ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» եւ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, պրոֆեսոր… այսքանով չեն սահմանափակվում հայկական բալետային արվեստի երախտավոր Վիլեն Գալստյանին տարբեր ժամանակներում Հայաստանում եւ արտերկրում շնորհված պարգեւներն ու կոչումները: Օրերս դրանց ավելացավ եւս մեկը. Մոսկվայի Կրեմլի պալատում կայացած «Համաձայնություն» առաջին մրցանակաբաշխության ժամանակ անվանի բալետի արտիստին եւ խորեոգրաֆին շնորհվեց ռուսական բալետի պարուհի, պարուսույց եւ ուսուցիչ, մեծանուն Ագրիպինա Վագանովայի մրցանակը:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Վիլեն Գալստյանը հայտնեց, որ մրցանակաբաշխության հեղինակներն են Ռուսաստանի հայերի միությունը եւ այսուհետ Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնած մրցանակն ամեն տարի կշնորհվի անձանց, ովքեր ծանրակշիռ ներդրում ունեն մեր երկրի մշակութային, քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքի զարգացման գործում: «Միջոցառումն ուղղված էր հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բազմադարյա եղբայրական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը,- նշեց մեր զրուցակիցը եւ հավելեց,- իսկապես մեծ անակնկալ էր, որ մրցանակն ինձ հանձնեց լատվիացի ճանաչված բալետի արտիստ, խորեոգրաֆ եւ կինոդերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Անդրիս Լիեպան, որի հոր՝ հռչակավոր բալետի արտիստ Մարիս Լիեպայի հետ ժամանակին հյուրախաղերով հանդես ենք եկել արեւմտյան թատրոններում, միայն երկու անգամ բեմ բարձրացել Նյու Յորքի «Մետրոպոլիտենում»: Հաճախ եմ եղել նրանց տանը, բայց հուզիչ էր նաեւ մրցանակի հետ գործընկերոջս՝ Մարիսի բեմական-ստեղծագործական կյանքին նվիրված 4 գրքերը ստանալը: Իսկ ընդամենը 2 րոպեի ընթացքում Անդրիսն ինձ այնպե՜ս ներկայացրեց, որ մի պահ ինձ թվաց, թե հայերն այդքան բան չգիտեն իմ մասին…»:
Մինչ օրս Վիլեն Գալստյանի արվեստին գրքի տեսքով անդրադարձ չի եղել: Մինչդեռ նա 1968թ. մասնակցելով Վառնայում աշխարհում առաջին անգամ կայացած դասական պարարվեստի համաշխարհային մրցույթին՝ շահեց առաջին մրցանակ եւ ոսկե մեդալ: Տարբեր առիթներով հիշատակվում են նրա մենապարերը Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե», Ադանի «Ժիզել», Չայկովսկու «Կարապի լիճը» բալետներում, Էդ. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» եւ «Անտունի» ներկայացումներում, «Սասունցի Դավիթ» օպերա-բալետում եւ այլն: Արտիստը նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարում. հատկապես նշենք Փարաջանովի «Նռան գույնը»: Պրոֆեսորը տարիներ շարունակ ծավալել է մանկավարժական գործունեություն Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում ու Պարարվեստի պետական քոլեջում: Սկսած 1961թ.՝ Վիլեն Գալստյանը որոշ ընդհատումներով հանդիսացել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը:
Այս տարվա գարնան վերջին նա կրկին հրավիրվեց թատրոն: Ի դեպ, Վիլեն Գալստյանը բեմադրություն է իրականացրել նաեւ արտերկրում, այդ թվում՝ Մոսկվայի, Վրաստանի, Մոնտեվիդեոյի եւ Արգենտինայի թատրոններում: Մեր օպերային թատրոնում նրա բեմադրությամբ տարբեր թվերին բեմ են բարձրացել Մանսուրյանի «Ձյունե թագուհի», Լ. Ճգնավորյանի «Օթելլո», Մինկուսի «Դոն Կիխոտ», Ա. Խաչատրյանի «Սպարտակ» եւ այլ ներկայացումներ:
Կարդացեք նաև
Արվեստագետի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ ընթացիկ թատերաշրջանում համեստորեն մի կողմ դնելով իր եսը, նախ մեծ ցանկություն ունի վերականգնելու ինչ-ինչ պատճառներով մեր օպերային թատրոնի խաղացանկից դուրս մնացած Ադանի «Ժիզելը», Բիզե-Շչեդրինի «Կարմենը», «Լորկիանան»: Դրանից հետո միայն Վիլեն Գալստյանը սեփական խորեոգրաֆիայով հանդիսատեսին կներկայանա Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային ներկայացմամբ, որը կնվիրվի Լերմոնտովի ծննդյան 200-ամյակին (հայ կոմպոզիտորն այս երաժշտությունը գրել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար):
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.12.2014