Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին այսօր ներկայացել դատական դեպարտամենտի 13 աշխատակիցների գործով 3 վկաներ: Այսօր դատակոչված վկաներից Էլյա Դավթյանի մոր՝ Գայանե Ստեփանյանի ցուցմունքից հետո միջադեպ տեղի ունեցավ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանի եւ դատական դեպարտամենտի պետի երկրորդ տեղակալ Գագիկ Խաչատրյանի միջեւ:
Էլյա Դավթյանի մայրը իր ցուցմունքում ասաց, որ աղջկա՝ աշխատանքի տեղավորվելու հարցով դիմել է Գեղամ Գրիգորյանին, քանի որ գիտեր նրա հեռախոսի համարը, իսկ Գեղամ Գրիգորյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի հարցին՝ ճանաչո՞ւմ է Գագիկ Խաչատրյանին եւ ի՞նչ պաշտոն էր նա զբաղեցրել, վկան, որ ավելի վաղուց էր ճանաչել եւ անձնական սերտ հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, չկարողացավ պատասխանել այդ հարցին լիարժեք:
Երբ պաշտպան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվի առերես հարցաքննության արձանագրությունը, այդ ժամանակ Խաչատրյանն իր տեղից ռեպլիկ նետեց դեպի Գրիգորյանը եւ նա էլ փոխադարձեց նրան: Առերես հարցաքննմանը դեմ արտահայտվեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը, իսկ երբ դատավորը կոչ արեց հարցը անձնական ոլորտ չտեղափոխել (տեսանյութը՝ քիչ հետո), Տիգրան Աթանեսյանը իր միջնորդությունից հրաժարվեց: Դատակոչված հաջորդ վկան Արթուր Բերժյանն ասաց, որ Գեղամ Գրիգորյանի հետ հանդիպել է ինչ-որ մի միջոցառման ժամանակ, չհիշեց՝ հարսանիք էր, թե ծնունդ, եւ քանի որ ինքը հանդիսավար է եղել, ծանոթացել է նրա հետ: Վկան ասաց, որ ունեցել է ցանկություն երկրորդ տեղում աշխատելու եւ այդ հարցով դիմել է հանդիսության ժամանակ ծանոթացած Գեղամ Գրիգորյանին, հետագայում նրան է ներկայացրել փաստաթղթեր՝ դատական կարգադրիչ աշխատելու համար: Փաստաթղթերը ներկայացնելուց որոշ ժամանակ անց երբ իմացել է, որ աշխատավայրը կլինի Երեւանից դուրս, չի համաձայնվել: Վկան ասաց, որ աշխատավարձ առհասարակ չի ստացել եւ մի քանի օր էլ գնացել է աշխատանքի՝ «որտեղ որ դիմել է», համազգեստ չի կրել, աշխատանքից ազատվելու դիմում գրելուց հետո գնացել, իր բանկային քարտն է վերցրել:
Երրորդ վկան՝ Գրիգոր Վարդանյանի մայրը հայտնեց, որ որդին դիմում է գրել աշխատանքի ընդունվելու համար, այդ ընթացքում նրա գործերը եղել է դեսպանատանը ու երբ նա Շվեյցարիա է մեկնել՝ 2011-ին, հետեւաբար հնարավորություն չի ունեցել աշխատելու որպես դատական կարգադրիչ: Դատավոր Արշակ Վարդանյանի հարցին՝ որդին աշխատավարձի մասին իրեն որեւէ բան հայտնե՞լ է, մայրը ասաց, որ որդին աշխատավարձ չի ստացել: Այսօր դատարան չէին ներկայացել այլ վկաներ եւ դատավորը խոստացավ հետագայում անդրադառնալ այդ խնդրին: Դատարանը ձեռնամուխ է եղել ապացույցների հետազոտմանը, մասնավորապես՝ հետազոտվում են գործում առկա փորձագիտական եզրակացությունները:
Դատարանը ստացել էր դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հաղորդումը հանցագործության մասին: Ի դեպ, Միսակ Մարտիրոսյանի պաշտպանությունն այսօր իրականացնում էր նրա գործով ներգրավված երկրորդ փաստաբանը՝ Վարդան Զուռնաչյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ