Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի վերջին հայտարարությունները՝ Հայաստանում, իբր, սահմանադրական կարգին սպառնացող վտանգի մասին, ըստ էության, այլ բան չեն, քան հասարակությանն ահաբեկելու դատապարտելի փորձ։
Երկրի սահմանադրական կարգին վտանգ սպառնալու դեպքում իշխանությունները կամ նրա հատուկ ծառայությունները այդ մասին հայտարարում են՝ որոշակի նշելով համապատասխան ուժի կամ ուժերի անունները, որոնք նման գործողություններ կամ կոչեր են արել, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում և ինչը ենթադրում է տարրական բանականությունը: Թե ի՞նչ ուժեր կամ գործիչներ են Հայաստանում իրենց օրենքից դուրս դրել նման գործելակերպով կամ կոչերով, ԱԱԾ պետի հայտարարության մեջ ոչինչ չի ասվում։
Ուստիեւ՝ Գորիկ Հակոբյանի անհասցե մեղադրանքներն ու սպառնալիքները կարող է բացատրվել միայն հետեւյալ հնարավորություններով.
կա՛մ ԱԱԾ-ն որեւէ իրական փաստ չունի, ասել է թե՝ այսօրինակ հայտարարություններն ապօրինի են ու ինքնին հանցավոր,
Կարդացեք նաև
կա՛մ վարչախումբը շատ լավ հասկանալով, որ իր հեռացումը արդեն դարձել է համաժողովրդական պահանջ, նման հայտարարություններով նպատակ ունի ահաբեկել ողջ ժողովրդին։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը: Եթե Հայաստանի Սահմանադրական կարգին սպառնում է ինչ- որ բան, ապա դա գործող ռեժիմն է և նրա կազմակերպած շարունակական բռնարարքները քաղաքացիների ու քաղաքական ուժերի դեմ: Ուստի Կոնգրեսը այն դիտարկում է հերթական մի օղակ` հասարակությանն ահաբեկելուն ուղղված և ռեժիմի ձեռնարկած վերջին շրջանի բռնարարքների շղթայում (որի վերջին դրվագը ակտիվիստ երիտասարդի վրա հարձակումն էր)` ուղղված համաժողովրդական շարժման թափը կոտրելուն, ինչը դատապարտված է ձախողման։
Հայ Ազգային Կոնգրես