Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել էր. «Էնքան բեսպրեդել է տիրում հիմա, որ ազգի հողը պահած, սահմանը պահած ազատամարտիկի վրա են ձեռք բարձրացնում, ու դա անում է ոստիկանության փոխգնդապետ մարդը։ Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ՝ ոնց ա ականջներս կտրելու»:
Այս խոսքերից հետո հաջորդ օրը երեկոյան խանութից դուրս գալիս նրան երկու երիտասարդ ծեծի էին ենթարկել:
Aravot.am-ի հետ զրույցում Վաղինակ Շուշանյանը պատմեց. «Միանգամից երկու երիտասարդ հարձակվեցին ինձ վրա՝ ասելով՝ էդ դո՞ւ էիր քրֆում նախագահին, այ թուլա, դե կեր: Քաշեցին գցեցին գետնին, մոտ 2 րոպեի չափ ոտքերով ու բռունցքներով հարվածեցին: Երբ գետնի վրայից չէի կարողանում բարձրանալ, գոռում էի: Ձայներիս վրա խանութից մարդիկ դուրս եկան, այդ երիտասարդները թողեցին ու փախան»:
Վաղինակ Շուշանյանն ասաց, որ իրեն ծեծի ենթարկողների դեմքերը տեսել է, հիշում է եւ եթե ճանաչելու խնդիր լինի՝ կճանաչի երկուսին էլ:
Կարդացեք նաև
Ակտիվիստը դիմել է ոստիկանություն եւ հաղորդագրություն է թողել. «Ոստիկանությունն այս պահին հետաքննություն է անում, ինձ էլ դատաբժշկական փորձաքննության են ուղարկել, որը գնացել ու անցել եմ: Պատասխանը ոստիկանները վաղը կվերցնեն դատաբժշկից»:
Վաղինակ Շուշանյանն ասաց, որ ոտքի հարվածներից ստացել է շրթունքի պատռվածք, գլխի վրա ուռուցք կա. «Բժշկական հետազոտությունն էլ հաստատեց, որ հեմատոմա է գլխի վրա, աջ դաստակիս ներսի ափային հատվածում ճեղքվածք կա եւ խորը շնչելուց թիկունքային հատվածս է ցավում եւ պոչուկային հատվածս»:
Ակտիվիստն ասաց, որ երբ ոստիկանությունը բացահայտի, թե ովքեր են այդ երկու երիտասարդները, պատրաստվում է մինչեւ վերջ դատական ատյաններով անցնել՝ օրենքի սահմաններում նրանց պատժի ենթարկելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ