Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատային մրցաշարը սկսեցին «Հայր Մերով» (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 20,2014 20:27

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում  գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց քահանաների եւ թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների ներկայացուցիչների հետ:

Մինչեւ սեանսի սկսվելը մասնակիցներն արտասանեցին «Հայր Մերը» եւ առաջին փուլում միմյանց միջեւ որոշեցին ուժեղներին, որոնք էլ երկրորդ փուլում անվանի գրոսմայստերի հետ խաղատախտակների առջեւ իրենց կարողությունները փորձելու հնարավորություն ստացան:շախմատլյ;լկO

Առաջնորդարանի ս-բ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ, Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս Ավագ քահանա Մալյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս միջոցառումը նախապատմություն ունի: Անցած տարի Քրիստոսի նախավկա սուրբ Աբգար թագավորի տոնի առիթով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները որոշեցին շախմատային մրցաշար կազմակերպել, որպեսզի այն դառնա ամենամյա: Եվ ստանալով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ սրբազանի օրհնությունը, մրցաշարը հաստատվեց որպես ամենամյա միջոցառում եւ արդեն երկրորդ տարին այն անցկացվում է ս-բ. Աբգար թագավորի տոնի առիթով: Անցած տարի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց մեր անվանի շախմատիստներից գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Այս տարի, ինչպես տեսնում եք, ձեւաչափը մի փոքր փոխել ենք եւ մրցաշարն անցնում է երկու փուլով: Այնպես որ, շախմատային այս մրցաշարը մեր երիտասարդաց միությունների հաջողված ծրագրերից մեկն է»:

Մեր հարցին, թե ի՞նչ կապ է տեսնում շախմատի եւ հոգեւորականի միջեւ եւ մրցաշարի մասնակից քահանաների մեջ կարգային շախմատիստներ կա՞ն, Տեր Պետրոս Ավագ քահանա Մալյանը պատասխանեց. «Շախմատը ինտելեկտուալ խաղ է եւ ցանկացած մարդ, հատկապես, հայ հավատացյալը եւ հոգեւորականը, պիտի ինտելեկտով զարգացած լինի: Արդեն չկա խորհրդային այն կարծրատիպը, թե քրիստոնեությունը խեղճ ու կրակների հավատք է: Մեր բոլոր երիտասարդները զարգացած են, հայրենասեր: Նրանք ոչ միայն շախմատ գիտեն, այլեւ բազմակողմանիորեն զարգացած են՝ երգ, մշակույթ, արվեստ եւ այլ բնագավառներ: Իսկ թե մեր քահանաների մեջ կարգային շախմատիստներ կան, թե ո՞չ, անկեղծ ասած տեղյակ չեմ: Բայց գիտեմ, որ շախմատ լավ խաղացողներ կան եւ նրանց միջից ընտրել ենք ամենաուժեղներին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031