Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. «2015-ի գարնանը հնարավոր է ԵՄ-ի հետ պայմանականորեն ունենանք «Ասոցացում մինուս» պայմանագիր»

Դեկտեմբեր 22,2014 13:41

«ԵՏՄ-ի անդամակցությամբ Հայաստանը լուծեց ՀՀ-ի և, և քաղաքականության երկրորդ և-ի խնդիրը, բայց առաջին և-ը դեռ պետք է պատկերացնել»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպական ինտեգրացիա հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը:

Անդրադառնալով վաղը` Մոսկվայում կայանալիք ԵՏՄ  ղեկավարների հանդիպմանը, պարոն Բեքարյանը նշեց. «Եթե որևէ իրավիճակային դետալների փոփոխություններ կամ անդրադարձեր չլինեն, իսկ դրանք չեմ կարծում, որ լինեն,  վաղը` Մոսկվայում ԵՏՄ ղեկավարների հանդիպման ներքո, պիտի լինի ՀՀ անդամակցության վավերացումը, ՀՀ-ն դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ:

ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում դիտարկելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը, պարոն Բեքարյանը նկատեց. «ՀՀ-ն լինելով ՀԱՊԿ անդամ` ցույց է տվել իր գերակայությունը, որևէ կերպ հարցականի տակ չի դրել ԵՄ-ի հետ հարաբերությունները: Ադրբեջանի պարագայում մենք ունեցել ենք խառը իրավիճակ: Այսինքն, լինելով Արևելյան գործընկերության երկիր, արժեհամակարգի հետ կապված խնդիրների համար Ադրբեջանը չի ստացել հրավեր ԵՄ-ից: Որևէ կերպ չի բացառվում, որ ԵՏՄ անդամ երկրներից որևէ մեկը կցանկանա տեսնել Ադրբեջանին ԵՏՄ կազմում, չի բացառվում, որ այդ ուղղությամբ բանակցություններ են գնացել»:

Անդրադառնալով 2015-ի ակնկալիքներին` պարոն Բեքարյանը կանխատեսեց. «2015-ի գարնանը ԵՄ-ի հետ իրավապայմանագրային նոր ձևաչափ կունենանք, թե ինչ կանվանվի դա երկրորդական խնդիր է, օրինակ`պայմանական կարող ենք դա հասկանալ որպես  «ասոցացում մինուս» կամ ռազմավարական  գործընկերության համաձայնագիր և այլն»:

Հաշվի առնելով այն փաստը, որ 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, պարոն Բեքարյանը կանխատեսեց, թե Թուրքիան Ադրբեջանին ցուցում է տալու անընդհատ սրել իրավիճակը, որպեսզի հնարավոր լինի շեղել միջազգային հանրության ուշադրությունը:

Այնուհետև կարևորեց. «2015-ին մեր բանակի զգոնությունը պետք է լինի բարձր մակարդակի վրա: Թուրքիան կփորձի Ադրբեջանի նկատմամբ հավատարմությունը հաստատել այս եղանակով: Ադրբեջանը հյուրընկալում է համաեվրոպական օլիմպիական խաղերը, սա բավականին մեծ ծախսեր պարունակող գործընթաց է: Նա  շատ մեծ նշանակություն է տալու նրան, որ լինի ոչ քաոսային և հանգիստ իրավիճակ: Այսինքն, եթե Թուրքիայի գործոնը բացասական լիցք տվողն է, ապա Ադրբեջանի գործոնը դրական լիցք տվողն է: Այս բոլոր գործոններով պայմանավորված է լինելու 2015-ը: Այսինքն, Ալիևի մոտ որևէ կերպ չի փոխվելու ցանկությունը իր հասարակությանը մոլորեցնելու: Սակայն ես այդքան էլ լավատես չեմ, թե 2015-ը կարող է բանակցային գործընթացում ինչ-որ դրական փոփոխություններ բերել»:

Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանն  անդրադառնալով՝ Կարեն Բեքարյանը նշեց. «Ռուս-թուրքական մերձեցման հետ կապված մենք պետք է ունենանք հավասարակշռված մոտեցում: Ռուսաստանն անում է իր շահերից բխող քայլեր, հիմա կարող են լինել բաներ, որ մեր ճաշակով չեն լինի:  Այստեղ պետք է նեղացկոտ կեցվածք չընդունել: Թուրքիան փորձելու է խորացնել եռակողմ համագործակցությունը»:

Դառնալով ԵՄ առաջնահերթություններին` Կարեն Բեքարյանը նկատեց. «ԵՄ պարագայում առաջնահերթությունները պետք է դրվեն հետևյալ կերպ. այն ամենը, ինչ  կապված է քաղաքական արժեհամակարգային հարցերի հետ, դա այն բարեփոխումների փաթեթն է, որը կառնչվի քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության, արդարադատության, քաղաքական տարբեր կոնսուլտացիաներին: Կարևոր է, որ ազդակները լինեն հնարավորինս հստակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031