Մասիսի դատարանում, դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվում է Սուսաննա Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Մինչ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան գործն ուղարկելը, այն գտնվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, ապա պարզվել է, որ այն ընդդատյա է մարզի դատարանում լսվելու:
Այս տարվա հունիսի 6-ի դատական նիստում, ամբաստանյալի պաշտպան Ս. Հարությունյանը միջնորդել է քրեական գործն ըստ ընդդատության ուղարկել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, քանի որ կատարված հանցագործության վերաբերյալ տուժող Ռ. Սմբատյանը 13.03.2013թ. հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում, նույն բաժնի հետաքննիչ Ա. Օրդակյանի կողմից 29.04.2013թ. որոշում է կայացվել Ռ. Սմբատյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերն ըստ ենթակայության Կենտրոնի քննչական բաժին ուղարկելու մասին:
Չգիտես ինչու, ընդդատության կանոնների խախտմամբ գործն ուղարկվել էր Երեւանի Շենգավիթ վարչական տարածքի քննչական բաժին: Դրա հիման վրա էլ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից իրականացվել է հսկողություն, հաստատվել մեղադրական եզրակացություն:
Ըստ գործի նյութերի, 2012թ. փետրվարի 17-ին Սուսաննա Բարսեղյանը Ռաիսա Վլադիմիրի Սմբատյանին 4 ամիս անց մարելու պայմանով ամսական 5.95 տոկոսադրույքով տրամադրել է 2.296.634 ՀՀ դրամին համարժեք 5.900 ԱՄՆ դոլար եւ 7.830.000 ՀՀ դրամ գումար, որի դիմաց վերջինիս պատկանող, Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 10 տունը փոխառության եւ անշարժ գույքի գրավի խառը պայմանագրով գրավադրել է Սուսաննա Բարսեղյանի անվամբ՝ պայմանագրում նշելով, թե իբր փոխառությամբ Ռ. Սմբատյանին է տվել 12.538.800 ՀՀ դրամ գումար, որում իրականում հաշվարկել է 4 ամսվա տոկոսները, ինչից հետո Ս. Բարսեղյանը դիմել է դատարան եւ տիրացել Ռ. Սմբատյանի նշված տանը:
Սուսաննա Բարսեղյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ վաշխառության համար:
Վաշխառության մեղադրանքին պաշտպանական կողմը համաձայն չի եղել, իսկ մեղադրանքի կողմի համաձայն՝ «վաշխառության համար կարեւոր պայման է հանդիսանում անձի կողմից ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը»:
Ըստ գործի նյութերի, «ամբաստանյալը տուժողից տոկոսագումարներ չի ստացել, ստացման ենթակա տոկոսագումարները ներառված են եղել փոխառության պայմանագրում եւ քանի որ վերջինս գրավադրված տունը գնել է նույն գումարով, որը առկա է փոխառության պայմանագրում, ուստի նման պայմաններում վաշխառության հանգամանքը ավարտված է համարվում ամբաստանյալի կողմից տուժողի տանը տիրանալու պահից, այսինքն` Արարատի մարզի տարածքում, որտեղ եւ գտնվում է տունը»:
Ա. Հ.
«Առավոտ» օրաթերթ
20.12.2014