Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր դաշտի գրավումը

Դեկտեմբեր 22,2014 12:00

Թեժ աշուն չստացվեց: Թեպետ հեղափոխության թեման շատ շոշափվեց, իրական որեւէ թեժություն ի հայտ չեկավ: Բայց եթե ասենք՝ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած էր, դա էլ ճիշտ չի լինի:

Ընդդիմությունը նախ մարզերում հանրահավաքներ արեց, այնուհետեւ՝ մայրաքաղաքում: Ճիշտ է, աշնանամուտին ոչ իշխանական քառյակը եռյակի վերածվեց, բայց Դաշնակցության՝ եռյակից դուրս գալուց հետո եռյակին գումարվեցին Տիգրան Կարապետիչը եւ ուրիշներ: Համոզված ենք, որ առաջիկայում ուրիշ գումարվողներ էլ կլինեն:

Հեղափոխական շտաբներն առայժմ չեն ստեղծվել, բայց համաձայնվեք, որ էս էտապում կարեւորը գաղափարն է:

Եթե համաձայնվեք, որ էս էտապում կարեւորը գաղափարն է, դուք էլ չեք դժգոհի ընդդիմությունից եւ նախատոնական էս օրերին ավելորդ տեղը չեք նվնվա ու չեք տրտնջա:
Էս էտապում, պարզվում է, կարեւորը ընդդիմադիր դաշտի գրավումն էր: Հիմա արդեն կարելի է արձանագրել, որ ընդդիմադիր դաշտը գրավված է ԲՀԿ-ի եւ կողքինների կողմից: Դեմները, փաստորեն, խաղ չկա: Հիմա, ինչպես արդեն ասել ենք, կենտրոնը ոչ թե Կարապետիչն է, այլ ԲՀԿ-ն ու անձամբ Ծառուկյանը:

Նախախորհրդարանի ձայնը ոնց որ թե չի լսվում: «Սարդարապատինն» ու Սեֆիլյանինը՝ նույնպես: Երիտասարդ քաղաքացիականներինը՝ նմանապես:

Նիկոլի ու Զարուհու միավորումն էլ կարծես թե չի ստացվում: Նիկոլը, ճիշտ է, իմպիչմենտի գաղափարն արծարծեց, բայց Նիկոլի իմպիչմենտի գաղափարն անմիջապես ջրվեց, ընդ որում՝ առաջին հերթին հենց ընդդիմության կողմից, եւ նույնիսկ Զարուհին առանձնապես չողջունեց Նիկոլի իմպիչմենտի գաղափարը: Ավելին՝ ընդդիմության մեջ գտնվեցին մարդիկ, որոնք Նիկոլի իմպիչմենտի գաղափարը կապեցին «Բաղրամյան 26»-ի հետ:
Մի քանի խոսք «Բաղրամյան 26»-ի մասին:

Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի իշխանության տարիներին էլ էր նախագահի նստավայրի հասցեն «Բաղրամյան 26», բայց, չգիտես ինչու, այդ հասցեն այսքան հաճախակի չէր նշվում ու շեշտվում: Հիմա «Բաղրամյան 26-ը», փաստորեն, դարձել է քաղաքական տերմին, եւ հատկապես ու մանավանդ ընդդիմությունը «Բաղրամյան 26» ասելով՝ դրա տակ ավելին է հասկանում ու նկատի ունենում, քան սոսկ հասցե: Այսինքն՝ ընդդիմությունը քաղաքական տերմինաբանության առումով որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կրել է, եւ անձերն էլ են փոխվել, մինչդեռ ընդդիմության էությունն ու ձեռագիրը նույնն են մնացել. առաջվա պես ամեն տարի էլի թեժ աշուն են խոստանում, եւ ամեն տարվա աշնանը որեւէ թեժություն չավելացնելով՝ փափուկ ու խաղաղ ընթացքով տեղափոխվում ու ժողովրդին էլ հետները տեղափոխում են նոր տարի՝ հեղափոխությունն ու ամեն թեժություն գարնան կողմ տեղափոխելով, եւ եթե հաշվի առնենք, որ հայաստանյան իրականության մեջ բոլոր կարգի հեղափոխություններն ու հեղաշրջումները հիմնականում գարնանամուտին են տեղի ունեցել, պիտի ընդունենք, որ այս մի հեղափոխությունը գարուն տեղափոխելն էլ է միանգամայն տրամաբանական, չնայած, այնուամենայնիվ, էս ասածիս մեջ անտրամաբանական բան կա. չնայած մեզանում հեղափոխություններն ու հեղաշրջումները հիմնականում գարնանն են տեղի ունենում, բայց մեր ընդդիմադիրները մշտապես «թեժ աշուն» են խոստանում, այլ ոչ թե «թեժ գարուն»:
Իսկ այս աշունը հերթական անգամ թեժ չստացվեց, որովհետեւ, ինչպես արդեն պարզ դարձավ, մեր ընդդիմության այս տարվա պայքարի նպատակը ոչ թե իշխանության գրավումն էր, այլ ընդդիմադիր դաշտի գրավումը, որը, պիտի խոստովանենք, բավական հաջող ստացվեց:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    “Նախախորհրդարանի ձայնը ոնց որ թե չի լսվում: Սարդարապատինն ու Սեֆիլյանինը՝ նույնպես:”

    Ծիծաղելի բառեր են։ Սարդարապատ շարժումը հիմնել է Սեֆիլյանը, Նախախորհրդարանը դրա հաջորդ փուլն է։ Այժմ ձևավորվում է Հիմնադիր խորհրդարանը, որը Նախախորհրդարանի հաջորդ փուլն է։ Գրեթե ամեն շաբաթ իրազեկման ավտոերթեր են տեղի ունենում դեպի մարզեր։ Էլ ի՞նչ ձայն է ուզում լսել հեղինակը։ Եթերը փակ է Նախախորհրդարանի առաջ, իսկ մամուլը գրեթե չի լուսաբանում։ Մի՞թե այս ամենից տեղյակ չէ հեղինակը։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031