Կա՞ արդյոք ավելի ուժեղ և ավելի տանջալի տառապանք, քան փախուստը հարազատ երկրից:
Եվրիպիդես
1991 թվականին լինելով ԱՄՆ-ում, հիմնականում՝ Լոս Անջելեսում, ես որոշակի կարծիք կազմեցի տեղի հայկական գաղութի մասին: Ստորև ներկայացնում եմ իմ որոշ դիտարկումներ:
Կարդացեք նաև
Որևէ սփյուռքի, և մասնավորապես հայկական սփյուռքի համար առավել էական տարբերակիչ հանգամանքը և կողմնորոշման հիմնական ցուցիչը կարելի է համարել հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Մինչև ղարաբաղյան շարժումը և Հայաստանի անկախությունը այն կարելի էր բնորոշել այսպես.
Ա. Դրական վերաբերմունք առ հայրենիքը՝ անկախ այնտեղ իշխող վարչակարգից և համագործակցություն հայաստանյան կառույցների հետ:
Բ. Բացասական դիրքորոշում հայրենիքի՝ որպես ԽՍՀՄ մի հատվածի նկատմամբ և համագործակցության բացակայություն:
Առաջին մոտեցումը բնորոշ էր սփյուռքի երեք առաջատար կուսակցություններից ռամկավարներին ու հնչակյաններին, իսկ երկրորդը՝ դաշնակցականներին: Պարադոքս է, բայց պատմական պատճառներով ԽՍՀՄ-ի և Հայկական ԽՍՀ-ի հետ համագործակցում էին ազատական ռամկավարները և չէին համագործակցում սոցիալիստ, բայց հակակոմունիստ դաշնակցականները: Այս հակադրությունը տարածվում էր այլ ուղղություններով՝ ասենք, էջմիածնական եկեղեցիները հակադրված էին անթիլիասականներին և այլն:
Սա հայկական սփյուռքի հիմնական ներքին հակադրությունն էր: Սփյուռքի ողջ կառույցը ձևավորվում էր այս հակադրության վրա: Գույները խտացնելով կարելի է ասել, որ այս հակադրությունից դուրս սփյուռքահայերը դուրս էին սփյուռքի կյանքից:
1980-ականներից վիճակը փոխվել էր: Սփյուռքը համալրվել էր նշանակալի քանակությամբ նոր հայ ներգաղթյալներով: Սրանց մեջ առավել աչքի ընկնող և նոր խումբը հայաստանցիներն էին: Բացի այդ, նորանոր խմբեր էին ներգաղթել Մերձավոր Արևելքից՝ Լիբանանից, Իրանից և այլն, որոնք որոշակի փոփոխությունների էին ենթարկել եղած գաղութը: Ղարաբաղյան շարժումից և անկախության հռչակումից հետո սփյուռքի մի հատվածի՝ դաշնակցականների և նրանց հարողների բացասական վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ կորցրել էր իր հիմքը: Բոլորը դարձել էին հայաստանամետ:
Սփյուռքի կառույցի ձևավորման համար անհրաժեշտ քաղաքական հակադրությունը վերացել էր: Այդ իրադրության մեջ անհրաժեշտաբար առաջին պլան պիտի մղվեր մեկ այլ հակադրություն, որի շուրջը կձևավորվեր կառույցը: Եվ այդ հակադրությունը դարձավ հայերի ենթաէթնիկ բաժանումը, ըստ այն երկրների, որտեղից նրանք ներգաղթել էին ԱՄՆ:
Ա. Մի քանի սերունդ ԱՄՆ-ում բնակվող բուն ամերիկահայեր: Սրանք հիմնականում դուրս էին մյուսների կյանքի սովորական իրողություններից (գետտոյական կյանք անկլավներում, ԱՄՆ իրականության մեջ հաստատվելու պայքար և այլն):
Բ. Մերձավոր արևելքի տարբեր, հատկապես արաբական երկրներից ներգաղթածներ, որոնց լեզուն արևմտահայերենն է,
Գ. Պարսկահայեր, որոնց լեզուն արևելահայերենն է, բայց հայաստանյանից տարբերվող առոգանությամբ և ուղղագրությամբ,
Դ. Հայաստանցիներ:
Սա՝ առաջին մոտեցման դեպքում: Իրական պատկերն ավելի խայտաբղետ էր՝ պոլսահայեր, ադրբեջանահայեր, վրացահայեր և այլն: Բայց և այնպես, բոլորը տեղավորվում էին այս չորս խմբերի մեջ: Նրանց մեջ կային որոշակի հակասություններ՝ լեզվական, մշակութային, քաղաքական, ըստ ամերիկյան հասարակության մեջ գրաված դիրքի և այլն (ասենք, պարսկահայերի մեծագույն մասը հարում էր դաշնակցությանը, բուն ամերիկահայերը լրիվ կայացած էին որպես ամերիկացիներ և այլն):
Մյուսներից բոլորից շատ տարբերվում էին հայաստանցիները: Նրանք բոլորից վատ գիտեին անգլերեն, բոլորից լավ՝ Հայաստանը և հայերեն (նրանց պետք չէր ջանք թափել հայապահպանության համար, նրանք այդ խնդիրը չէին ունեցել), բոլորից վատ էին հարմարված «կապիտալիստական» հարաբերություններին, եկել էին նախկինում արևմտյան աշխարհի հակառակորդ երկրից՝ ՍՍՀՄ-ից և մշակութային առումով հակված էին դեպի Ռուսաստանը: Եվ ԱՄՆ հայերի ենթաէթնիկ բաժանման հիմնական առանցքը դարձել էր հայաստանցի–ոչ հայաստանցի բաժանումը: Թեև, իհարկե, կային նաև այլ ներքին հակասություններ՝ օրինակ, դաշնակցականների և ռամկավարների, էջմիածնականների և անթիլիասականների միջև և այլն: Այստեղ ևս հայաստանցիները տարբերվում էին իրենց հայաստանակենտրոն կեցվածքով (հույժ ոչ դաշնակցական և էջմիածնական):
Մյուսների՝ հայաստանցիների վերաբերյալ վերաբերմունքը հիմնականում բացասական էր: Դրա գաղափարական հիմնավորումն այն էր, որ նրանք թողել են իրենց հայրենիքը և, այսպիսով, կատարել հակահայրենասիրական արարք, միչդեռ մյուսները, որպես հին սփյուռքահայեր, ընդամենը տեղաշարժվել էին մի երկրից մյուսը: Ապա, հայաստանցիները կենսակերպով և ավանդույթներով շատ տարբեր էին մյուսներից: Աչքի էր ընկնում նրանց քրեական հակվածությունը (հատկապես պետությանը խաբելու գործում): Սփյուռքահայերն ասում էին, որ մինչ այդ ԱՄՆ-ում ապրելով երբեք ոչ մի հայ չէին տեսել ամերիկյան բանտերում, բայց հայաստանցիները եկան և բանտերը լցվեցին հայերով: Մեզ ասում էին «կեղտոտ հայեր», բայց մենք մեր անխոնջ աշխատանքով, օրինապահությամբ, կարողացանք առաջ գնալ և հարգանք նվաճել՝ ահա օրինապաշտ սփյուռքահայի կյանքը:
Հայաստանցիները, լինելով ամենաքիչ հարմարվածը և սոցիալական սանդուղքի վրա առավել ցածր դիրք գրավողը, ունեին մյուսներից ավելի բարձր պոտենցիալ: Խորհրդային դպրոցի մակարդակն ավելի բարձր էր, քան ամերիկյան և, առավել ևս, մերձավորարևելյան դպրոցներինը: Այդ տեսակետից, հայաստանցիները շատ ավելի զարգացած էին, քան մյուսները: Բացի այդ, նրանք լավ գիտեին Հայաստանը և, թեև լքել էին այն, սովորաբար ջերմ զգացումներ էին տածում դեպի իրենց այդ իրական հայրենիքը, ի տարբերություն բուն սփյուռքահայերի, որոնց հայրենիքի զգացումը շատ վերացական էր: Իրենց արտագաղթը Հայաստանից նրանք բացատրում էին սոցիալական պատճառներով և ոչ հայրենասիրության պակասով: Նրանց վերաբերմունքը մյուս սփյուռքահայերի նկատմամբ որոշակիորեն բացասական՝ արհամարհական էր, թեև նրանց մի նշանակալի մասը Հայաստանում որոշ ժամանակ բնակված սփյուռքահայ հայրենադարձներ և կամ նրանց սերունդներ էին: Այսինքն, նրանց համար հեղինակավոր և ցանկալի էր լինել հայաստանցի, քան այլ խմբի անդամ: Նրանք ծաղրով էին վերաբերվում սփյուռքահայերի օրինապաշտությանը, որը վերագրում էին նրանց խեղճությանը և գտնում, որ եթե ինչ-որ մեկն իրենց վիրավորի, ապա դրա համար պետք է պատժվի:
Մյուս կողմից, նրանք ամենաանկազմակերպն էին մյուսներից: Իսկական սփյուռքահայերը, մշտապես հայրենիքից դուրս ապրելով, ունեին կառույցներ ձևավորելու ավանդույթ, որը հնարավորություն էր տալիս սփյուռքահայ ակտիվ կյանքի: Հայաստանցիները նման բան չունեին: Հայաստանցիները, նաև այդ պատճառով, ավելի հակված էին ձուլման, քան մյուսները:
Հայաստանցիներին վատ էին վերաբերվում նաև Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները ԱՄՆ-ում: Ըստ այդ հայացքի՝ լավագույն բանը, որ կարող էին անել հայաստանցիները, արագորեն ամերիկացի դառնալն էր: Միայն այդ դեպքում հնարավոր կլիներ և՛ Հայաստանին օգնություն ցուցաբերել, և՛ բարելավել սեփական վիճակը:
1998 թ. լինելով ԱՄՆ-ում, ես բնակվել եմ Վաշինգտոնում և միայն կարճ ժամանակով կարողացա այցելել Լոս Անջելես՝ ամերիկահայ կյանքի կենտրոնը: Ինչ կարողացա արձանագրել, այն էր, որ իրադրությունը որոշակիորեն փոխվել էր: Հայաստանի նկատմամբ անվերապահ դրական վերաբերմունք չկար, 1990-ականների ներգաղթածները վատ էին վերաբերում հայաստանյան իրականությանը, որպես անարդար և կոռումպացված: Ինչևէ, նշված հիմնական՝ հայաստանցի-ոչ հայաստանցի հակադրությունը պահպանվում էր: Ընդ որում, թեև ԱՄՆ այլ քաղաքներում վիճակը կարող էր որոշ չափով տարբերվել Լոս Անջելեսից, բայց այդ հակադրությունն ամեն տեղ գործում էր:
* * *
2005 թ. լինելով Ֆրանսիայում, ես փորձեցի ծանոթանալ նաև ֆրանսահայ գաղութի իրողություններին: Ենթաէթնիկ բաժանման և հակադրության տեսակետից այն, ինչ առավել նկատելի էր, դա հայաստանցիների նկատմամբ վատ վերաբերմունքն էր: Մարսելում մի աղջիկ ինձ պատմեց, որ հայաստանցի և ոչ հայաստանցի երեխաները եկեղեցում կանգնում էին առանձին, իրարից հեռու: Այդ վերաբերմունքը հեռացնում էր հայաստանցիներին հայկական կյանքից և ստիպում ձուլվել տեղի զանգվածին: Իսկ իշխանությունները, ընդհակառակը, փորձում էին օգտագործել հայաստանցիների այն հատկանիշները, որոնք չէին սիրվում մյուս հայերի կողմից (ագրեսիվություն, քրեական հակվածություն, մյուսներին հաղթելու ձգտում): Այսպես, նոր կառուցվող թաղամասերում քրեական տեսակետից առաջին տեղը զբաղեցնող արաբների հետ նույն շենքերում բնակեցնում էին հայաստանցիների, որոնք կարողանում են զսպող գործոն հանդիսանալ նրանց դեմ:
Մարսելում եզակի էր երկու բան: Նախ, հին ներգաղթածների մեջ շատերը շարունակում էին վարժ տիրապետել հայերենին: Կար միջնակարգ հայկական դպրոց, որի աշակերտները բավական վարժ խոսում էին արևմտահայերեն: Մյուսը՝ հայերի կարևոր դերակատարությունն էր իշխանություններ ձևավորելիս: Քաղաքի հարավային մասը աջերի՝ հարուստների շրջանն է, հյուսիսայինը՝ ձախերի՝ ոչ հարուստների, արաբների և նեգրերի: Դրանց արանքում երկու թաղամաս նշանակալի չափով բնակեցված էր հայերով (խոսքը հին սփյուռքահայերի մասին է), իսկ մյուս բնակիչները հարում էին նրանց՝ հայերը բարձր հեղինակություն ունեին շրջապատում: Ընտրությունների ժամանակ աջերի և ձախերի ուժերը սովորաբար մոտավորապես հավասար էր լինում, և հաղթում էր նա, ում կողմից քվեարկում էին հայերն ու նրանց հարողները (իսկ հայերը քվեարկում էին կազմակերպված ձևով): Դա բարձրացնում է հայերի հեղինակությունն իշխանությունների աչքում:
* * *
Որքան կարողացել եմ պարզել սփյուռքահայերի հետ մասնավոր զրույցներից, նման իրադրություն կար նաև որոշ այլ, նոր ներգաղթյալներ ընդունող գաղութներում՝ Կանադա, Ավստրալիա և այլն: Ամենուրեք էական դեր է կատարել ենթաէթնիկ բաժանումը: Շատ տեղերում նոր գաղթած հայերը, ասենք, Լիբանանից, որպես ավելի լավ հայերեն իմացողներ և հայկական կյանքին առավել ծանոթ մարդիկ, որոշակի դեր են ստանձնել գաղութում: Իսկ հայաստանցիները հակադրված են եղել մյուսներին:
Ասվածը թույլ է տալիս ձևակերպել նաև հայաստանցու և սփյուռքահայի ամենաէական տարբերությունը (որն առավել ակնառու է սփյուռքում): Հայաստանցիները ձգտում են հեղինակություն նվաճել ոչ օրինական հարաբերություններում և ոչ օրինական միջոցներով, իսկ սփյուռքահայերը՝ ընդհակառակը, օրինական հարաբերություններում կազմակերպված հանդես գալու ճանապարհով: Իվան Շոպենը, ինչպես տեսանք, համարյա երկու դար առաջ նկատել է, որ Հայկական մարզի և Պարսկաստանի հայերը ճկուն են, հակված խաբեության, իսկ թուրքահայերը՝ ոչ (տե՛ս ): Այսինքն, այդ տարբերությունը կամ նրա հիմքերը եղել են արդեն այն ժամանակներում և սովետահայի ոչ օրինապաշտ կերպարը միայն սովետական անցյալով չի պայմանավորված:
Արմեն Պետրոսյան