Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Չգիտեմ՝ իրենք հայրենասիրությունը ոնց են հասկանում»

Դեկտեմբեր 22,2014 19:56

«Չեմ հանգստացել և չեմ էլ պատրաստվում հանգստանալ Թուրքիայում»,-Aravot.am-ի հարցին՝ հանգստացե՞լ է Թուրքիայում, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Նա եկել էր մասնակցելու «Ոչ Թուրքիայում հանգստին» ակցիային:

Մեզ հետ զրույցում Կարեն Ավագյանը շեշտեց, թե ցանկանում են, որ նման և ընդհանրապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին անմասն չմնան նաև երիտասարդական կազմակերպությունները: Այս առիթով ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Սա ասում եմ այն պատճառով, որ մենք կարողանանք բարձրաձայնել, դատապարտել, ոչ միայն ինքներս մեր մեջ խոսել ու տարածել, այլ որ դա նաև դուրս գա երկրի սահմաններից երիտասարդների միջոցով: Թեկուզ տուրիստական գործակալություններն էլ պիտի հասկանան, որ քաղաքացիները, հատկապես երիտասարդները, որոշել են, որ իրենք գոնե այս տարի չպետք է իրենց հանգիստը կազմակերպեն Թուրքիայում»:

Մեր այն դիտարկմանը, թե առաջինը հենց պատգամավորներն են Թուրքիայում ակտիվ հանգստացողների շարքում, պարոն Ավագյանն արձագանքեց. «Չեմ առանձնացնի՝ պատգամավորները. շատ-շատ քաղաքական գործիչներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ իրենց հանգիստն անցկացնում են Թուրքիայում: Ես անձամբ իմ մասով կարող եմ ասել, որ չեմ հանգստացել ու չեմ էլ պատրաստվում հանգստանալ Թուրքիայում: Չնայած հանգիստը կազմակերպելու առաջին հայացքից ավելի հարմար տարբերակ է, ինչպես շատ խոսում են հատկապես գների հետ կապված, ես ինձ ու իմ ընտանիքին զերծ եմ պահել հանգիստը Թուրքիայում կազմակերպելուց»:

Ըստ ՀՀԿ-ականի՝ առաջին հայացքից սա կարող է ոչ այնքան խնդրահարույց հարց թվալ, բայց «իրականում, երբ մի փոքր հետամուտ ես լինում և ուսումնասիրում ամբողջ ծավալները, հասկանում ես, որ ուղղակի մեծ ծավալներով գումար մեր երկրից դուրս է գալիս Թուրքիա»:

Մեր այն հիշեցմանը, թե Թուրքիայում հանգստացող շատ պատգամավորներ փորձում են հավաստիացնել, որ դա հայրենասիրության հետ կապ չունի, պարոն Ավագյանն այսպես արձագանքեց. «Իրենք ֆինանսավորում են այնտեղի տուրիստական գործակալություններին, համապատասխան հյուրանոցային համալիրներին, գումար են այնտեղ թողնում, որոշակի տնտեսական գործընթացների մասնակցություն ունենում, ու եթե ֆինանսավորումը իրենց համար կապ չունի և դա իրենց համար հայրենասիրության տարրեր չի պարունակում, դա իրենց խնդիրն է: Չգիտեմ՝ իրենք  հայրենասիրությունը ոնց են հասկանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Փուչիկային հայրենասիրություն: Իսկական հայրենասերները, իհարկե, պետք է հանգստանան Դուբայում:

  2. Գայանե(ԵՊՀ) says:

    Միագամից ,,Առավոտը,, համարեք հհկ օրգան և մի տանջեք ձեզ` գրառումներ ,,ջնջելով,, ….

    • Հարգելի Գայանե, մենք չենք ջնջում գրառումները, եթե դրանք համապատասխանում են մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու կանոններին, եւ մասնավորապես՝ չեն պարունակում վիրավորանքներ: Փորձեք Ձեր տեսակետը շարադրել առանց անձնական վիրավորանքների:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031