Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Ոստիկանն ակնհայտ սուտ ցուցմունք տվեց»

Դեկտեմբեր 20,2014 18:56

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը, որի ընթացքում ցուցմունք տվեց ոստիկանության աշխատակից Սոնա Մելիքյանը:

Ըստ նրա վկայության՝ ապրիլի 7-ին տեղի ունեցած դատավարության ընթացքում Վարդգես Գասպարին, բղավելով իր եւ մյուս ոստիկանների վրա, անվանել է մարդասպան, ստախոս, ստոր եւ անգամ Երեւանյան լճի մոտ կանգնող մարմնավաճառներ: Վկայի խոսքով՝ այս կերպ վիրավորել են հենց իր պատիվն ու արժանապատվությունը:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին չժխտեց, որ այդ օրը դատավարության ընթացքում ոստիկաններին անվանել է մարդասպան, բայց ասաց, որ այսօր ոստիկանն ակնհայտ սուտ ցուցմունք տվեց, քանի որ նա ոստիկաններին մարմնավաճառ չի անվանել: Վարդգես Գասպարին դատավորից պահանջել է սուտ ցուցմունք տալու համար ոստիկանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել դատախազություն. «Դատաքննության ընթացքում ինքը ասում էր այնպիսի բաներ, որ դատաքննության ձայնագրության մեջ չկային: Այդ դատական նիստի ժամանակ ես հայտարարել եմ, որ իրենք հանցագործներ են, մարդասպաններ են, որ իրենք սպանել են իմ եղբորը եւ որ Վովա Գասպարյանին թաքցնում են իրենց փեշերի տակ, սակայն ես այդ նիստի ժամանակ մարմնավաճառ չեմ անվանել»:

Ըստ Վարդգես Գասպարիի՝ ինքը հենց անձամբ Սոնա Մելիքյանին չի ասել մարդասպան. «Ես 40 հազար ոստիկաններին եմ անվանել մարդասպան, թող իր փոխարեն լիներ Վովա Գասպարյանը, ես նրան կանվանեի մարդասպան: Ով ուզում է գա, թող գար այն մարդը, ով մարտի մեկին ձգանը քաշել է եւ սպանել է, ես իրեն կասեի այդպես»:

Վարդգես Գասպարիի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվար ամսին:

Նշենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Նա 2014 թվականի ապրիլի 7-ին վարչական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել հայցվորի ներկայացուցիչների, ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նաեւ, ըստ մեղադրանքի, Վարդգես Գասպարին վիրավորել է  նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանին։ Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031