Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ տարի էր 2014 թվականը Թուրքիայի համար, և ի՞նչը պիտի մեր ուշադրության կենտրոնում լինի

Դեկտեմբեր 22,2014 17:43

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ՝ 2014 թվականը Թուրքիայի համար բավականին բարդ տարի էր:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անցնող տարում տեղի ունեցած հինգ իրադարձություն մատնանշեց, որոնք, ըստ իրեն, կարևոր են հայ-թուրքական հարաբերությունների տեսակետից և պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն:

«Կարևոր էր Էրդողանի՝ ապրիլի 24-ի ուղերձը, որը տեղավորվում է Թուրքիայի՝ 2015 թ. պատրաստությունների ծրագրում: Այսինքն՝ իրականում շարունակելով ժխտողական քաղաքականությունը՝ Թուրքիան այս ուղերձով պատրանք էր ստեղծում, թե դրական փոփոխություններ են եղել, և նոր Թուրքիա է ձևավորվում:

Հաջորդը Իսլամական պետություն-Թուրքիա հարաբերություններն էին: Հունիսին Իսլամական պետությունը հաստատվեց Իրաքում և, կարելի է ասել, նոր գործող ուժ դարձավ Մերձավոր Արևելքում: Այստեղ հետաքրքրական են Իսլամական պետություն-Թուրքիա հարաբերությունները, որոնք կարելի է բնորոշել իբրև բացահայտ թշնամանք՝ ստվերային համագործակցության ձևով»,- ասաց Գ. Պետրոսյանը:

Երրորդ կետը, որ, ըստ թուրքագետի, նույնպես հետաքրքրություն է ներկայացնում անցնող տարում, գյուլենականների և իշխող շրջանակների միջև տարաձայնություններն էին, որ սկիզբ էին առել դեռևս 2013-ի դեկտեմբերից և շարունակվեցին ողջ 2014-ին: «Սա ևս մեզ համար կարևոր է, քանի որ գյուլենականները հայտնի են հակահայ լոբինգով, որն իրականացնում են ԱՄՆ-ում: Եվ ոչ միայն ծառայում են թուրքական շահերին, այլև փորձում են համագործակցել ադրբեջանական կողմի հետ»,- նշեց Գ. Պետրոսյանը՝ ընդգծելով, որ նման տարաձայնությունները Թուրքիայում, մեծ հաշվով, բխում են հայկական շահերից, քանի որ Թուրքիան չի կարողանում իր ողջ ռեսուրսները կենտրոնացնել այս կամ այն ճակատում:

Հաջորդ կարևոր կետը, որն ավելի շատ ներքին ճակատին է վերաբերում, Էմենեքի և Սոմայի ածխահանքերի պայթյուններն էին. «Դրանք Թուրքիայում աննախադեպ էին և 300-ից ավելի զոհերի պատճառ դարձան: Այդ ամենի արդյունքում թուրքական կառավարությունը քննադատությունների տարափ ստացավ իր հասցեին, քանի որ Թուրքիայում աշխատանքային անվտանգությունը բավականին ցածր մակարդակի վրա է, և սա հերթական առիթն էր Էրդողանի ընդդիմադիրների համար մեղադրելու հենց իշխանություններին»,- ասաց բանախոսը:

Թուրքագետի առանձնացրած կարևոր իրադարձություններից վերջինը Թուրքիայում տարեսկզբին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), ինչպես նաև օգոստոսին կայացած նախագահական ընտրություններն էին: «ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, թե որքանով են ազդեցիկ գյուլենականները Թուրքիայում: Տեսանք, որ նրանք ոչ միայն չկարողացան խանգարել Էրդողանին և նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հաղթանակ տանել, այլև կուսակցությունը, նախորդ ընտրությունների համեմատությամբ, շուրջ 5%-անոց աճ գրանցեց, ինչը նույնպես ուշագրավ է: Իսկ նախագահական ընտրությունները պատմական էին, որովհետև առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ նախագահն ընտրվեց համաժողովրդական ընտրությամբ (մինչ այդ ընտրվում էր Ազգային ժողովի կողմից)»,- ամփոփելով տարին՝ ասաց Գ. Պետրոսյանը:

Թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ գտնում է, որ 2015-ը ևս բավականին հետաքրքիր ու խնդրահարույց տարի է լինելու Էրդողանի համար: Թուրքիայում տարեսկզբին խորհրդարանական ընտրություններ են լինելու, որոնք, ըստ թուրքագետի, շատ կարևոր են Թուրքիայի նախագահի համար. «Էրդողանի նախագահական ամբիցիաների համար շատ էական է խորհրդարանում ունենալ ծանրակշիռ ձայներ, որը բավականին խնդրահարույց է ներկա պահին դիտարկելիս, որովհետև թե´ Գյուլենի հետ հակասությունները, թե´ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական Քոբանե քաղաքի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը բավականին հակաէրդողանական հույզեր են արթնացրել քրդերի մեջ, և շատ մեծ հարց է՝ արդյո՞ք քրդերն այս անգամ կքվեարկեն հօգուտ Էրդողանի: Իսկ թուրք խորհրդարանով Էրդողանը կդառնա անգլիական թագուհու ֆունկցիաներով նախագահ, մինչդեռ նա ուզում է ավելի ավտորիտար, պուտինյան ոճի նախագահ դառնալ: Սրանից արդեն բխում է Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հնարավորությունը կամ անհնարինությունը»,- վերլուծում է Ա. Շաքարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031