Բախտագուշակ Վարսիկի ընտանիքը այսօր Գավառում դատական նիստի ժամանակ 300.000 դրամ առաջարկեց իրենց նախկին հարսին՝ Հասմիկ Խաչատրյանին՝ որպես առողջական վնասների փոխհատուցում:
Հիշեցնենք, որ բախտագուշակի որդին՝ Սարգիս Հակոբյանը ֆիզիկական բռնությունների էր ենթարկել նախկին կնոջը, ինչի համար վերջինս մոտ չորս միլիոն դրամ առողջական ու բարոյական փոխհատուցում էր պահանջել: Հասմիկ Խաչատրյանը վերցրեց առաջարկված գումարը՝ բայց համապատասխան ստորագրությամբ, որ իր պահանջը բավարարվում է մասնակի, ու ինքը պնդելու է իր պահանջած գումարը:
Բախտագուշակի որդու՝ Սարգիս Հակոբյանի փաստաբանը իր պաշտպանական ճառում այսօր նաեւ ընդգծում էր այն հանգամանքը, որ Հասմիկ Խաչատրյանն ու իր պաշտպանյալը տարիներով սեռական հարաբերություն չեն ունեցել ու համատեղ տնտեսություն չեն վարել, հետո էլ հետեւություն արեց՝ էլ ինչ ամուսիններ: Ըստ նրա, ընտանեկան հարաբերությունները կարգավորող ընտանեկան օրենսգրքով նախատեսված իրավունքների մասին էլ այս դեպքում խոսք չի կարող գնալ:
Պաշտպանի ճառից զայրացավ դատախազ Ղազարյանը. «Պաշտպանի ճառն այնպիսի հնչեղությամբ էր, որ գործը պետք է լրիվ Հասմիկ Խաչատրյանի դեմ հարուցվեր, Հասմիկի դեմ մեղադրանք առաջադրվեր, թե ինչ ասել է, սուտ է ասել: Այնպիսի տպավորություն էր, որ պաշտպանը մոռացել է իր առաքելությունը, որ եկել է ամբաստանյալին պաշտպանելու: Չլսեցի որեւէ պաշտպանական միտք, ինչ ասաց, վերաբերում էր տուժողի հնչեցրած մեղադրանքներին»;
Կարդացեք նաև
Ըստ դատախազի, Հասմիկի մատնանշած վնասվածքները ապացուցվել են դատաբժշկական փորձաքննությամբ՝ ժամանակագրական հերթականությամբ: Հետո հակադարձելով ամբաստանյալի պաշտպանի ասածներին, թե իր պաշտպանյալը ոչ թե ծխախոտն է հանգեցրել Հասմիկի թեւերին, այլ հնարավոր է այլ միջոցով է թեւերը վնասվել, դատախազն ասաց. «Ի, այսինքն` էլ ինչու եք նշանակում փորձաքննություն, հենա միանգամից կասեինք՝ հարգելի պաշտպան, դու արդեն գնահատել ես, մենք բավարարվում ենք էդ եզրահանգումով: Հասմիկ Խաչատրյանը աջ ականջախեցու թմբկաթաղանթի պատռվածք է ստացել, պաշտպանն ընդհանրապես մոռացավ այդ մասին: Ստացվում է՝ Հասմիկ Խաչատրյանը թվարկում է հանգամանքներ, որոնք չեն վերաբերում ամբաստանյալին, բա էդ ո՞ւմ է վերաբերում»:
Հետո պատասխանելով պաշտպանի մյուս դիտարկումներին, թե Հասմիկն ու Սարգիսը միասին չեն ապրել, էլ ինչ ամուսիններ, դատախազը շարունակեց. «Ով չգիտի՝ Սարգիս Հակոբյանը ինքնուրույն վաստակ չունի, ծնողներն են իրեն պահում, ով չգիտի, որ Հասմիկ Խաչատրյանը էդ տանն է ապրել, էդ տան հարսն է եղել, ով չգիտի, որ նրանք ամուսիններ են եղել, մենք բերում ենք փաստական ամուսնության մասին ենք նշում, կետեր թվարկում, որ այ սենց պետ է լինի: Մենք որտե՞ղ ենք ապրում,մեր պաշտպանը կարո՞ղ է օտար երկրից է եկել այստեղ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ