ՏԿ ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի Ամանորին ընդառաջ տեսչության աշխատակիցները ողջ հանրապետության տարածքում իրականացնում են լայնամասշտաբ իրազեկման, ուսուցողական եւ քարոզչական բնույթի հակահրդեհային միջոցառումներ։ Աշխատանքներն իրականացվում են հիմնականում այն օբյեկտներում, որտեղ նախատեսվում են ամանորյա տարատեսակ միջոցառումներ։
«Շնորհիվ այս աշխատանքների, բարեբախտաբար, օբյեկտներում հրդեհները նվազել են եւ աղետալի հետեւանքներով հրդեհներ տեղի չեն ունեցել»,-տեղեկացրեց պրն Հայրապետյանը։
Բանախոսը մի քանի խորհուրդներ տվեց ամանորյա տոներին հրդեհային իրավիճակներից խուսափելու համար. «Տոնածառը, հրդեհային անվտանգության տեսանկյունից, ունի իր առանձնահատկությունները։ Տոնածառները պետք է տեղադրել առաջին հարկում, իսկ եթե անգամ բազմահարկ շենքի երկրորդ հարկում են տեղադրում, ապա այնտեղ անպայման պետք է լինի տարհանման երկու կետ»։
Նաեւ ամանորյա տոնակատարություններ իրականացնելու տարածքներում անպայման պետք է լինեն հրդեհաշիջման սկզբնական միջոցներ՝ կրակմարիչներ, ջուր, ավազ։ Բենգալյան կրակները նույնպես հրդեհի առաջացման պատճառ կարող են լինել, իսկ եթե ծնողները երեխաներին հագցնում են սինթետիկ կտորներից պատրաստված հագուստներ, ապա բենգալյան կրակներ օգտագործելիս հրդեհի հավանականությունը ավելի է մեծանում։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հրավառություններին, պրն Հայրապետյանը հորդորեց դրանք գնել միայն մասնագիտացված խանութներից, որոնք ունեն լիցենզիա։ Պետք է անպայման գնել հայերեն մակնշում ունեցող հրավառություններ։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ