությունյանը (պերկուսիա) իրենց իսկ փորձով ցանկանում են փաստել՝ ֆոլկ երաժշտությունը նորաձև է, իսկ երբ ազգային երաժշտությանը նոր լուծումներ ես տալիս, այն դառնում է ոչ միայն հետաքրքիր, այլև ինչ-որ չափով նույնիսկ էկզոտիկ: Տղաների մոտ ստացվել է «հին» երաժշտությանը «նոր հագուստ հագցնել» ու այն ավելի ըմբռնելի դարձնել ունկնդիրների համար:
Կարդացեք նաև
Երեկոյի ընթացքում բենդը ներկայացրեց իր ալբոմն ու զրուցեց հանդիսատեսի հետ: Հնչեցին նոր ստեղծագործություններ, ելույթ ունեցան այլ բենդեր ու երաժիշտներ:
«Miqayel Voskanyan and Friends» բենդի կատարումներից՝
Սյունե ՍԵՎԱԴԱ