Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը՝ եռյակի հետ համատեղ հանրահավաք անելու մասին

Դեկտեմբեր 22,2014 14:33

Մենք խորհրդարանում վերջին շրջանում տեսնում ենք, որ ՕԵԿ-ը համագործակցում է եռյակի հետ, մինչեւ ո՞ւր կարող է գնալ այդ համագործակցությունը, հատկապես, որ եռյակը հայտարարել է իր նպատակների մասին՝ իշխանափոխություն անելու երկրում, Դուք մինչեւ ո՞ւր եք պատրաստվում գնալ եռյակի հետ: Այսօր Aravot.am-ի այս հարցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ ՕԵԿ-ը անկախ եւ ինքնուրույն քաղաքական ուժ է. «Ելնելով մեր այս մոտեցումներից, մեր արժեքային համակարգից, առողջ համագործակցության մեջ ենք գտնվում եռյակի ուժերի հետ: Այդ համագործակցությունը խորանալու է»:

Նա ասաց, որ պատրաստ են համագործակցել քաղաքական ուժերի հետ այն դեպքում, երբ նրանց նպատակները կանխատեսելի են, երբ ուզում են երկրում իրական փոփոխություններ բերել եւ երբ իսկապես ուզում են համախմբել ուժերը՝ պայքարելու իմիտացիոն գործունեությունների հետ: Ըստ նրա, իմիտացիա ասելով նկատի ունի այն, երբ իմիտացիա ես անում, որ աշխատատեղեր ես ստեղծում, բայց չես ստեղծում, իմիտացիա ես անում, որ երկիրն ուզում ես դարձնել ժողովրդավարական, բայց ժողովրդավարության հետ առնչություն չունես: Նա ասաց, որ ՕԵԿ-ը խորհրդարանում համագործակցել է եռյակի հետ մի քանի գործընթացների շուրջ. «Մենք դեմ ենք բռնարար երեւույթների, դատապարտում ենք պատգամավորին ծեծելու հանցավոր մտածելակերպը: Երբ ծեծում են ազատամարտիկին, պատգամավորին, դա խոսում է պետական ինստիտուտների ոչ բավարար գործունեության մասին»:

Նա ասաց, որ երբ մի քաղաքացի պլաստմասե շիշ է գցում  ոստիկանի վրա, մարդուն տանում դատում են, բայց երբ պատգամավորի են ծեծում՝ որեւէ պատժի չեն արժանանում: Գործում է ոչ թե օրենքի ուժը, այլ սուբյեկտիվ քաղաքական մոտեցումը. «Հայաստանը լուրջ փոփոխությունների կարիք ունի, մենք այդ փոփոխությունների ճանապարհով գնում ենք: Եռյակի ուժերի հետ համագործակցել եւ շարունակելու ենք համագործակցել»:

Հարցին՝ եռյակի լիդերների հետ հանդիպում եղե՞լ է՝ նա պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում է ունեցել, քննարկել են երկրում ներքաղաքական իրավիճակը, տեսակետներ են փոխանակել՝ բազմաթիվ հարցերում ունեն տեսակետների նմանություններ: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ նրանց հետ հանդիպումներ լինում են քաղաքական թիմի մակարդակով: Դրանք անցնում են բավականին կառուցողական մթնոլորտում:

Արթուր Բաղդասարյանն ասաց, որ իրենց օրակարգում կա սերտորեն համագործակցել եռյակի մաս կազմող կուսակցությունների հետ, եւ պարտադիր չէ, որ եռյակը դառնա քառյակ: Ավելին, նա ասաց, որ պատրաստ է նույնիսկ համատեղ հանրահավաք անել: Ըստ նրա, ՀՀ-ում չպետք է լինի թշնամանքի մթնոլորտ. «Ով որ մեզ խեթ աչքով է նայում, քննադատում է, պետք է հիշեն մեր անցած ճանապարհը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե(ԵՊՀ) says:

    Ձեր ,,անցած ճանապարհը,, քաջ հայտնի է ժողովրդին…
    Այն է` վճռական պահերին աճպարարությամբ թփից-թուփ թռչել, և փորձել ,,թանկացնել,, սեփական ժամկետանց ապրանքի գինը …!!!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031