Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերլուծաբան. «ԱՄՆ-ն դեռ հետաքրքրված է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները»

Դեկտեմբեր 22,2014 17:03

«Օբամայի վարչակարգը 2014 թվականի ընթացքում խնդիրների պակաս չի ունեցել»,- այսօր` դեկտեմբերի 22-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայացք» կիրառական քաղաքագիտության եւ հետազոտությունների վերլուծության կենտրոնի վերլուծաբան Լիանա Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով` Իսլամական պետության դեմ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը չափավոր էր, քանի որ ԱՄՆ-ն, չցանկանալով միայնակ Իսլամական պետության հետ պայքարի մեջ մտնել, նախընտրել է կոալիցիա կազմել եվրոպական եւ արաբական երկրների հետ միասին. «Անգամ այս կոալիցիայի կազմում նրանց ռազմավարությունը չափավոր էր, որովհետեւ նրանք նախընտրեցին օդային հարվածներ հասցնել` շատ լավ գիտակցելով, որ եթե չկա այնտեղ ցամաքային ուժ, որը կկարողանա ուղղորդել այդ հատվածները, նրանց պայքարը չէր կարող լիներ այնքան արդյունավետ, որքան նրանք ցանկանում են: Երեւի թե սա է պատճառը, որ մենք թեւակոխում ենք 2015 թվական, եւ դրա հետ մեկտեղ այս մարտահրավերը դեռեւս չեզոքացված չէ: ԱՄՆ-ն ստիպված կլինի 2015 թվականին նույնպես որոշակի քայլեր կատարել»:

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին` վերլուծաբանը նշեց, որ այդ դեպքում Օբամայի վարչակազմի քաղաքականությունը չափավոր չէր. «Դա կարելի է ԱՄՆ-ի կողմից արկածախնդրություն կամ միամտություն համարել, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ն եւ իր եվրոպացի գործընկերները չէին պատկերացնում, որ Ուկրաինան Ռուսաստանի համար այն կարմիր գիծն է, որից ներքեւ պատրաստ չի լինելու զիջումների գնալ: Այդքանից հետո Ռուսաստանի հետ մտնել ուղիղ առճակատման Ուկրաինայի համար` առանց հաշվի առնելու բոլոր բացասական հետեւանքները, որոնց ականատես ենք լինում, կարելի է արկածախնդրություն  համարել»:

Լիանա Հովհաննիսյանը, խոսելով Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին, ասաց, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ԱՄՆ-ն դեռ հետաքրքրված է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները: Ըստ վերլուծաբանի` այդ մասին փաստում է ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031