Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անցկացվեց ցանցացատկի (բատուտ) հանրապետական առաջին մրցաշարը, որին մասնակցեցին 6-8 տարեկան երեխաները:
Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, Գինեսի գրքի երեք ռեկորդների հեղինակ Դավիթ Ֆահրադյանը Aravot.am-ին ասաց, որ այս մարզաձեւը Հայաստանում բավականին ակտիվ է եղել մինչեւ 80-ական թվականները, բայց դրանից հետո ինչ-ինչ պատճառներով դուրս է մնացել մարզական աշխարհից: «Մենք էլ 2011 թվականին հիմնեցինք ցանցացատկի ֆեդերացիան, որպեսզի օլիմպիական այս մարզաձեւը Հայաստանում էլ լինի: Երկու տարի զբաղվեցինք նախապատրաստական աշխատանքներով, որպեսզի այս տարի կարողանանք կազմավորել հավաքական թիմեր եւ արդեն եկող տարվանից դուրս գալ միջազգային մրցաշար: Ճիշտ է, առայժմ ցանցացատկով զբաղվում են միայն Երեւանում` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, եւ մարզվողների ընդհանուր թիվը շուրջ 150 է, բայց կարծում եմ` շուտով նոր խմբեր կբացենք նաեւ մայրաքաղաքի մի քանի այլ կրթօջախներում: Ուզում ենք մարզաձեւը տարածել նաեւ մարզերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ