Լրահոս
Օրվա լրահոսը

Եհովայի վկաներին հաջողվել է համոզել, որ պատվաստվեն

Դեկտեմբեր 21,2014 15:41

Ուկրաինայից եկած ընտանիքի 11 երեխան էլ պատվաստված չէին

Ուկրաինայից Հայաստան եկած ընտանիքն ունի 11 երեխա, սակայն նրանցից որեւէ մեկը պատվաստումներ չի ստացել: Երեխաների ծնողները որեւէ կերպ չեն համաձայնել երեխաներին պատվաստելու: Այսօր այս մասին Ծաղկաձորում, լրագրողների համար կազմակերպված երկօրյա դասընթացի ժամանակ, ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Ծնողներն ինչ-որ կրոնական կազմակերպությանն են հարել այդ պատճառով էլ երեխաների պատվաստումը նրանց համար անընդունելի է եղել: Պատվաստվելու գլխացավանքից ազատվելու համար ընտանիքը կրկին վերադարձել է Ուկրաինա: Ընդհանրապես մեր երկրում, կրոնական համոզմունքներով եւ այլ պատճառներով պայմանավորված, 300-400 երեխա չեն պատվաստվում, ինչը, մասնագետի գնահատմամբ, կարող է խոչընդոտ հանդիսանալ ազգային ծրագրի լիարժեք իրականացման համար:

Aravot.am-ի հարցին, թե արդյոք երեխայի իրավունքների խախտում չէ, ծնողի քմահաճույքով երեխային չպատվաստելը եւ հատկապես, որ պատվաստված լինելը, մասնագետների ներկայացմամբ, նաեւ ազգային անվտանգության խնդիր է, Գայանե Սահակյանն ասաց, որ այդ հարցը երկու տեսանկյունից է դիտարկվում. մի կողմից ծնողի իրավունք, մյուս կողմից՝ երեխայի. «Ծնողը գրում է, որ հրաժարվում է եւ ինքն է որոշում իր երեխան պատվաստվի թե՝ ոչ, եւ դրա համար պատասխանատվությունն ինքն է կրում, բայց մյուս կողմից հանրային իրավունքի խոցումն է, երբ 95 տոկոսը պատվաստվում են, դու իրավունք չունես քո որոշումով ազգային անվտանգությանը վերաբերող հացին խոչընդոտ հանդիսանալ»:

Տիկին Սահակյանն ասաց, որ հաջողվել է 4 Եհովայի վկաների համոզել, որ պատվաստվեն:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն անդրադառնալով նման դեպքերին ասաց, որ ով, որ չի ստանում պատվաստանյութ, նախարարության  պատասխանատվությունն է. «Մենք կրկնակի, եռակի պետք է աշխատենք, որ հրաժարվող մարդկանց կրթենք, բացատրենք դրա կարեւորությունը»:
Գայանե Սահակյանը նաեւ ասաց, որ եվրոպական որոշ երկրներում պարտադիր պատվաստումների պարտադիր մոդելն է ներդրված, սակայն այդ երկրներում էլ արդեն պարտադիրի շուրջ խմորումներ են սկսվել: Քննարկվում է նաեւ սահմանափակումներ դնելու հարցը՝ օրինակ չպատվաստված մարդկանց մեկուսացնելով ասենք՝ մանկապարտեզներից եւ այլ հանրային վայրերում սահմանափակել նրանց մասնակցությունը եւ այդպիսով հարցը լուծել:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե Հայաստան եկող պատվաստանյութերը դեղաբանական փորձաքննություն անցնո՞ւմ են, թե՝ ոչ:

«Պատվաստանյութերը, որոնք բերվում են մեր երկիր, ներկրում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը եւ բոլոր պատվաստանյութերն անցնում են լաբորատոր փորձաքննություն: Հայաստանի լաբորատոր կարողությունները դեռեւս թույլ չեն տալիս փորձաքննել այդ պատվաստանյութերը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031