Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդիի եւ նրան ուղեկցող անձանց հետ:
ԱԺ պաշտոնական կայքէջի համաձայն՝ ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է հայ եւ իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու ընդգծել միմյանց կապող արժեքներն ու ընդհանրությունները: Նա շնորհակալություն է հայտնել իրանական կողմին՝ հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաեւ մշակութային արժեքների պահպանությանն ուղղված քաղաքականության համար: Անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առավել սերտացնել մշակութային կապերը, խորացնել եւ ամրապնդել առեւտրատնտեսական հարաբերությունները:
«Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդին տեղեկացրել է, որ կազմակերպությունը հաջորդ տարի նախատեսել է իրականացնել մի շարք ծրագրեր եւ սեմինարներ՝ նվիրված հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամությանը: Ծրագիրը կրում է «Պատմություն. պլյուս 25» խորհրդանշական անվանումը եւ ընդգրկելու է տարբեր ոլորտներ: ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրերի իրականացմանը եւ ներկայացրել է առաջարկներ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին. Վահրամ Բաղդասարյանն իրանցի հյուրերին հրավիրել է մասնակցելու այդ միջոցառումներին, ինչը սիրով ընդունվել է: Այս համատեքստում Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդին ասել է, որ Իրանում արդեն կազմակերպվել ու առաջիկայում եւս նախատեսվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություններ եւ միջոցառումներ: