Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Չառնեցկին նշեց, որ դավանած համարժեք գաղափարների շնորհիվ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքն ու ԲՀԿ-ն բազմաթիվ նոր նվաճումներ կունենան

Դեկտեմբեր 22,2014 14:53

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամ Ռիչարդ Չառնեցկիին:

Ըստ ԲՀԿ պաշտոնական կայքէջի՝ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն էր և, մասնավորապես, վերաբերում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի միջև գործակցության ամրապնդմանը, Հայաստան-Եվրոպական Միություն երկխոսության և երկկողմ հարաբերությունների խորացմանը, ուշադրության առանցքում էր նաև Հայաստանում ստեղծված դժվարին իրավիճակը:

Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյանին՝ Գագիկ Ծառուկյանը կարևորեց Ռիչարդ Չառնեցկիի` որպես Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ և Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի ներկայացուցիչ, դերակատարումը Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների զարգացման գործում:

Մարտ ամսին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դարձավ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների մեծ ընտանիքի լիարժեք անդամ: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ 2 կուսակցությունների միջև առկա գաղափարական ընդհանրությունն ու միևնույն արժեքներին դավանելը լուրջ երաշխիք է՝ համատեղ ծրագրերն առաջ մղելու և եվրոպական ընտանիքի հետ երկխոսությունը շարունակելու համար:

«Անչափ կարևոր է, որ եվրոպացի մեր գործընկերներն ըմբռնումով մոտեցան Հայաստանի կատարած ընտրությանը»,- իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա չպետք է խոչընդոտի Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ԲՀԿ նախագահին բարձր մակարդակի ընդունելության համար Ռիչարդ Չառնեցկին նշեց, որ դավանած համարժեք գաղափարների շնորհիվ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմաթիվ նոր նվաճումներ կունենան:

Ռիչարդ Չառնեցկիի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր գտնվում է դժվարին շրջանում: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը ստեղծված իրավիճակում կարևորեց հզոր և ժողովրդավարական ընդդիմության դերակատարումը: Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու հարցին Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ընտրությանը:

Հանդիպման ավարտին Ռիչարդ Չառնեցկին նշեց, որ մարտ ամսին Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակության հետ միասին սիրով կմասնակցի ԲՀԿ նախաձեռնությամբ Երևանում կայանալիք տարածաշրջանային մեծ կոնֆերանսին: Իր հերթին Գագիկ Ծառուկյանը Ռիչարդ Չառնեցկիին հրավիրեց՝ մասնակցելու նաև Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ իր հովանավորությամբ Նուբարաշենում կառուցվող նոր եկեղեցու բացման արարողությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031