Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ըստ Արթուր Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանը թիմ չունի՝ ԵՏՄ-ում լուրջ բանակցություններ վարելու համար

Դեկտեմբեր 22,2014 18:49

«Ո՞ւմ համար պարզ չէ, որ ԵՏՄ-ն նախագահական ակումբ է: Ասում են՝ փոխենք ՀՀ Սահմանադրությունը, ես էլ ասում եմ, ԵՏՄ-ում կա Պուտին, Նազարբաեւ, Լուկաշենկո: ՀՀ-ում լինում է մի նախագահ, որն իրենից ոչինչ չի ներկայացնում: Լիազորություն չունեցող նախագահին ո՞վ է բանի տեղ դնելու, նրանք առնվազն մի քանի տարի դեռ իշխելու են»,- այսօր հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նա քննադատեց ՀՀ իշխանություններին, որ անդամակցելով ԵՏՄ-ին, ոչ մի ծրագիր չեն իրականացնում: Նրա խոսքերով՝ «ՌԴ-ն ներեց Ուզբեկստանի պարտքը՝ 850 մլն դոլար, ներեց Կիրգիզիայի պարտքը՝ 1 մլրդ դոլարի չափով՝ 2 անգամ, իսկ ՀՀ-ն վերադարձրեց ՌԴ պարտքը 500 մլն դոլար, երբ կարող էին այնպես անել, որ եթե չներվեր, գոնե այդ գումարը ներդնեինք ռուսական  ձեռնարկությունների մեջ, զարգացնեինք: Հայաստանի վերցրած վարկերի, մոտ 30 տոկոսը խորհրդատվություններ վրա ծախսված գումար է, երբ գյուղացուն սովորեցնում էին ինչպես կարտոֆիլ ցանել: Սա անընդունելի իրողություն է»:

Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ՝ ՀՀ արտաքին քաղաքական վիճակն անհուսալի է. «Մենք ընդհանրապես եվրոպական օրակարգ չունենք: Արեւմտյան օրակարգը փակուղու առջեւ է, որովհետեւ շեղվեցինք նրանցից սեպտեմբերի 3-ի հայտնի որոշմամբ: Մենք ունենք ԱՄՆ-ում խոշոր հայ համայնք, Եվրոպայում եւ ՌԴ-ում, մենք պետք է կարողանանք բալանսավորված քաղաքականություն վարել: Ցավոք, այդ քաղաքականությունը չի իրականացվում»:

Նա վստահեցրեց, որ կարող է Հայաստանը գնալ ոչ թե հակադրման, այլ համադրման ճանապարհով: Հայաստանը չի կարող լինել վճռորոշ գործոն Արեւմտուտք-ՌԴ հարաբերություններում, բայց կարող է լինել կարեւոր, համադրող գործոն. «Այսօր Ադրբեջանը հողեր է վարձակալում ՌԴ-ից, ցանում է, բերքը հավաքում տանում է: Ի՞նչ ենք մենք անում: Մենք չենք  կարող ամբողջական կամուրջ հանդիսանալ Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Մենք պետք է ԵՏՄ-ից առավելագույն օգուտներ քաղենք, դրա համար անհրաժեշտ է  համարձակ նախաձեռնողական քաղաքականություն: Մենք ի՞նչ ենք ուզում ստանալ ԵՏՄ-ից, կա՞ դա ձեւակերպված՝ թղթի վրա: ՀՀ քաղաքական ուժերը տեղեկացվա՞ծ են այդ մասին, հասարակությունը տեղեկացվա՞ծ է՝ ոչ: Բելառուսը, Ղազախստանը, ՌԴ-ն ունեն պետական հաստատված փաստաթղթեր, թե ինչ խնդիրներ են լուծելու, հրամանագրեր ունեն, օրենքներ: Իսկ ի՞նչ ենք մենք ստանալու, ի՞նչ խնդիրներ ենք դրել մեր առջեւ: Արեւմուտքը ՌԴ-ի առջեւ փակեց, ՌԴ-ն էլ փոխադարձ սանկցիաներ կիրառեց,  փակեց Արեւմուտքի առջեւ, Բելառուսը ՌԴ չի կարողանում ապրանք արտահանել, որովհետեւ Եվրոպայից կաթնամթերքը, մսամթերքը, պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Բելառուսի միջոցով տանում են ՌԴ: Հիմա մենք կարողանո՞ւմ ենք դա անել»:

Արթուր Բաղդասարյաննն ասաց, որ ՀՀ-Ղազախստան ապրանքաշրջանառությունն այսօր 100 հազար դոլարից չի անցնում. «Ղազախստանը միլիոնավոր դոլարներ ներդրեց Վրաստանում: Հայաստան-Բելառուս ապրանքաշրջանառությունն էլ ցավալի վիճակում է: Պետությունը չպետք է ձեռքերը լվա, քաշվի մի կողմ, ասի՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի: Պետությունը պետք է լինի զորակցողն ու աջակցողը: Մենք 5000-ից ավելի ապրանքներ կարող ենք արտահանել ԵՄ շուկա՝ առանց մաքսատուրքերի, բայց դրա համար մենք պետք է արտահանման խթանման ռազմավարություն ունենանք ՀՀ-ում, որը չունենք»:

Արթուր Բաղդասարյանը սրտնեղեց, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով՝ ոչ մի պայման չդրեց, չփորձեց օգուտ քաղել. «Կիրգիզիան ՌԴ-ից ստացավ մի քանի 100 մլն դոլար՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը նախապատրաստելու համար: Մենք չստացանք ոչինչ: ՌԴ-ն զիջեց նրանց արտաքին պարտքը, մենք չստացանք ոչինչ: Մենք պետք է փորձենք գործընթացից ստանալ առավելագույնը մեզ համար: Այսօր 1 մլն կիրգիզ չի ապրում ԱՄՆ-ում, բայց 1.5 մլն հայ ապրում է, մենք պետք է փորձենք համադրել, չպետք է մուտք գործելով ԵՏՄ՝ փակենք համագործակցության ճանապարհը Բրյուսելի կամ Վաշինգտոնի հետ»:

Մեր հարցին՝ այսինքն, շտապե՞ց Սերժ Սարգսյանը՝ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի որոշումը ճիշտ որոշում էր, բայց թիմն է թույլ: Ո՞վ է ՌԴ-ի հետ ՀՀ-ի կողմից բանակցողը, կարո՞ղ եք մի մարդու անուն տալ, որը բանակցում է՝ բարձր մակարդակով: Սերժ Սարգսյանը բանակցում է՝ լավ, նախագահի հետ հանդիպեց տարին 2-3 անգամ, ո՞վ է այդ գործընթացն առաջ մղելու: Կամ ՀՀ- ԵՄ, ի դեպքում ո՞վ է ՀՀ-ից այն պաշտոնյան, որը օրակարգի գլխավոր բանակցողն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Ըսկի մարդ չունի նախարար նշանակի, ինչի ապացույցն է վերջերս տեղի ունեցող նախարարությունների միավորումները ու վերադասավորումները, նույնիսկ ԵՏՄ-ի մասին երբ առաջին անգամ խոսվեց, ես հիշում եմ Արթուր Բաղդասարյանը էլի ասուլիս արեց ու բացատրեց ինչը ոնց է, ՀՀԿ- ում մարդ չգտնվեց

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031