Հայաստանի աշխատանքային երիտասարդ միգրանտների 92%-ը նախընտրում է Ռուսաստան մեկնել, այդպիսին է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի և Երիտասարդության հետազոտությունների ինստիտուտի 2013թ անցկացված հարցախույզի արդյունքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1577 հարցվածներից, որոնցից 59%-ը տղամարդիկ են, 41%-ը՝ կանայք, ընդամենը 2%-ն է նախընտրում Եվրոպայում գումար վաստակել, նույն 2% ցուցանիշն է նաև Ուկրաինա մեկնելու հարցում, այլ երկրներ ցանկացողները 4% են:
Ըստ հարցման, Հայաստանը աշխատանքի կարիքից լքել ցանկացողների 61%-ը տղամարդիկ են, 39%-ը՝ կանայք: Հարցվածների գրեթե 15%-ը 16-20 տարեկան են, 46%-ը՝ 21-25, իսկ 39%-ը՝ 26-30:
Ընդ որում, ուսումնասիրությանը մասնակցածներից ոմանք արդեն մեկնել են արտագնա աշխատանքի, որոնցից 75%-ը իր մասնագիտությամբ չի աշխատել:
Կարդացեք նաև
Նաև Հայաստանի բոլոր մարզերում հարցում է անցկացվել՝ ուսումնասիրելու, թե որքանով են հայաստանցի երիտասարդները պատրաստվում լքել երկիրը: Ըստ այդ արդյունքների, աշխատանք գտնելու նպատակով աշխատանք չունեցող անձանցից 25%-ը չի ցանկանում լքել Հայաստանը, 50%-ը ենթադրում են, որ երբևէ կլքեն երկիրը, 15%-ը վստահ են, որ անպայման կարտագաղթեն, իսկ 7%-ն արդեն քայլեր են ձեռնարկել արտագնա աշխատանքի մեկնելու ուղղությամբ:
Հարցումն անցկացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ