Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. «Մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ»

Դեկտեմբեր 22,2014 15:30

Ինչպես են պայծառ գաղափարները չարիք դառնում

Եվրոպական արժեքների արմատները փնտրելով՝ մենք սովորաբար նշում ենք Հին Հունաստանում մշակված ժողովրդավարության մոդելը, Հին Հռոմում ստեղծված իրավունքի սկզբունքները, ինչպես նաեւ քրիստոնեությունը: Նույնիսկ ամենածայրահեղական ռուսաստանյան ու ռուսամետ քարոզիչները, որոնք Եվրոպան անվանում են գեյ-րոպա (իբր միասեռականների որջ), իսկ լիբերալներին՝ լիբերաստներ (նույն ակնարկով), նույնիսկ նրանք սերում են այդ արմատներից: Որովհետեւ այդ արժեքներն ինքնին ինչ-որ քաղցր եւ համով բան չեն՝ դա աշխարհայացքի հիմք է, որի վրա սարքած վերնաշենքը կարող լինել ե՛ւ գեղեցիկ, ե՛ւ տգեղ: Ճիշտ այդպես իսլամի հետեւորդը կարող է լինել բարի եւ առաքինի մարդ, իսկ կարող է դառնալ «Իսլամական պետության» մարտիկ: Ահաբեկիչներ կան անգամ բուդդիստների մեջ:

Ցանկացած արժեք հնարավոր է խեղաթյուրել եւ հասցնել կատարյալ անհեթեթության, ինչպես, օրինակ, մեր կյանքի օրոք խեղկատակության էր վերածվել կոմունիզմի, ընդհանուր առմամբ, մարդասիրական գաղափարը: Քրիստոնեությունն այդ առումով բացառություն չէ: Ընդ որում, մտքերը կարող են խեղաթյուրվել դրանք արտասանելու, կարելի է ասել, հաջորդ իսկ պահին:

Պողոս առաքյալը, օրինակ, իր պարտքն էր համարում հեթանոսներին դարձնել քրիստոնյա եւ այդ նպատակով քարոզում էր տարբեր քաղաքներում, այդ թվում նաեւ՝ Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Այդ քարոզների հիման վրա հետագայում ծնվեց նրա «Թուղթը Եփեսոսցիներին», որը նա գրել էր Կեսարիայում կամ Հռոմում՝ 63 թվականին: Առաքյալը, մասնավորապես, գրում էր. «Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. Որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Էփես, 6.11,12): Նրանք, ովքեր թեկուզ մակերեսորեն ծանոթ են Ավետարանին, այդ թվում՝ Պողոս Առաքյալի Թղթերին, հասկանում են, թե ինչի մասին է խոսքը՝ պայքարեք չարիքի դեմ, ոչ թե մարդկանց դեմ, ովքեր բռնկված են այդ չարիքով:

Բայց արի ու տես՝ դարձի եկած Եփեսոսի բնակիչները, ի պատասխան այդ քարոզի, սկսեցին այրել իրենց՝ մինչ այդ գրված գրքերը, որոնք, ինչպես պարզվում է, «սխալ» բաներ են քարոզել: Այսինքն՝ ժամանակակից լեզվով ասած, որպեսզի «սխալ» ֆայլերը մարդկանց չապակողմնորոշեն, դրանք delete էին արվում (ոչնչացվում էին): Մինչդեռ քրիստոնեական արժեքների ոգուն, իմ կարծիքով, կհամապատասխաներ թողնել մարդկանց հայեցողությանը՝ հասկանալու՝ այդ գրքերը վնասակա՞ր են, թե՞ ոչ: Թե չէ՝ արհեստականորեն «ոչնչացված» գաղափարները հատկություն ունեն անսպասելի տեղից կրկին «բուսնելու» եւ ավելի վտանգավոր դառնալու: Որովհետեւ թիրախը պետք է լինեն ոչ թե մարդիկ կամ նրանց գրքերը, այլ չարիքը, որը նրանք կարող են ծնել:
Որպես այդ ավանդույթի շարունակություն՝ 680 թվականին 6-րդ տիեզերական ժողովը որոշում էր ընդունել այրել այն գրքերը, որոնք «սխալ ձեւով» են պատմում քրիստոնյա նահատակների մասին: Շատ նման է ներկայիս ռուսաստանյան իշխանությունների որոշմանը՝ արգելել այն գրքերը, որոնք «խեղաթյուրում են պատմությունը», մասնավորապես՝ Մեծ հայրենական պատերազմը, ինչով եւ զբաղվում է հատուկ հանձնաժողովը:

Գիրք այրելու ավանդույթն, իհարկե, զուտ «եվրոպական» չէ: Դեռեւս մ.թ.ա. 3-րդ դարում այդպիսի հրաման է տվել Չինաստանի կայսր Ցին Շի Խուանը, որը նաեւ հրամայել էր կենդանի թաղել «սխալ տեքստերի» հեղինակներին: Օրինաչափ է, որ ի վերջո այդ կայսերը գահընկեց արեց անգրագետ զանգվածների «համաժողովրդական շարժումը»: 18-րդ դարում էլ օրթոդոքս հրեաները այրում էին իրենց ազգակից՝ փիլիսոփա Մոզես Մենդելսոնի (հայտնի կոմպոզիտորի պապու) գրքերը:

Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է «վնասակար ֆայլերը» ոչնչացնելու «եվրոպական» (իրականում՝ հակաեվրոպական, հակաքրիստոնեական) ավանդույթը: Այդ հարցում 15-րդ դարում աչքի էր ընկել Ֆլորենցիայի բռնապետ Սավոնարոլան, որն ազնվականների տներ էր ուղարկում իր պատանի «ակտիվիստներին», վերջիններս առգրավում էին երաժշտական գործիքներն ու աշխարհիկ գրքերը, այդ թվում նաեւ՝ Բոկաչոյի «Դեկամերոնը», եւ այրում էին այդ ամենը: Դե, իսկ գերմանական նացիստների խարույկներն այդ առումով դասական օրինակ են դարձել:

Այդ երեւույթները, կրկնեմ, տեղի են ունեցել «եվրոպական մշակույթի» շրջանակներում՝ հակասելով դրա լավագույն դրսեւորումներին: Այդպես է լինում, երբ մարդիկ վերցնում են մի գաղափար ու բացարձակացնում, ծայրահեղականացնում են այն՝ ստեղծելով, ի վերջո, այդ գաղափարի ճիշտ հակապատկերը: Չարիքի դեմ պայքարն այդպիսով դառնում է չարիք:

…20-րդ դարի վերջում հայ մտավորականներն այրում էին Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գիրքը, որովհետեւ այնտեղ խոսվում էր Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Գրքեր այրելու մի քանի վառ օրինակ էլ ես յիշեցի:

    Ա. Համաձայն Հին Կտակարանի՝ Երեմիան մարգարէացաւ եւ Բարուքի միջոցով մի թուղթ գրեց, որ կանխորոշում էր Յուդայի եւ նրա թագաւոր Յովակիմի կործանումը (Երեմիա 36):
    Արքան, կարդալով մագաղաթը, այն պարզապէս այրեց ու հրամայեց բռնել նրանց:

    Իսկ թէ ինչպէս պատժուեց դրա համար կարդում ենք մի այդ գլխի վերջում՝
    «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դաւթի աթոռին, եւ նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տօթի, իսկ գիշերը՝ ցրտի մէջ» (Երեմիա 36:31)

    Բ. Ինչպիսի՜ խանդավառութեամբ էին այրում Աքրամ Այլիսլիի գրքեր Գանձակ քաղաղքում: Սա այն օրինակն է, որ նոյնսիկ տեսագրութիւն ունի՝
    https://www.rferl.org/content/azerbaijani-writer-books-burned-akram-aylisli/24898784.html

    Գ. Հսկայական ծաւալի գրականութիւն ոչնչացուեց Պարսկաստանում կրօնափոխութեան՝ իսլամին անցնելու ժամանակ: Յիշո՞ւմ էք՝ մի յայտնի մահմեդական ասում էր. «Եթէ այդ գրքերը դէմ են Ղուրանին, ապա այրել: Իսկ եթէ դէմ չեն, ապա աւելորդ են, նորից այրել»:
    Պարսկական գրականութեան այրումը բազմաթիւ խնդիրներ առաջացրեց, մասնաւորաբար, ստուգաբանութեան ասպարէզում: Պահլաւերէն բազում բառեր ստուգաբանելիս, այնուամենայնիւ, օգնութեան եկաւ հայերէնը:

    Դ. Անասելի ցաւով պիտի նշեմ, որ ահռելի մշակութային շերտ ոչնչացուեց նաեւ Հայաստանում քրիստոնէական դարձի պատճառով: Կորուստն անդառնալի է: Ու փափագս է, որ մի օր մեր Եկեղեցին, որի զաւակն եմ եւ ես, այնքան առաջադէմ լինի, որ Կաթողիկոսը ներողութիւն հայցի հայ ժողովրդից:

    Յ.Գ. Պարոն Աբրահամեան, ՕՐԹՈԴՈՔՍ բառի փոխարէն ես կը գրէի ՈՒՂՂԱՓԱՌ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031