Ծխախոտի դեմ պայքարի օրենքը մի շարք բացեր ունի
Լրագրողների այն դիտարկմանը, թե ծխախոտի դեմ պայքարի մասին օրենքը մի շարք բացեր ունի մասնավորապես՝ սահմանափակումների մասով, եւ տարիներով իրականացվող ծխելու դեմ պայքարը մեր երկրում շոշափելի արդյունքներ չեն տալիս, առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն ասաց, որ ծխախոտի դեմ պայքարը միայն սահմանափակումը չէ եւ պետք է մոտեցում ձեւավորել երեխաների մոտ դեռ փոքրուց եւ պետք է յուրաքանչյուրն իր շրջապատում պայքարի, օրինակ` չնստի այն տաքսին, որի վարորդը ծխում է եւ այլն:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պետք է այդ պայքարը դրվի քաղաքացու վրա եւ ամեն օր չծխող մարդը ստիպված լինի իր կյանքը վերածել պայքարի տաքսու, երթուղայինի վարորդների հետ, սննդի օբյեկտներում, փողոցում, այն դեպքում, երբ դա պետության պարտավորությունն է եւ համապատասխան օրենքներով պետք է կարգավորվեն նման հարցերը:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոմելա Աբովյանը, որն այսօր Ծաղկաձորում առողջապահության նախարարության կազմակերպած դասընթացի ժամանակ առողջ ապրելակերպի թեման էր ներկայացնում, ասաց, որ նախարարությունը պատրաստվում է ալկոհոլի չարաշահման եւ ծխախոտի դեմ պայքարի օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես գալ: ԱՆ մասնագետը նաեւ նշեց, որ այս երկու դեպքում էլ գովազդի մասին օրենքներում փոփոխությունների առաջարկներ են ներկայացնելու:
Հարցին, թե առողջ ապրելակերպը սկսվում է նաեւ դպրոցներից, որոնցից շատերում այսօր ֆիզկուլտուրայի դասերը ձեւական բնույթ են կրում, չկան սպորտդահլիճներ, մարզագույք եւ աշակերտները շատ դեպքերում գրքերով են ֆիզկուլտուրան պարապում, Ռոմելա Աբովյանն ասաց, որ նախարարությունն արդեն իջեցրել է հանձնարարական եւ իրականացվում է գույքագրում՝ ֆիզկուլտուրայի դասերի իրականացման–չիրականացման, բակերում առկա մարզատարածքների, դպրոցների մարզագույքի եւ այլնի վերաբերյալ, եւ այդ ողջ տեղեկատվությունը հավաքագրելուց հետո կիրականացնեն վերլուծություն եւ կպարզեն իրավիճակը Հայաստանում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ