Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը Հովիկ Աբրահամյանի կառավարությանն անվանում է ձախողված, անզոր, անպատասխանատու

Դեկտեմբեր 22,2014 18:05

«Հայաստանը չունի տնտեսության զարգացման պլանավորում, ապրում է, այսպես ասած այսօրվա օրով: Հայաստանը գտնվում է մի անորոշ վիճակում, երբ կառավարությունն անզոր է որեւէ գործողություն անել՝ երկրի, ժողովրդի վիճակը բարելավելու համար: Վերջին 10 տարում առաջին անգամ ընդունվեց մի բյուջե, որտեղ խոսք անգամ չի գնում աշխատատեղերի մասին: Ամենահետամնաց երկրում էլ կառավարությունը հիմնական խնդիր է դիտարկում տնտեսության զարգացման միջոցով երկրում սոցիալական խնդիրների լուծումը, որոնցից ամենակարեւորը պետք է լինի ոչ թե ողորմությունը ժողովրդին, այլ՝ մարդկանց աշխատանք տալը՝ իր հացը վաստակելու: Բայց, քանի որ մենք ունենք անծրագիր կառավարություն, կարող եմ ասել 8 ամիս անց, որ կառավարությունը ձախողել է, անզոր է լուծելու մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները»,-այսօր հրավիրած ասուլիսում Օրինաց երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսպիսի գնահատական տվեց կառավարությանը՝ խոսելով վերջին օրերին դրամի արժեզրկման հետ կապված խուճապի մասին: Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքի անկմանը՝ Արթուր Բաղդասարյանն ասաց՝ աժիոտաժ էր, թոշակառուն դոլար էր գնում, որ կարողանա մի 3000 դրամ ավելի վաստակի. «Սա խոսում է Հայաստանում դրամավարկային քաղաքականության ողբերգական վիճակի մասին: Այս խայտառակ, աղետալի տատանումների արդյունքում ժողովուրդը գերազանցապես տուժեց, գուցե մի քանիսը գումար վաստակեցին, բայց 100 հազարավոր մարդիկ տուժեցին»:

Հարցին՝ տեսակետներ են հնչում, որ Հովիկ Աբրահամյանին թույլ չեն տալիս աշխատել՝ նա պատասխանեց. «Ինձ համար ուղղակի անընդունելի է այդ թեզի հրապարակ բերելը, երբ ասում են, որ չեն թողնում կառավարությանն աշխատի: Տիգրան Սարգսյանի կառավարությունը բացառիկներից է եղել, որն ունեցել է խորհրդարանի լիակատար աջակցությունը: Նույնն էլ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ունի, որը որեւիցե խնդիր չունի օրենքներ անցկացնելու, ցանկացած ռեֆորմ անելու: Այլ խնդիր է, որ պետք է ունենա կառավարությունը ծրագիր, պատասխանատվություն: Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ 2005-ին ՀՀ արտաքին պարտքը կազմում էր 1 մլրդ, 100 մլն դոլար: Երկու տարի անց՝ 1 մլրդ, 350 մլն դոլար, հիմա գերազանցում է 5 մլրդ դոլարը: 5 անգամ գրեթե արտաքին պարտքն ավելացել է, եւ դրա նախահայրը եղել է Տիգրան Սարգսյանը: Եթե անձը փող է վերցնում եւ չի կարողանում վերադարձնել, նա պարտքի տակ է հայտնվում: Բիզնեսը, երբ պարտք է վերցնում, չի կարողանում տալ՝ սնանկանում է, երբ պետությունն  է վերցնում՝ գցում է քաղաքացիների վրա, հարկերն է ավելացնում եւ այլն: ՀՀ արտաքին պարտքը այսօր վտանգավոր է»:

Ըստ նրա, վերջին 8 տարում ինչ տեղի ունեցավ մեր երկրում՝ մտահոգիչ է: Փողը դարձրել են սրբություն. «Քուրը քրոջն է խաբում, հայրը՝ որդուն: Որովհետեւ 5000 դրամը դարձավ սրբություն: Դրա համար ովքեր 5000 դրամով գնում քվեարկում էին, եւ այսօր բողոքում են ԴԱՀԿ-ից, կարմիր գծերից, տուգանքներից, թող հիշեն, այդ այն 5000 դրամն է, որն ինքը վերցրել եւ քվեարկել է»:

Aravot.am-ի հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ասում է՝ ես կախարդական փայտիկ չունեմ, որ հրաշքներ գործեմ եւ հրավիրում է, որ համագործակցեք եւ միասին փոխեք վիճակը երկրում, չե՞ք ուզում համագործակցել՝ նա պատասխանեց. «Մենք հեքիաթներում չենք ապրում, որ կախարդական փայտիկից խոսենք: Ապրում ենք ռեալ իրականության մեջ: Ինչ վերաբերում է համագործակցությանը, գոնե ՕԵԿ-ը առավելապես կառուցողական է եղել: Մենք պատրաստ ենք աջակցել կառավարության ցանկացած լավ նախաձեռնության, մենք թշնամիներ չենք»:

Նա հաջողություն մաղթեց Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, բայց ընդգծեց, որ այդ կառավարությունը չի կարողանում լուծել այն խնդիրները, որ այսօր դրված են մեր ազգի առաջ. «Բազմաթիվ գործիքներ կան, որ հնարավոր է կիրառել, չեն կիրառվում»:

Ըստ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ-ում նույնիսկ լավատեսական գնահատականներով 2.5 մլն մարդ է ապրում, 170 հազարից ավելին՝ հաշմանդամ: Առաջին կարգի հաշմանդամը, եթե ստանում է 9 հազար 150 դրամ թոշակ, ո՞նց ապրի այդ մարդը:

Հարցին՝ այն տարիներին, երբ Տիգրան Սարգսյանն ավելացնում էր ՀՀ արտաքին պարտքը, դրանք անցնում էին ԱԺ-ով, եւ ՕԵԿ-ը կողմ էր քվեարկում այդ վարկերին, այն ժամանակ չունե՞իք մտահոգություն, որ դա ծանրանալու է ՀՀ քաղաքացու ուսերին՝ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ընդհանրապես վարկային ռեսուրսները յուրաքանչյուր երկրին անհրաժեշտ են, դրանց արդյունավետ օգտագործումը կարող է օգուտ բերել: 1.1 մլրդից պարտքը դարձավ 5 մլրդ դոլար: Այն վարկային ռեսուրսները, որոնք ստորագրվել են, դրանց հիմնական մասը չի ծառայել իր նպատակին: Ո՞վ է պատասխանատու՝ իրականացնողը: Հնարավորություն տվողը չի պատասխանատու: Որպես վարչապետ՝ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտաքին պարտքը մեծացնելու նախաձեռնողը հանդիսացավ: ՀՀ-ին վստահում էին այդ ռեսուրսները, բայց այլ խնդիր է, թե ինչպես ծախսվեցին դրանք: Գումարը տնտեսության առողջացման մեխանիզմ է, այլ խնդիր է, որ հետեւես այդ միջոցները ծառայեն իրենց նպատակին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031