Լրահոս
Օրվա լրահոսը

Անցումային շրջանի անանցանելի վախերը կամ ողջամտության ինֆլյացիա

Դեկտեմբեր 22,2014 11:50

«Մարդկանց թուլությունները կամ այլ կերպ ասած փսիխոկոմպլեքսները մարդու «հոգու նուրբ» թելերն են: Երբ դրանք գործի են դրվում, մարդը սկսում է իրեն խելոք երեխայի պես պահել՝ ենթարկվելով դիմացինի կամքին»,- կարդում ենք PR գրականության մեջ, այնուհետև ծանոթանում այն թուլություններին, որոնք օգտագործելով կարելի է դրդել մարդուն այնպիսի գործողությունների, որոնց նա բնավ հակված չէ: Հենց այդ թուլություններն են օգտագործվում մեծ տոների, մասնավորապես Ամանորի ժամանակ՝ մղելով նույնիսկ սուղ միջոցներ ու հնարավորություններ ունեցող մարդուն՝ մինչև վերջ դատարկելու գրպանը:

Մեր համոզմամբ՝ նաև այդ փսիխոկոմպլեքսներն են պատճառը, որ այսօր՝ 2014 թվականի դեկտեմբերին, Հայաստանը հիշեցնում է 1990-ականների սկիզբը՝ գների կտրուկ աճով, արտարժույթի փոխարժեքի աննորմալ թռիչքով և ապագայի նկատմամբ տագնապով:

Կգտնվի՞ ինչ-որ մեկն Ամանորի նախաշեմին, որ չնչին կասկած ունենա մեր ազգի միասնականության վերաբերյալ: Հիանալ կարելի է՝ մի հոգի ու մարմին դարձած հայրենակիցներս՝ դեմքի նույն լարված ու ջղային արտահայտությամբ, նույն փութկոտ շարժուձևով, Շուշին ազատագրողի վճռականությամբ ներխուժում են հսկայական հանրախանութներն ու այնտեղից դուրս գալիս դեմքի այնպիսի արտահայտությամբ, որը նախագահական ընտրություններում պարտված թեկնածուներին է հատուկ: Խոր մտահոգությամբ ու տագնապով եմ հետևում այս քաոսային իրարանցմանը, որը, գուցեև օբյեկտիվ պատճառներ ունի, բայց, մեր խորին համոզմամբ, ավելի շատ հրահրվում է «մի ճարպիկ սպեկուլյանտի» կողմից: Խոզի բդի գաղափարի շուրջ համախմբված հայրենակիցներիս նայելով դժվար է օգտագործել «ժողովուրդ» կամ «ազգ» եզրույթները:

Ամանորն այն տոնն է, որը մեր ողջ ժողովրդին ակնթարթորեն վերածում է ամբոխի՝ անկախ նրա կամքից ու ցանկությունից, կրթությունից, սկզբունքներից, նախասիրություններից ու մակարդակից: Իսկ ամբոխին անհամեմատ հեշտ է ղեկավարելը, եթե գիտես նրա թուլությունները: Համաձայնեք՝ որքան էլ մենք փորձենք ազատամիտ դառնալ կամ երևալ, մեր ազգի ամենաբնորոշ գծերից կամ թուլություններից մեկը ամոթն ու ուրիշների կարծիքի հետ հաշվի նստելն է: Նույնիսկ ամենաազատամիտ ու անկախ մարդիկ զերծ չեն սրանից, ինչն էլ նրանց ծուղակն է գցում: «Ինչ կմտածեն բարեկամ-ընկեր-ծանոթները, եթե մենք Ամանորին բոլորի նման չանենք, եթե փորձենք փոքր-ինչ ավելի զուսպ նշել կամ պարզապես բավարարվենք տոնական ընթրիքով». համոզված եմ` շատ-շատերն են այսպես մտածում և….նոյեմբերի կեսից արդեն սկսում ամանորյա գնումներ կատարել:

Այստեղ արդեն «օգնության է հասնում» մեկ այլ թուլություն` վախը, որի «բոլոր տարատեսակները ազդում են կախարդական փայտիկի պես»: Վախի տարատեսակներից մեզ գնումների, ավելորդ ծախսերի ու շռայլության է մղում հատկապես հարգանքը կորցնելու վախը: Ենթագիտակցորեն շատերը տոնական սեղանը իրենց իմիջի մի մասն են համարում, «սոցիալական ստատուս», մեկ տարվա հաշվետվություն իրենց ձեռքբերումների մասին:

Թող բոլորը տեսնեն և իմանան. չէ՞ որ ավելի հարմար առիթ չի լինի: Նույնիսկ եթե հպարտանալու առանձնակի պատճառ էլ չկա, տոնական սեղանը պետք է թվացյալ հաջողության պատրանք ստեղծի, հակառակ դեպքում կկորցնես հարգանքդ, իսկ, ինչպես պնդում է սոցիոհոգեբան Մասլոուն, նվաճումները, ուրիշների կողմից հարգվելը մարդու պահանջմունքների ստորակարգությունում կարևոր տեղ է զբաղեցնում:

Վախի տարատեսակներից Ամանորին հայրենակիցներիս «հալածում» է նաև ապագայի հանդեպ վախը: Երբևէ մտածե՞լ եք՝ ո՞վ է հորինել «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես ողջ տարին» արտահայտությունը: Ավելի ճիշտ՝ ոչ թե հորինել, այլ նյութական բովանդակություն հաղորդել այս կարծրատիպին, քանի որ մեր նախնիները այս արտահայտությունը ընկալել են զուտ հոգևոր իմաստով: «Մաքրագործման արարողությունները ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների շրթունքներին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը»,-կարդում ենք համապատասխան գրականության մեջ: Դժբախտաբար, տոնի խորհուրդը խեղաթյուրվել-նյութականացվել է այն աստիճան, որ բոլորս դարձել ենք ճակատագրապաշտներ. եթե ճոխ չնշես Ամանորը, ամբողջ տարի թշվառության ու կարիքի մեջ ես անցկացնելու: Կարծում եմ՝ այստեղ էլ «ճարպիկ սպեկուլյանտի մատը խառն է»:

Մի Ամանորի, ճնշելով ազգիս գենետիկ թուլություններն իմ մեջ, համեստագույն Նոր տարի կազմակերպեցի: Պատկերացնո՞ւմ եք՝ ընտանիքիս հետ ոչ մի աղետալի բան տեղի չունեցավ, բացարձակապես ոչինչ: Ու մտածում եմ՝ վախերով ու ամոթով շաղախված՝ ինչպե՞ս ենք մենք դիմավորում այս տոնը, որի խորհուրդը բոլորովին այլ է: Հա, ու դեռ ամոթի սեփական առիթները մեզ քիչ էին: Տարբեր ազգերից ինչ-որ սովորույթ «յուրացնելով»՝ մենք ամաչում ենք ավստրիացիներից ու ուկրաինացիներից՝ սեղանին խոզ/բուդ/ չդնելու համար, հնդկացիներից՝ հնդկահավ չտապակելու, չինացիներից՝ «Կարմիր դրակոն» չունենալու համար, կոկորդիլոսն էլ ձեզ նվեր:

Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ Գրիգորյան says:

    Այս նյութը հնարավորինս պետք է արագ տեղ հասցնել ԼԱՅՆ շերտերին, ազատել ամոթի ու անարգանքի կարմայից ու շտապ հանել խորովածաբդային դեպրեսիաներից:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031