«Ո´չ Թուրքիայում հանգստին» ակցիայի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում երիտասարդները անցորդներին կոչ արեցին չմեկնել Թուրքիա հանգստի, նաև առաջարկեցին լուսանկարվել այդ բովանդակության պաստառի մոտ:
Ակցիան իրականացրեց «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Բարձրաձայնում» ծրագրով՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության իրականացրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, թե սա այն ծրագրերից է, որին հանձնաժողովը միաձայն «կողմ» է քվեարկել: «Շատ ենք կարևորում այս ծրագրերը հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Գոնե մեր քաղաքացիները թեկուզ հանգիստը կազմակերպելու մեջ պիտի ինչ որ բան փոխեն՝ ցույց տալով, որ մասնակցություն ունեն այն բոլոր ծրագրերին, որ կազմակերպվում են և ցույց տալով, որ իրենք պահանջատեր են»:
Կարդացեք նաև
Կարեն Ավագյանը նշեց, թե Թուրքիայում չի հանգստացել ու չի էլ պատրաստվում ու կարևորեց այս խնդիրների բարձրաձայնումը ոչ միայն մեր հասարակության մեջ, այլև երկրի սահմաններից դուրս ու տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհային մրցույթին հատկացվող ընդհանուր գումարի կեսը՝ 100 միլիոնը, 2015-ին կուղղվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Նա այս առիթով նշեց. «Մեր նպատակն է, որ հնարավորինս շատ կազմակերպություններ ներգրավված լինեն այդ գործընթացում: Երբ նոր էինք դրել այս անվանակարգը, շատ քիչ կազմակերպություններ էին արձագանքում, կարծում, թե շատ քիչ ծրագրեր կարող են ներկայացնել, բավարար պրոֆեսիոնալ չեն: Բայց կարողացանք հասնել նրան, որ կազմակերպությունները որոշակի փոփոխություններ արեցին իրենց կազմում և ծրագրերում և կարողանում են դիմել այդ անվանակարգերին»:
«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը մտահոգություն հայտնեց, թե եթե առաջներում Թուրքիայում հանգստացողները թաքցնում էին, հիմա այդ ամենը ավելի բացահայտ է դարձել, երբեմն հպարտանում են դրանով:Նա համամիտ չէ, թե Թուրքիայում հանգստանալը կապ չունի հայրենասիրության հետ. «Չհանգստանալը այն պետությունում, որը կոտորել է մեր ժողովրդին և առ այսօր շարունակում է Ադրբեջանի հետ ռազմատենչ հայտարարություններ անել ընդդեմ Հայաստանի, իհարկե, հայրենասիրություն է: Չեմ կարծում, որ այն պետության տնտեսությանը աջակցելը, որը նման կերպ է վարվում Հայաստանի հետ, ոչ հայրենասիրություն որակելը սխալ կլինի»:
Արմինե Բարսեղյանը տեղեկացրեց, որ 60-ից ավելի տուրիստական կազմակերպությունների են դիմել, այցելել քսանից ավելի բուհեր և երեք մարզ: Սակայն տուրիստական կազմակերպություններից ոչ բոլորն են բարեհաճ եղել: Արմինե Բարսեղյանն ասաց. «Օրինակ՝ «Բագրատ տուր» տուրիստական կազմակերպությունը, որը սերտ համագործակցում է թուրքական կազմակերպությունների հետ, շատ կոպիտ է վարվել մեր կազմակերպության անդամների հետ և դուրս հանել: Բայց շատ կազմակերպություններ և բուհեր ավելի բարեհաճ են եղել և սրտացավ»:
«Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը ևս դեմ է Թուրքիայում հանգստին: Նա համամիտ չէ, թե այդ հարցը կապ չունի հայրենասիրության հետ: Այս առիթով ասաց. «Եթե մենք այս պահին Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, գոնե մեր երկիրը պիտի հարգենք ու հարաբերություններ չունենանք այդ երկրի և այդ երկրի տնտեսության հետ: Գնալով այնտեղ հանգստանալու՝ մենք այդ երկրի տնտեսությանն ենք աջակցում: Երբևէ չեմ հանգստացել Թուրքիայում և չեմ էլ պատրաստվում նման բան անել գոնե մինչև այն պահը, երբ այդ երկրի հետ Հայաստանը հարաբերություններ ունենա, և այն մեր ուղղությամբ քայլ անի»:
Նշենք, որ Aravot.am-ի հարցախույզին մասնակցած քաղաքացիների մի որոշ հատված կարծիք հայտնեց, թե առանձնապես վատ բան չի տեսնում Թուրքիայում հանգստանալու մեջ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սիրելի հայրենասէրներ,
Վերցրէք քարերն ու կարդացէք,,
Իմ նախնեաց գիւղը Շամշադինում է: Եթէ մի օր որոշեմ այցելել Շամշադին, ծախսը կը լինի՝ Գերմանիա – Թբիլիսի – Շամշադին (2900կմ օդով + 200կմ ցամաքով) = 200€
Գերմանիա – Երեւան – Շամշադին (2900կմ օդով + 200կմ ցամաքով) = 400€
Ո՞ր տարբերակը կ’ընտրէիք: Կեցցէ՛ք:
Խելացի մարդիկ կը նախընտրէին առաջին տարբերակը:
Հնարաւո՞ր է՝ ընտրէիք կրկնակի թանկը: Այո՛, եթէ խելացի չէք, բայց հայրենասէր էք: Աւելին, այդ «չարաբաստիկ» էժան տարբերակը (Թբիլիսիով) թուրքական ավիաընկերութեան թռիչք է (Pegasus):
Բնականաբար հարց է առաջանում: Ինչո՞ւ նոյն հեռաւորութիւնն է, բայց «Զուարթնոց» օդակայանով կրկնակի թանկ է: Կարճ պատասխան՝ ՀՀ մենաշնորհային տնտեսութիւնը:
Եւ ամէն անգամ այս երկընտրանքով մարդկանց ուղեղներն են լուանում: Այո, ես պատրաստ եմ եւ որոշ չափով խուսափում եմ թուրքական ապրանքից (որն ի դէպ Գերմանիայում շատ շատ է), քանի որ դրա որոշ տոկոսներ, ի վերջոյ, մեր դէմ են ուղղւում: Բայց ոչ ոք չի խօսում, թէ ո՞ր մէկի պատճառած վնասն է աւելի մեծ՝ Թուրքիայի՞, թէ մեր օլիգարխների:
Ես ԵՐԲԷՔ կրկնակի աւել չեմ վճարի, եթէ նոյնիսկ ավիաընկերութիւնը վաճառեն Իլհամ Ալիեւին: Ինձ համար հակահայ թուրքն ու Հայաստանի հանրապետական (եւ ոչ միայն) օլիգարխը նոյն բանն են, բայց տարբեր տեղեր (նկատի ունեմ՝ տարբեր երկրներ):
Վերջ, հիմա կարող էք քարկոծել: Բայց թող ձեզնից անմեղն առաջին քարը նետի,,