Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի մրցանակը պետք է ստանա հաղթող քաղաքային համայնքի ղեկավարը

Դեկտեմբեր 22,2014 12:30

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունում ամփոփվեցին ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն մարզական բակ» ստուգատեսի, ինչպես նաեւ ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի արդյունքները:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որը հանրապետությունում ամենամասսայական այս մարզական միջոցառումների անցկացման հիմնական կազմակերպիչն ու պատասխանատուն է, ողջունելով հաղթող եւ մրցանակակիր դարձած վարչական միավորների ղեկավարներին, նշեց, որ անցած յոթ տարիներին, ինչ մեկնարկել են այս միջոցառումները, նախարարությունը, որդեգրելով մարդու առողջությունը բարձրագույն արժեք է կարգախոսը, իր առջեւ խնդիր է դնում տարեցտարի ապահովել պետական բյուջեով նախատեսված այս մասսայական միջոցառումներին մասնակցության աճը, որն իրականություն է դառնում ՀՀ նախագահի ամենօրյա ուշադրության ու գործնական աջակցության շնորհիվ: Ու դրա գործնական վկայությունն են նաեւ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք», «Նախազինակոչային եւ զինակոչային տարիքի ռազմամարզական խաղերը», որոնց աշխարհագրությունն ու մասնակիցների քանակը տարեցտարի բազմապատկվում են:

Ըստ անվանակարգերի, մրցանակները հաղթող վարչական միավորների ղեկավարներին հանձնեց նախարար Գաբրիել Ղազարյանը: «Լավագույն քաղաքային մարզական համայնք» անվանակարգի հաղթող Գյումրի քաղաքի մրցանակը ստանալու՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի զբաղված լինելու պատճառով եկել էր անցյալում հայտնի բռնցքամարտիկ Մեխակ Ղազարյանը: Փոխնախարար Խաչիկ Ասրյանը նկատեց. «Անձամբ իմ անունից Գյումրիի քաղաքապետին փոխանցեք, որ ճիշտ կլիներ՝ նա անձամբ գար եւ ստանար ՀՀ նախագահի մրցանակը, առավել եւս, որ այն շնորհվում է հաղթող քաղաքային համայնքին: Ի՞նչ է նշանակում՝ քաղաքապետը զբաղված է: Ես բոլորիդ եմ դիմում եւ խոսում եմ որպես յոթ տարի ձեզ հետ համագործակցող մարդ, ընկեր: Ես Գյումրիի քաղաքապետին եւ մյուս համայնքների ղեկավարներին լավ ճանաչում ու հարգում եմ: Բայց իմ համար նշանակություն չունի, թե որ համայնքի ղեկավարն ով է, կուսակցական ինչ պատկանելություն ունի: Եվ բոլորիդ կոչ եմ անում հանրապետության նախագահի մրցանակին լուրջ, շատ լուրջ վերաբերվել», – ասաց փոխնախարարը: Իսկ արարողության վերջում Խաչիկ Ասրյանը նախագահի դրամական մրցանակ ստացած համայնքների ղեկավարներին հորդորեց միջոցները տրամադրել բացառապես տեղերում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորմանը եւ դրա համար պայմաններ ստեղծելուն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031