Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի եւ շաքարավազի գների բարձրացումը մանիպուլյացիա չէ՞ր

Դեկտեմբեր 22,2014 16:23

«Ֆինանսական շուկաներին բնորոշ են տատանումները՝ ընդհուպ մինչեւ ցնցումների աստիճան: Դա եղել է ե՛ւ արեւմտյան երկրներում, ե՛ւ մեր հանրապետությունում՝ դրամի ներդրման սկզբնական շրջանում, սեփականացման սերտիֆիկատների ներդրման ժամանակաշրջանում: Բացառություն չէր նաեւ այս տարին»,- այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում անդրադառնալով վերջին մեկ ամսում Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի ունեցած ցնցումներին, այս տեսակետը հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը:

Ըստ տնտեսագետի՝ դոլար-դրամ փոխարժեքի տատանումների վրա բազմաթիվ գործոններ ազդեցին. «ԱՄՆ-ն արժեւորեց իր արժույթը, այդ թվում նաեւ եվրոյի նկատմամբ, ԱՄՆ-ն նաեւ արտաքին բաց քաղաքականություն է վարում՝ ազդելու ռուբլու կուրսի վրա»: Պրն Սալնազարյանի խոսքով՝ մեծ դեր կատարեց խուճապը. «ֆինանսական շուկաների համար առաջին նախապայմանը վստահությունն է, իսկ վստահությունը ձեւավորվում է երկար ժամանակաշրջանում: Մեզ մոտ ֆինանսական ինստիտուտները զարգացած են, սակայն մենք չունենք միասնական կենսաթոշակային համակարգ, չունենք ներդրումային ընկերություններ, ինչպես նաեւ մի շարք ֆինանսական գործիքներ՝ ընկերությունների բաժնետոմսերի տեսքով.այս ամենը գումարվեց եւ առաջացավ այն, ինչ տեղի ունեցավ»:

Տնտեսագետը վստահեցնում է, որ իրավիճակի համար չպետք է մեղադրել այս, կամ այն կառույցի, քանի որ ցնցումները ֆինանսական շուկաներին բնորոշ երեւույթներ են. «Մեր երկրի կառավարությունը, կենտրոնական բանկը, ֆինանսների նախարարությունը միշտ էլ ունեցել են համապատասխան լծակները խնդիրը կարգավորելու համար, սակայն երբ խուճապ է լինում, անգամ ճիշտ մոտեցումը կարող է չհանգեցնել խուճապի նվազմանը: Արվել է ամեն ինչ եւ այսօր արդյունքը երեւում է»: Հայկական շուկան շատ փոքր է եւ հեշտ կառավարելի է, վստահ է բանախոսը:

Սպառողական շուկայում կտրուկ գնաճը պրն Սալնազարյանը այսպես բացատրեց. «Ինքներդ գիտեք, որ շուկայի ապրանքների մեծ մասը ներկրվում է արտերկրից, եւ պայմանագրերում ամրագրում են դոլար-դրամ փոխարժեքը: Նույնիսկ «ԳազՊրոմ Արմենիան» իր  պայմանագիրը կնքում է դոլարի համարժեքը բազմապատկելով վճարվող ամսվա ընթացքում Կենտրոնական բանկի սահմանած կուրսով: Այս դեպքում դոլարի փոխարժեքի փոփոխությունը բերում է գների փոփոխությանը»: Ինչ վերաբերում է ավտոմեքենաների համար նախատեսված գազի գնի բարձրացմանը, պրն Սալնազարյանը նշեց, որ այդ գազի գինն ազատ է եւ տնտեսվարողն ինքն է որոշում, թե ինչ գին սահմանի: Տնտեսագետը համարում է, որ գազի գնի, ինչպես նաեւ շաքարավազի գնի բարձրացումը գնային մանիպուլյացիա չէր. «Գնային մանիպուլյացիան այն է, երբ խոշոր ներդրողն ինքն է ոչ ճիշտ գնային քաղաքականություն վարում, իսկ գնային մանիպուլյացիաները բնորոշ են ֆինանսական շուկաներին»:

 

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031