Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց վաստակավոր մանկավարժ եւ երաժիշտ Պետրոս Հայկազյանի ծննդյան 90-ամյակը:
Նա մանկավարժական գործունեության 64 տարիների ընթացքում կրթել է հազարավոր երեխաների, որոնցից շատերը անվանի ջութակահարներ են դարձել, միջազգային մրցույթների դափնեկիրներ են։
Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը Պետրոս Հայկազյանին բնորոշեց որպես հայ ջութակահարային արվեստի երախտավոր: Ըստ Ասատրյանի, նա երաժշտի եւ մանկավարժի բացառիկ կարողություններով օժտված տաղանդավոր ուսուցիչ է, որը իր փորձով ու գործունեությամբ բարձրացել է մանկավարժ- գիտնականի աստիճանի:
Պարոն Ասատրյանը նշեց, որ չնայած Պետրոս Հայկազյանը 90 տարեկան է, սակայն պատանեկան խանդավառությամբ շարունակում է իր աշխատանքը. «Նա այնքան պատանի ջութակահարներ է կրթել, ամբողջ կյանքում այնքա՜ն է աշխատել երեխաների հետ, որ չի փոխվել, նույն Պյոտր Ասատուրովիչն է մնացել, ինչպես 40-50 տարի առաջ էր»: Մեր զրուցակիցը Հայկազյանի մարդկային որակներին էլ անդրադարձավ. «Պյոտր Ասատուրովիչը երբեք չի չարանում, եթե խստություն էլ դրսեւորի, դա այնքա՜ն նրբորեն է արվում եւ անպայման պրոֆեսիոնալ պահանջներից է բխում: Միշտ բարի է, ժպիտը՝ դեմքին, գործի նկատմամբ մոտեցումն այնպիսին է, որ դա ոչ թե զուտ աշխատանք է, այլ հոբի: Դա էլ նրա կենսունակության ու պատանեկան ավյունի գրավականն է»:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ 1in.am-ի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ