Լրահոս
Օրվա լրահոսը

5 տարի ստրկության մեջ. «Շան տանջանքով աշխատացրին ու վերջում էլ փող չտվին»

Դեկտեմբեր 22,2014 11:35

«Ի՞նչ թրաֆիքինգ, էդ ինչ բառ ա, ինձ ուղղակի էշի պես աշխատացրին, գիշեր-ցերեկ, ո՛չ շոր առանք, ո՛չ կոշիկ, ո՛չ դուրս եկանք մարդամեջ, մենակ ասում էին աշխատեք, լիքը փող ենք տալու, տվին-բա չտվին: Վերջում էլ մենակ տոմս առան, ուղարկեցին Հայաստան, ասին գնա փողերդ կուղարկենք, ի՞նչ ուղարկել. ինձ կռուպնի ձևով քցին: Չնայած հոգու խորքում գիտեի, որ չեն ուղարկելու, ասի քանի շուտ ա փախնեմ»,-խաբված լինելու մտքի հետ չհամակերպվելով Արամը պնդում է իր տեսակետը, թեքում հայացքն ու փորձում ամեն կերպ թաքցնել աչքերի զայրույթն ու հիասթափությունը:

Հայաստանում կան համայնքներ , որոնք հայտնի են որպես «խոպանչիների» բնակավայրեր, քանի որ այստեղ ապրող մարդիկ դեռևս խորհրդային տարիներից էլ մեկնում էին արտագնա աշխատանքի, հիմնականում Ռուսաստան: Արամը, ում անունը տան անդամների խնդրանքով փոխված է, «հայտնի» խոպանչի է :

Տարիներ շարունակ նա ընտանիքի ապրուստը վաստակել է արտագնա աշխատանքի շնորհիվ: Սակայն տարիներ առաջ իր հետ տեղի ունեցածը երբեք չի մոռանում ու այդ մասին չի էլ սիրում բարձրաձայնել:

Աշխատանքային դաժան 5 տարիներից հետո հայրենի գյուղ վերադարձած 45-ամյա Արամի ստրկական աշխատանքի վկայությունը նրա տարիքով մեծ երևալն ու առողջության կորուստն է: Գյուղացիներն ասում են, որ երբ մեկնեց արտագնա աշխատանքի, հաղթանդամ տղամարդ էր` կշռում էր մոտ 120 կգ, իսկ հիմա այդ քաշից ոչինչ չի մնացել: Թոքերի հետ խնդիր ունի, դժվարությամբ է շնչում, շուտ է հոգնում, ֆիզիկական աշխատանք դժվարությամբ է կատարում ու անգամ խոտհունձին չի մասնակցում:

Արամի կինը՝ Լուսինեն, ասում է, որ 5 տարի շարունակ ոչ մի լուր չի ունեցել ամուսնուց:

«Սկզբում մեկ-երկու անգամ զանգեց, հետո զանգերն էլ դադարեցին, ինչ ասես մտքովս անցնում էր, բայց ամենաշատը մտածում էի, որ ռուս կին է ճարել ու մեզ մոռացել, չէի պատկերացնի, որ նրան էդ ձևով կաշխատացնեն ու էսպես հալից ընկած հետ կուղարկեն»,- պատմում է կինը:

Սակայն Արամի հետ պատահածը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, երբ աշխատանքային միգրանտները՝ ընկնելով ծուղակը, հավատալով ճոխ խոստումներին` պարզապես շահագործման են ենթարկվում արտերկրում: Արամն աշխատանքային թրաֆիքինգի զոհ է դարձել Ռուսաստանի Դաշնությունում:

Նա պատմում է, որ երբ փող էին ուզում գործատուից, ասում էր, որ փող կստանան գործի վերջում, սակայն գործին ո՛չ սկիզբ կար, ոչ՝ վերջ:

«Ես երկու տարի հետո զգացի, որ էդ մարդը մեզ փող տվող չի, բայց ասում էի ափսոս ա էսքան աշխատել եմ ու հիմա փող չստացած թողեմ գնամ տուն, ոնց նայեմ տնեցիքիս երեսին: Ու էդպես էլ մնացի ևս երկու տարի ու տաժանակիր աշխատանք արեցի,-ասում է տղամարդն՝ այդպես էլ չբացելով փակագծերը, թե ինչ աշխատանք է կատարել,-չեմ ուզում պատմեմ, ամաչում եմ, թող էդ էլ իմ գաղտնիքը մնա»:

Կինը պատմում է, որ ամուսնուն խոստացել էին բարձր վարձատրվող աշխատանք, ինչին հավատացել էր Արամն ու գնացել:

«Որ ներս մտավ չճանաչեցի, շատ էր նիհարել… Սկզբում ցույց էր տալիս , որ շատ ուրախ է: Ասում էր գնանք տան համար ապրանքներ առնենք, երեխեքին լիքը շորեր, ասում էի ո՞նց, ասում էր դու դարդ մի արա, հեսա փողս կգա… Աչքս մնաց փողի ճամփին սպասելով, անաստվածը չուզեց մեզ հյուր գա…»,- ծիծաղն ու զայրույթը խառնելով իրար պատմում է Լուսինեն ու հավելում, որ սկզբում անընդհատ ամուսնուն հարցեր էր տալիս, թե ուր է՞ր կորել, ինչի 5 տարվա մեջ 5 անգամ չզանգեց, ինչի՞ փող չուղարկեց, բայց այդ հարցերից ոչ մեկն այդպես էլ պատասխան չէին ունենում:

Արամն ընդհատում է կնոջը, չի ուզում, որ կինը խոսի, վիրավորված է իրեն զգում, որ մի ինչ-որ երիտասարդ տղա կարողացավ իր նման տղամարդուն «քցել»:

Արամի դեմքը խոսելիս այլայլվում է և իրար սեղմված ատամների արանքից, վիրավորանքը հազիվ հաղթահարելով, արտաբերում, որ այդ տարիներին «շան տանջանքով է աշխատել», ո՛չ գիշեր է ունեցել, ո՛չ՝ ցերեկ, ո՛չ էլ նորմալ սնվել ու հագել է, այն հույսով որ շատ փող կաշխատի ու ընտանիքին կկարողանա նորմալ ու բարեկեցիկ կյանք ապահովել:

«Դուք չեք պատկերացնի ինչ վատ բան ա, երբ ամեն ինչ անում ես, որ ընտանիքդ լավ ապրի ու կանգնում ես կոտրած տաշտակի առաջ: Տո որ փող չես ունենում կնկադ ու երեխիդ աչքից ես էլ ընկնում: Դեմն եմ ասում, սկզբում չէր հավատում, ասում էր հաստատ ռուս աղջիկների հետևից ես ընկել ու տված փողերդ էլ քոռ ու փուչ ես արել, դե արի բացատրի թե դու ինչ կյանքով ես ապրել,-ասում է Արամն ու հավելում, որ որևէ կերպ չի կարող իր կատարած աշխատանքի դիմաց խոստացված գումարը ստանալ, քանի որ աշխատանքային պայմանագիր չի ունեցել,-իրանք մեզ տեղ էին տվել մնալու ու վարձի փող չէին ուզում, սկզբում ասում էի, բա ամոթ չի պայմանագիր կնքեմ ու էդ մարդը մեր համար հարկ մուծի …Էս տարի էլ որոշեցի գնայի փողերիս հետևից էն էլ դեպորտ արին հետ էկա ու հիմա էլ անգործ նստած եմ…չնայած առողջություն էլ չունեմ, որ մի բան անեմ»:

Հայաստանում, որտեղ սոցիալական ծանր պայմանների հետևանքով բավականին մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողներն ու մեծ է աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվելու վտանգը, թրաֆիքինգի մասին, որը զենքի և թմրանյութերի վաճառքից հետո դարձել է աշխարհում ամենաշահութաբեր կազմակերպված հանցատեսակը և կարող է սպառնալ յուրաքանչյուրին՝ անկախ սեռից, տարիքից, սկսեցին խոսել 2002-ից, երբ Ամերիկայի Միացյալ նահանգների Պետքարտուղարության «Աշխարհում թրաֆիքինգի իրավիճակի մասին» տարեկան զեկույցում Հայաստանն ընդգրկվեց 3-րդ կարգի երկրների շարքում, որտեղ ընդգրկվում են թրաֆիքինգին ուշադրություն չդարձնող և կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնող երկրները:

Սակայն նույն տարում Հայաստանում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ակտիվ գործունեության շնորհիվ 2012-ից ի վեր Հայաստանն արդեն ընդգրկվում է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի առաջին խմբում, որտեղ այն երկրներն են, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները:

«Տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որը գտնվում է առաջին խմբում. մեր մոտակա երկրներից միայն Չեխիան, Լեհաստանը և Սլովակիան են, որ այս խմբի մեջ առաջին խմբում են ընդգրկված»,-ասում է Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:

Թեև Արամը դժվարությամբ ընդունում է, որ իրեն խաբել և շահագործել են, սակայն ոչ մի կերպ չի ընդունում, որ թրաֆիքինգի զոհ է և չի պատրաստվում դիմել իրավապահ մարմինների օգնությանը:

Առհասարակ, Հայաստանում թրաֆիքինգի զոհերը, հատկապես տղամարդիկ, սովորաբար խուսափում են իրավապահ մարմիններին դիմելուց, քանի որ շատ հաճախ նրանց այդ քայլին ուղղորդում են ծանոթ-բարեկամները, կամ էլ վախենում են հասարակության արձագանքից ու օտարումից:

«Դժվար է ասել, թե թրաֆիքինգի ենթարկվածների քանի տոկոսն է դիմում իրավապահ մարմիններին: Հայաստանի բավական զոհակենտրոն քաղաքականություն է տանում, եթե զոհը չի ցանկանում, նրան ոչ ոք չի կարող ստիպել աշխատել իրավապահների հետ: Այլ հարց է, որ ոստիկանությանը չեն վստահում, ստերեոտիպ է, որից ոստիկանությունը չի կարողանում ազատվել, սակայն պետք է նշենք, որ թրաֆիքինգի պարագայում աշխատում են շատ գրագետ ոստիկաններ, պատահական ոստիկան չկա»,-ասում է 2003-ին հիմնադրված «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ՀՀ Կառավարությանն առընթեր թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի աշխատանքային խմբի անդամ Արզուման Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ որպես օրենք զոհերը հիմնականում կանայք են լինում և կանայք ավելի շատ են խոսում այդ մասին, իսկ տղամարդկանց դժվար է խոստովանելը, որ իրենք ենթարկվել են թրաֆիքինգի:

«Կար տղամարդ Չարենցավան քաղաքից, որ իրապես թրաֆիքինգի զոհ էր, սակայն չէր ընդունում, ասում էր ո՞նց, ձև չկա ես լինեմ զոհ ու փոխանակ օգներ իրավապահներին բացահայտել դեպքը, դեռ մի բան էլ կոծկում էր, տեղեկատվություն չէր տալիս, քանի որ տղամարդկային արժանապատվությունը թույլ չէր տալիս ընդունել իր հետ կատարվածը»,-ասում է Հարությունյանը՝ հավելելով, որ այժմ հանրապետության միգրացիոն հոսքերի հետևանքով շատ լուրջ խնդիր է աշխատանքային թրաֆիքինգը, ուստի հարկավոր է առավել աչալուրջ լինել:

Թրաֆիքինգի դեմ պայքարի կարևորագույն օղակներից է տեղեկատվության տարածումը, ինչի շնորհիվ, ըստ Հարությունյանի՝ իրազեկվածությունը բերել է նրան, որ մարդիկ արդեն աշխատանքի, ուսման առաջարկ ընդունելուց առաջ մտածում են, ուսումնասիրում են, որպեսզի խուսափեն թրաֆիքինգից ու կան բազմաթիվ դեպքեր, երբ իրազեկվածության շնորհիվ նրանք չեն ընկել այդ թակարդը:

«Իհարկե հնարավոր չէ ամբողջ աշխարհում իսպառ վերացնել թրաֆիքինգը, սակայն հնարավոր է դրա դեպքերը նվազեցնել: Հայաստանում թրաֆիքինգը կանխելու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ փոքր երկիր է, պաշտպանված է: Սակայն Հայաստանում միգրացիան է շատ, սոցիալական վիճակն է վատ, մարդիկ թրաֆիքինգի են ենթարկվում սոցիալական վատ վիճակից ելնելով, սոցիալական խնդիրները շատ են իջեցնում զգուշության շեմը, իրենց աչքին այլևս բան չի երևում, երեխան սոված է, բացի այդ բոլորին թվում է, թե իրենց հետ չի կարող նման բան լինել»,-ասում է Հարությունյանը:

Արամը, փորձում է ջնջել իր կյանքի այդ հինգ տարիները, չնայած առողջական խնդիրներն անդադար հիշեցնում են.

«Երեխաներս, կինս ինձ ուժ տվեցին, որ ես նորից ապրեմ նորմալ, մարդկային կյանքով: Ինձ այլևս հարցեր չեն տալիս ու չեն ուզում հիշեցնեն այդ չարաբաստիկ տարիների մասին: Այսքան տարի է անցել ու ես առաջին անգամ խոսեցի դրա մասին, մենակ մի բան կասեմ, երբ ձեզ շատ փող են առաջարկում աշխատանքի դիմաց մտածեք, որ մի բան այն չէ»,- զգուշացնում է նա:

Արմինե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

 Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected] Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Տղա չեն,հեչ տղա*չեն:Մի ժանգոտ երկաթի կտոր էլ չկար փոր խառներ:Կյանքի համար էր վախենում, որ ինչ աներ էդ ստրուկի անպատվությունը:Վախկոտ մորթապաշտներին խղճալը սխալ է:Արա, տո թքած էս կյանքի վրա էլ, էդ ինչ մի հրաշք է, որ դողում են, տղեն ամեն տեղ պիտի ճիշտ տղա լինի և էս աշխարհում և էն, դաժե դժոխքի ճամփին պիտի ճիշտը հետը լինի:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ռուսաստան = քաղաքակրթության աղբարկղ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031