«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Վիկտոր Ռեբեցն այսօր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ խտրականություն դրեց հայերեն եւ ռուսերեն լեզվով հարցեր հնչեցնող լրագրողների միջեւ:
Երբ ավարտվեց Ռեբեցի ելույթն, առաջինը հարց հնչեցրեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սարգիս Հարությունյանը, որին պարոն Ռեբեցը, մինչ ասուլիսը սկսելը ծանոթացել էր իր առջեւ դրված «Ազատության» լոգոյով ձայնագրիչի միջոցով: Լրագրողը հարցը հնչեցրեց հայերեն լեզվով. Ռեբեցն ընդհատեց եւ առաջարկեց ռուսերեն լեզվով հարցը տալ, ինչին ի պատասխան լրագրողն ասաց, որ ցանկանում է հայերեն լեզվով հարց ուղղել, Ռեբեցը չմերժեց առաջին հարցին պատասխանել, շեշտելով` հայերեն լեզվով հնչող մյուս հարցերը միայն վերջում հնչեցնել, երբ ռուսերեն լեզվով բոլոր հարցերը կավարտվեն, նոր հայերեն լեզվովը տալ: Իր այս ցանկությունը Ռեբեցը պատճառաբանեց, իբր այդպես ժամանակը կխնայեն: Այնուհետեւ հայալեզու հեռուստաընկերություններից մեկի լրագրողը եւ լրատվական 2 գործակալությունների լրագրողները ռուսերենով հարցեր ուղղեցին, եւ միայն 1in.am-ի լրագրողը հայերեն խոսեց ու հայերեն լեզվով հարց տվեց:
Նշենք, որ ամբողջ ասուլիսը ռուսերեն լեզվով էր եւ չէր թարգմանվում հայերեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ինչու զարմանալ -մենք կամաւոր կերպով դարձանք ռուսական նահանգ,միայն յուսանք որ տուներու մէջ չարգիլեն հայախօսութիւնը քանի իմ տատիկն ու մամիկը ռուսերէն չգիտեն։