Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղի բնակիչ Բաղիշ Ամիրխանյանը ճանաչված ըմբիշ է, ԽՍՀՄ սպորտի վարպետ: Նա շուրջ քառորդ դար հայրենիքի պաշտպանության դիրքերում է, անդամագրվել է «Հատուկ գնդին», ԵԿՄ-ին, «Զորավար Անդրանիկ» միությանը: Ենթասպա Ամիրխանյանը այժմ, որպես պայմանագրային զինծառայող, պաշտպանում է հայրենի Կոթիի սահմանները: Ծառայությունից ազատ ժամանակ չորս երեխաների հայրը ազատ ոճի ըմբշամարտի գաղտնիքները փոխանցում է կրտսեր որդուն՝ Վարդան Ամիրխանյանին: Վերջինիս 12 տարին կլրանա առաջիկա հունվարին:
Դեկտեմբերի 13-15-ը Երեւանում օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում Թաթուլ Կրպեյանի հիշատակին կայացած ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան առաջնությունում կոթեցի Վարդան Ամիրխանյանը տանելով 6 հաղթանակ՝ 26 կգ քաշային կարգում դարձել է մրցաշարի հաղթող: Նրա հայրն այս հաղթանակը կարեւորում է նաեւ նրանով ,որ նա լինելով ազատամարտիկ՝ կապ է պահպանում Թաթուլ Կրպեյանի ընտանիքի հետ: Բաղիշը երախտագիտություն է հայտնում Նոյեմբերյանի զորամասի հրամանատարությանը, որ կարողացավ ներկա լինել մրցաշարին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ