Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացումներից անմասն չմնաց նաեւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքը: Գորիսի խանութներում մինչ այժմ 400 դրամով վաճառվող շաքարավազն այժմ վաճառվում է 500 դրամով, 700 դրամով վաճառվող ձեթը` 800 դրամով, 50 դրամով էլ թանկացել է հացը: Այժմ գորիսեցիները 200 դրամի փոխարեն` հացը գնում են 250 դրամով: Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ Սյունիքի մարզպետարանում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ հացարտադրությամբ զբաղվող գործարարների հետ կայացած հանդիպման արդյունքում որոշվել էր հոկտեմբերի 8-ից Գորիսում 600 գրամ քաշ ունեցող հացի գինը սահմանել 200 դրամ, իսկ Կապանում պահպանել հացի գինը` 240 դրամ, փոխարենը` քաշը 500 գրամից դարձնել 600 գրամ: Սակայն երկու ամիս անց, ոչ միայն չպահպանվեց հացի գինը, այլեւ վերջին օրերին ալյուրի գնի թանկացմամբ պայմանավորված`Կապանում 240 դրամ արժողությամբ հացը երեկվանից վաճառվում է 280 դրամով, իսկ Գորիսում` 200 դրամի փոխարեն 250 դրամով:
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցից հետաքրքրվեցինք, թե ինչպես են Գորիսում բնակիչները վերաբերում այս թանկացումներին: «Դա մեր բոլորիս հոգսն է: Մենք գիտենք, որ հայերի համար Նոր տարին գնումների հետ է կապված, եւ գների բարձրացումն էլ պետք է ազդեր մարդկանց տրամադրության վրա: Մենք փորձում ենք տոնական տրամադրություն ստեղծել, մարդկանց տրամադրությունը բարձրացնել, քաղաքի հրապարակում արդեն գլխավոր տոնածառն ենք դնում, Նոր տարվա պատրաստություն տեսնում», – ասաց Գորիսի քաղաքապետը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ