Այսօր հրավիրած ասուլիսում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում էլ կան խոշոր ֆինանսական ռեսուրսների տիրապետող քաղաքական գործիչներ, ինչպես Իվանիշվիլին: Հարցին՝ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին ներկայացնում է որպես Հայաստանի Իվանիշվիլի, արդյո՞ք ՕԵԿ-ը պատրաստ է աջակցելու Գագիկ Ծառուկյանին՝ դառնալու Հայաստանի Իվանիշվիլի` նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն արտահայտել է իր մոտեցումը, որ նա իսկապես ուզում է ՀՀ-ում իրականացնել փոփոխություններ, որ նա իսկապես դժգոհ է այսօր ստեղծված իրավիճակից: Այդ հարցում մենք դաշնակիցներ ենք Գագիկ Ծառուկյանի հետ: Մեր վերջին հանդիպման ընթացքում խոսել ենք այդ մասին նույնպես: Ես կաջակցեմ Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանը կաջակցի Արթուր Բաղդասարյանին, մենք բոլորս իրար կաջակցենք: Սա անհրաժեշտություն է՝ Հայաստանում փոփոխություն մտցնելու համար: Մարդիկ չեն կարողանում ապրել, մարդկանց վիճակն իսկապես շատ ծանր է: Ես գնում եմ գյուղերում, քաղաքներում մարդկանց հետո խոսում եմ, թշվառագույն վիճակում են: Այսօր Հայաստանի 90 տոկոսը վարկի տակ է, չեն կարողանում վճարել»:
Նա ասաց, որ երկրում իսկապես աղետալի վիճակ է՝ Նոր տարու նախաշեմին. «Հիմա Սամվել Ալեքսանյանն ինչ-որ տոկոսներով քարտեր է բաժանում, որ մարդիկ Նոր տարի անեն: Մի կողմից լավ բան է անում, բայց մյուս կողմից մարդն ինչ թշվառության մեջ է»:
Ըստ Արթուր Բաղդասարյանի, այդ վիճակը չի կարող շարունակվել՝ թելը բարակում է, մի օր պետք է կտրվի: Նա հայտարարեց. «Հայաստանում իշխանափոխությունը քաղաքական անհրաժեշտություն է: Եվ այդ իշխանափոխությունը անպայման լինելու է»:
Դիտարկմանը, որ իշխանափոխությունը բերելու է նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնազրկմանը, Դուք ցանկանո՞ւմ եք դա՝ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը 2 տարի հետո ավարտում է իր պաշտոնավարումը: 2017-ի կեսերից սկսվում է պայքարը: Ես դեմ եմ ընդհանրապես ՀՀ-ում ցնցումներով գործադիր իշխանության փոփոխության, որովհետեւ դա լավ նախադեպ չի: Սերժ Սարգսյանն ավարտում է պաշտոնավարումը: Նա չի կարող դառնալ ՀՀ նախագահ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ