Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ. «Երկրի բնակչությանն ու գործարար խավին հասցվել է ծանրագույն հարված, որի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ռեժիմի վրա»

Դեկտեմբեր 22,2014 21:06

2014թ.-ի նոյեմբերի 20-ից սկիզբ առած և մինչև դեկտեմբերի 18-ը տևած ֆինանսական համակարգի ցնցումները, մասնավորապես` դրամի սրընթաց արժեզրկումը, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Հայաստանի տնտեսության` խորը արմատներ ձգած արատները:

Ֆինանսական համակարգում տեղի ունեցած ցնցումները հստակորեն պայմանավորված էին երկարաժամկետ և կարճաժամկետ հետևյալ պատճառներով.

Երկարաժամկետ կտրվածքով`

  • Ցնցումների գլխավոր պատճառը ներկրող մենաշնորհային օլիգարխիային սպասարկող տնտեսական համակարգն է, որը մակաբույծի պես գոյատևում է բնակչության` տրանսֆերտների միջոցով ձևավորվող եկամուտների հաշվին,
  • Կենտրոնական բանկի կողմից տարիներ շարունակ իրականացվող դրամի արհեստական արժևորման քաղաքականությունը, և դրանից բխող` պետական պահուստների նվազեցումը վտանգավոր շեմի (վերջին մեկ տարում մոտ 500 մլն. ԱՄՆ դոլարի չափով կրճատումը և ընդհուպ մինչև ԱՄՀ կողմից սահմանված ներմուծման երեք ամսվա ծավալի սահմանին հասնելը), ինչը, ֆինանսական շուկայում լարումների դեպքում չէր կարող չբերել դրամի անկառավարելի արժեզրկման,
  • Արտաքին պետական պարտքի աճը, որը հասել է “Պետական պարտքի մասին” ՀՀ օրենքով նախատեսված սահմանագծին, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների նվազումը, որը միայն 2014թ.-ի կտրվածքով կազմել է շուրջ 40%:

Կարճաժամկետ կտրվածքով`

Ակնհայտ է, որ օլիգարխիկ համակարգի շահերով առաջնորդվող իշխանությունները և Կենտրոնական բանկը չձեռնարկեցին իրավիճակով թելադրվող հրատապ և համարժեք քայլեր: Մասնավորապես`

  • Հայաստանի հետ նույնական գործոնների ազդեցության դաշտում (Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտային հոսքերի, դեպի Ռուսաստան արտահանման ծավալների և ռուբլու արժեզրկման հետ կապված ազդեցություններ) գտնվող Վրաստանի իշխանությունները, որտեղ ազգային արժույթի արժեզրկումը սկզբնական փուլում ավելի մեծ չափերի էր (լարիի 14%-ով արժեզրկումը` դրամի 10%-ով արժեզրկման դիմաց), ֆինանսական շուկայում կատարելով լայնածավալ ներարկումներ և կիրառելով Կենտրոնական բանկի տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը, սեղմ ժամկետում, հաշված օրերի ընթացքում կարողացան կայունացնել վիճակը, զսպել գնաճը և խուսափել խիստ բացասական հետևանքներից,
  • Հայաստանում դրամատիկ իրավիճակը պահպանվեց շուրջ մեկ ամիս, սակայն իշխանություններն ու Կենտրոնական բանկը ոչ միայն հրաժարվեցին ֆինանսական շուկայում լայնածավալ ներարկումներ իրականացնելուց, այլև Կենտրոնական բանկի գործիքակազմը գործի դրվեց միայն համընդհանուր խուճապ առաջանալուց հետո, երբ արդեն տեղի էր ունեցել կապիտալի խոշոր չափերի հասնող արտահոսք (տարբեր գնահատականներով` վերջին տարում շուրջ 300-400 մլն. դոլարի չափով):

Արդյունքում`

  • Տեղի է ունեցել որևէ կերպ չհիմնավորվող գնաճ և առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ, որը թելադրված է ոչ թե դրամի արժեզրկմամբ, այլ այն հանգամանքով, որ մենաշնորհային տնտեսության պայմաններում օլիգարխիկ պաշտոնյաները և նրանց մտերիմ ներմուծողները օգտվեցին խառնաշփոթից և ճգնաժամի քողի տակ բարձրացնելով գները` ստացան հավելյալ գերշահույթներ,
  • Արժեզրկվել են քաղաքացիների դրամական ավանդները, ինչը խորացրել է առանց այդ էլ ծայրահեղ աղքատությունը երկրում,
  • Գործարար խավը (հատկապես փոքր և միջին բիզնեսը) կրել է զգալի կորուստներ` պայմանավորված արտարժութային առևտրային և վարկային պարտավորությունները սպասարկելու անհրաժեշտությամբ,
  • Դոլարային արտահայտությամբ հիփոթեքային վարկեր ունեցող քաղաքացիների վարկային պարտավորություններն աճել են շուրջ 20%-ով` պարտքի ճգնաժամի առաջ կանգնեցնելով վերջիններիս,
  • Լրջորեն սասանվել է երկրի ֆինանսական համակարգի, մասնավորապես բանկերի հեղինակությանը:

Այսպիսով, երկրի բնակչությանն ու գործարար խավին հասցվել է ծանրագույն հարված, որի ամբողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ռեժիմի վրա: Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ երկրում առաջացել է կառավարման խորը ճգնաժամ, օլիգարխիկ նեղ կլանի շահերով առաջնորդվող իշխանությունը լրջագույն վտանգ է ներկայացնում Հայաստանի պետական համակարգի և բնակչության համար և օրախնդիր է ռեժիմին շուտափույթ հեռացնելու անհրաժեշտությունը:

 

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031