Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասել Թուրքիայից 2015 թվականին. թուրքագետների դիտարկումները

Դեկտեմբեր 22,2014 19:36

«Քանի որ Թուրքիան այսօր սկզբունքորեն չի ուղղվում դեպի Եվրոպա, Եվրամիությունը (ԵՄ) նրա վրա ազդելու լծակներ այնքան էլ չունի: Թուրքիային ավելի շատ կարող է ճնշել ԱՄՆ-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների խորացման համատեքստում, ԵՄ-ը Ցեղասպանությունը որպես ճնշման լծակ օգտագործի Թուրքիայի դեմ: «Մեր մեծ ցանկությունն է, որ ԵՄ-ը վերադառնա 1987 թվականի մակարդակին, երբ բանաձև ընդունելով՝ ցույց տվեց  Թուրքիային, որ դեպի ԵՄ ճանապարհը բավականին խնդրահարույց է, և սպասվում է Հայոց ցեղասպանության հարց: Բայց ԵՄ-ի հետ բանակցություններում Ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական սահմանի բացման խնդիրները հետին պլան մղվեցին»,- նշեց Ա. Շաքարյանը:

Իսկ ի՞նչ սպասել Թուրքիայից 2015 թվականին:

Թուրքագետներ Արտակ Շաքարյանն ու Գևորգ Պետրոսյանն անդրադարձան նաև այս հարցին:

Գ. Պետրոսյանը չի բացառում Էրդողանի կամ նրա կողմից ուղարկված որևէ մեկի ներկայությունը Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին: Բայց, նրա դիտարկմամբ, դա կարող է օգտագործվել հենց թուրքական թեզեր առաջ քաշելու համար. «Օրինակ՝ շատ հանգիստ կարող են Ծիծեռնակաբերդում հիշել հենց Խոջալուի դեպքերը, «ընդհանուր ցավի» մասին թեզն առաջ քաշել՝ ասելով՝ այս ծաղիկը դնում ենք ոչ միայն զոհված հայերի, այլև այն թուրքերի հիշատակին, որոնք տուժեցին Առաջին աշխարհամարտի տարիներին»,- ենթադրում է թուրքագետը՝ չբացառելով նաև սահմանի խորհրդանշական, մասամբ բացումը. «Սրանք այնպիսի քայլեր են, որոնք կշեղեն միջազգային հանրության ուշադրությունը և միաժամանակ ցույց կտան, թե Թուրքիան որոշակի քայլեր է անում, Թուրքիան ավելի ժողովրդավար, ավելի բաց է դարձել: Այսինքն՝ թուրքերը կփորձեն այդ ամենը ծառայեցնել իրենց սեփական շահերին, Թուրքիայի միջազգային իմիջի բարձրացմանը: Այնպես որ, Թուրքիայի կողմից անկեղծ զարգացումներ սպասելու համար մենք հիմքեր չունենք: Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, պարզապես, ավելի ժամանակակից և խելացի ձևով»,- համոզված է Գ. Պետրոսյանը:

Ա. Շաքարյանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ առավել հավանական է համարում Դավութօղլու այցելությունը Հայաստան. «Ես կարծում եմ, որ Էրդողանը չի գա: Նա բռնկուն, էմոցիոնալ անձնավորություն է, և Թուրքիայում հազիվ թե խրախուսվի անձամբ նրա գալը,- կարծում է Ա. Շաքարյանը,- ամենաբարձր պաշտոնյան, որ կարող է գալ, Դավութօղլուն է: Նախորդ տարի նա եկավ, շատ մեծ աղմուկ բարձրացրեց ու ցույց տվեց, որ կարողանում է դիվանագիտորեն ներկայացնել իր՝ «ընդհանուր ցավի» մասին թեզը»:

Ինչ վերաբերում է սահմանի բացմանը, Ա. Շաքարյանը ևս դա բավականին հավանական է համարում, բայց, ըստ նրա, դա կարվի միայն այն դեպքում, երբ թուրքերն զգան, որ հայկական կողմն ունի շատ կարևոր և առաջ գնացող քայլեր:

Թուրքագետն ուրախությամբ նկատեց նաև, որ մեզ մոտ 100-ամյա տարելիցն արդեն ընկալվում է Ցեղասպանության ճանաչման հարցը հատուցման մակարդակ բարձրացնելու լիարժեք հնարավորություն. «Մենք հիմա ավելի շատ ենք խոսում հատուցման մասին և պետք է խոսենք, որպեսզի հետո աշխարհը չասի՝ ժողովո´ւրդ, դուք Թուրքիայից ճանաչում էիք ուզում, ճանաչումը եղավ, էլ ի՞նչ եք ուզում… Մենք պետք է կարողանանք թե´ ինքներս մեզ, թե´ միջազգային հանրությանը, թե´ Թուրքիային քիչ-քիչ վարժեցնել հատուցման մեր պահանջին»,- ասում է թուրքագետը:

Նա գտնում է, որ միջազգային հարթության մեջ Ցեղասպանության հարցի ճանաչումը պետք է որակական նոր մակարդակ տեղափոխվի: Գրքերի, հոդվածների և այլնի տպագրությունը, թարգմանությունը, ցուցահանդեսներն ու նման բաները, ըստ թուրքագետի, արդեն ժամանակավրեպ են. «Լոբինգը պետք է,- ասում է նա,- բայց շատ ավելի խելամիտ կլինի Հայոց ցեղասպանության թանգարանների միջազգային ցանց ստեղծելը, ինչպես առաջարկում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031