«Ղարաբաղի հարցի կարգավորումը իր ձեւաչափը չի փոխվել եւ այն սրությունը, որ մենք ունենք Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, կտրուկ ձեւով չի անդրադարձել բանակցությունների վրա»,- այսօր`դեկտեմբերի 22-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վերլուծաբան Մանվել Ղումաշյանը:
Անդրադառնալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը`նա ասաց, որ եթե այդ անդամակցությունը տեղի ունենար 10 տարի առաջ, նման զարգացում չէր լինի. «Եկեք ծուռը նստենք, դուզ խոսենք, մեզ պետք է կանխատեսելի քաղաքականություն, հզոր տնտեսություն ունեցող Ռուսաստան: Ցավոք սրտի, դրանք այսօր չկան, բայց դա չի նշանակում, որ մենք այդ առումով այլընտրանք պետք է փնտրենք: Մենք դատապարտված ենք Ռուսաստանի հետ լինել ռազմավարական գործընկեր, եւ մեր անկախության առաջին տարիներից մենք այդ ռազմավարական գործընկերության շրջանակներում ենք»:
Մանվել Ղումաշյանը համարում է, որ 1-2 տարուց Հայաստանը կարող է վարել «ե’ւ, ե’ւ»-ի քաղաքականությունը. «Համոզված եմ՝ Ռուսաստան-Արեւմուտք լարվածությունը 1-2 տարի հետո կթուլանա, եւ մենք հանգիստ կկարողանանք անցնել «ե’ւ, ե’ւ»-ի` այն, ինչ հիմա փաստացի անում են Բելառուսը եւ Ղազախստանը: Մենք էլ ենք անում, բայց վատ ժամանակներ ենք ապրում` ելնելով Արեւմուտք եւ Ռուսաստան հարաբերություններից»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ