Այս տարի Գյումրին ճանաչվել է Հայաստանի լավագույն քաղաքային մարզական համայնք: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ մրցանակ է հանձնել Գյումրիին՝ տրամադրելով 1,5 միլիոն դրամ, որով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը համակարգիչներ է գնել 10 մարզադպրոցների համար: Այսօր սպորտդպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը հրճվանքով ասաց. «Անցած տարի Գյումրին լավագույն մշակութային մայրաքաղաքն էր, այս տարի՝ սպորտային քաղաքը: Մենք նորանոր ձեռքբերումներ ունեցանք և էսօրվա դրությամբ էսպիսի լավ քաղաք ունենք սպորտային: Ես՝ որպես քաղաքապետ, ասում էի չէ, թե Գյումրին մշակութային ու սպորտային քաղաք է, գյումրեցին պիտի աշխարհին կարողանա ասել, որ հզոր մարդ է, կարող է բոլոր մրցանակները շահել թե՛ Եվրոպայում, թե՛ կարող ենք օլիմպիական չեմպիոններ ունենալ»: Քաղաքապետը նաև ասաց, որ 2015 թվականը նորությունների տարի է լինելու Գյումրու մարզադպրոցների համար, որոշակի գումարներ տրամադրվելու են վերանորոգումների համար:
Ըստ Սամվել Բալասանյանի, շրջելով սպորտդպրոցները, համոզվել է, թե չնչին աշխատանքով ինչ լուրջ արդյունքների են հասել գյումրեցիները:
Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի տնօրեն Հրաչ Հարությունյանը, որը ևս նվեր համակարգիչ ստացավ, ասաց, որ այն հնարավորություն կտա կապ հաստատել աշխարհի հետ, քանի որ զարգացած այս դարում իրենց կապերը շատ քիչ են: Վերջինս սակայն դժգոհեց իր սպորտդպրոցի պայմաններից, ասաց, որ սպորտային գույքը չի բավարարում, երեխաները ձեռնոցներ չունեն, սպորտային համազգեստ՝ նույնպես: Ըստ տնօրենի, այս ամենը բացասաբար է ազդում պարապմունքների վրա. լինում են դեպքեր, երբ ձեռնաթաթ, ձեռնոցներ չունենալու պատճառով մարզումներն այլ ձևի են կատարվում, մարզիկները հետ են ընկնում, մինչդեռ դպրոցը մեծ թվով աշակերտներ ունի: Ըստ տնօրենի, խնդիր է նաև այն, որ դպրոցի 3 մարզադահլիճից ջեռուցվում է ընդամենը մեկը: «Ձմեռվա սեզոնին մեր բոլոր տղաները հավաքվում են մի դահլիճում, մի տեղ ենք մարզումները կատարում, ճիշտ է ՝ շատ դժվար է, բայց աշխատում ենք», -ասաց Հրաչ Հարությունյանը: Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանն էլ նշեց, որ համայնքային բյուջեով մարզագույք գնել հնարավոր չէ, քանի որ դա թանկ հաճույք է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ