Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Ալիկ Հարությունյանը հանդիսանալով ՊՆ զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, դարձել է ծանր հետեւանքներով վթարի մեղավոր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. հունիսի 27-ին իրեն ամրակցված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից Տավուշի մարզի Նորաշեն գյուղ մեկնելու ճանապարհին, Արծվաբերդ գյուղում, ավտոմեքենայի շարժիչի սնման համակարգում անսարքություն առաջանալուց հետո, թույլ է տվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին » ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ: Նա կայանման արգելակային համակարգի չգործադրմամբ չի ապահովել ավտոմեքենայի անշարժ վիճակը, շարժիչը գործարկելու նպատակով կատարել է հետընթաց, ստեղծել վթարային իրավիճակ: Ա. Հարությունյանը չկարողանալով կառավարել մեքենան՝ հարվածել է իր հետեւից վերընթաց ընթացող, Արծվաբերդի բնակիչ Սլավիկ Դումանյանի անձնական օգտագործման «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով 79 հազար 400 դրամի չափով նյութական վնաս:
Ապա ավտոմեքենան թեքվել է դեպի աջ, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կողաշրջվել եւ հայտնվել Արծվաբերդի բնակիչ Սիրուշ Երիցյանի տան բակում ու հրդեհվել: Դրա հետեւանքով ուղեւոր, նույն զորամասի բուժկետի բուժակ Արեւշատ Բաբասյանը մահացել է, մեքենայի ավագ, զորամասի բուժկետի պետ, ավագ լեյտենանտ Արման Բեջանյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Բռնկված հրդեհի հետեւանքով Ս. Երիցյանի տանը եւ գույքին պատճառվել է 10 միլիոն 346 հազար 300 դրամի չափով նյութական վնաս, այրվել, ոչնչացել է ՊՆ հաշվեկշռում գտնվող , 2 միլիոն 195 հազար 600 դրամ արժողությամբ «ՈՒԱԶ 3962» մակնիշի ավտոմեքենան, դրա մեջ գտնվող, 61 հազար 701 դրամ արժողությամբ զրահաբաճկոնը, 44 հազար 875 դրամ արժողությամբ զրահաթիթեղը,44 հազար 875 դրամ արժողությամբ սաղավարտը, 377 հազար 977 դրամ արժողությամբ ռադիոկայանը, 42 հազար 800 դրամ արժողությամբ ռադիոկայանի մարտկոցը, 89 հազար դրամ արժողությամբ դաշտային հեռախոսային ապարատը եւ 50 հազար դրամ արժողությամբ սանիտարական պատգարակը:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Ալիկ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կմեկնարկի դեկտեմբերի 26-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հայրենիքին ծառայելու երջանկության պտուղներն են այսպիսին:Ղեկը պտտել են սովորեցնում ու առաջ…Դե մինչև կյանքիդ վերջ վճարիր հայրենիքի հաշվապահությանը:Տրագիկոմեդիա հայկական բեմում:Խեղճ տղա գոնե մի իրավաբանականի թուղթ ունենար, ղեկը պտտելու թղթի արժանացավ:Հայեցի է:Ճանաչեք, սիրեք, գնահատեք իրար:Հզոր ազգ եք: