Արդյոք Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալը չի՞ արգելակի ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլև ընդհանրապես պահանջատիրական գործընթացները՝ հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը:
Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն ասում է, որ ընդհանրապես պատմական տեսանկյունից, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների խորացումը ոչ այնքան դրական է ազդում Հայաստանի վրա. «Եվ այս տեսակետից, մաս կազմելով այդ միության, կարող ենք ասել, որ Հայաստանը որոշակիորեն ընկնում է Ռուսաստանի ազդեցության տակ կամ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա ավելի է խորանում: Այդ խորացմանը զուգահեռ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լավացումը, բնականաբար, կարող է որոշակի բացասական ազդեցություններ ունենալ, քանի որ Թուրքիան, առաջ քաշելով մի շարք կարևոր հարցեր հարաբերությունների ջերմացման ընթացքում, փորձելու է առաջ բերել նաև Հայկական հարցը և փորձելու է հենց Մոսկվայի միջոցով Հայաստանին ավելի հեռու պահել իր պայքարից: Այնպես որ, այս առումով կարող են որոշակի բացասական ազդեցություններ լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գ. Պետրոսյանը:
«Բայց պետք է հիշել նաև Սփյուռքի գործոնը»,- իր հերթին հավելեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, որի ձևակերպմամբ՝ աշխարհում Հայոց ցեղասպանության հաղթարշավը հիմնականում սփյուռքահայ կառույցների ջանքերով է եղել. «Գուցե Մոսկվայից լինեն ճնշումներ պաշտոնական Երևանի վրա, սակայն Վաշինգտոնում, Փարիզում, Մադրիդում, Բեռլինում աշխատող սփյուռքահայ կառույցները կարող են շատ ավելի ուժգին բարձրացնել հատուցման հարցը՝ մեր ծածուկ աջակցությամբ, եթե այդքան մեծ լինի ճնշումը: Բայց, ամեն դեպքում, պետք է հիշել, որ Սփյուռքը գործոն է ոչ միայն Սփյուռքի նախարարության կոնֆերանսների ժամանակ բարձրաձայնելու համար. այն իրական գործոն է, որը, ցավոք, մենք մինչև հիմա լիարժեք կերպով չենք կարողանում օգտագործել»,- ասում է թուրքագետը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ