Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիի կողմից վիրավորանք ստացած ոստիկանության աշխատակիցը վկայություն տվեց. «Մեզ անվանեց ստախոս, մարդասպան, ստոր»

Դեկտեմբեր 20,2014 15:15

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործի դատական քննությունը։

Նշենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Նա 2014 թվականի ապրիլի 7-ին վարչական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել հայցվորի ներկայացուցիչների, ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նաեւ, ըստ մեղադրանքի, Վարդգես Գասպարին վիրավորել է  նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանին։ Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով։

Այսօրվա նիստին դատավորի ներս մտնելուց հետո Վարդգես Գասպարին ոտքի չկանգնեց,  դատավորն էլ հայտնեց, որ պրն Գասպարիի նկատմամբ կկիրառի սանկցիա՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։

Նիստին՝ Վարդգես Գասպարին հանդես եկավ երկու հայտարարություններով. «Ես ոտքի չեմ կանգնում եւ չեմ էլ կանգնելու եւ դրանով ես իմ դիրքորոշումն եմ հայտնում առ այն, որ սա ոչ այնքան դատարան է, քան գործող իշխանության վարչարարություն իրականացնող մարմիններից մեկը»։

Մյուս հայտարարությունը վերաբերում էր մինչ դատական պրոցեսը տեղի ունեցած օրենքի խախտումներին. «Քննչական մարմինն ինձ ծանուցագիր ուղարկելիս չի նշել հարցաքննության կանչվողի կարգավիճակը, ես նամակը հետ եմ ուղարկել եւ նշել եմ, որ «դուք ինչքան բութ եւ ապուշ եք, այսքան տարի աշխատում եք, չեք սովորում, որ պիտի գրեք կարգավիճակը»։ Երկրորդ անգամ նորից ինձ նման ծանուցագիր են ուղարկել եւ ես չեմ պատասխանել, իսկ երրորդ անգամ ներխուժել են բնակարան եւ ինձ քարշ տալով տարել են։ Բերման ենթարկելու ընթացքում ստացել եմ մարմնական վնասվածք, իսկ քննիչն էլ ասում է, թե ձեզ բերման ենք ենթարկել, որը կարող էր վնասվածք պատճառել»։

Նիստին դատախազն ասաց, որ ինքն այդ մասին տեղյակ չի եղել, իսկ Վարդգես Գասպարին էլ արձագանքեց. «Դուք ստախոս եք»։

Դատապաշտպան Տիգրան Եգորյանն էլ գործի կարճման միջնորդություն ներկայացրեց՝ տուժողների բացակայության հիմքով. «Պարզ չէ, թե ով է տուժողը, ով է հանդես գալիս տուժողի կարգավիճակում, եթե չկա վիրավորանք, չկա նաեւ հանցակազմ։ Այս կապակցությամբ նախ կցանկանայինք պարզաբանում ստանալ, որն է հանցագործության օբյեկտը»։

Դատավորը միջնորդությունը մերժեց՝ անհիմն լինելու պատճառով։

Այնուհետեւ վկայությամբ հանդես եկավ գործով վկա Սոնա Մելիքյանը, որը ոստիկանության ներկայացուցիչ է։ Նա իր վկայության մեջ ասաց, որ հերթական վարչական վարույթի նիստի ժամանակ՝ ապրիլի 7-ին, իր մեջ տպավորվել է այն, որ իր՝ այդ օրը բացման խոսքով հանդես գալուց հետո, նախագահող դատավորը պատասխանողին առաջարկեց հարցեր տալ, իսկ Գասպարին սկսեց բարձր տոնով վիրավորել ոստիկանության ներկայացուցիչներին.«Չէի ցանկանա վերարտադրել այդ բառերը, նա մեզ անվանեց ստախոս, մարդասպան, ստոր։ Գասպարին անտեսեց դատավորի զգուշացումները, եւ անգամ մեզ անվանեց Երեւանյան լճի մարմնավաճառ։ Սակայն դատավորը անընդհատ հանգստացնում էր Գասպարիին, եւ սանկցիաներ կիրառելուց հետո Գասպարին շրջվեց դատավորի ուղղությամբ եւ այդ վիրավորական խոսքերը ուղղեց դատավորին՝ եվրոպական երկրների լրտեսն եք դուք»։

Վարդգես Գասպարին էլ վկայից հետաքրքրվեց՝ «համոզված եք՞, թե դա ձեր ենթադրություններն են, ինչո՞վ կբացատրեք այն, որ ձայնագրության սղագրության մեջ նման բառեր չեն եղել», ինչին վկան նշեց. «Ես այդ բառերն արդեն անգիր եմ արել, ես փորձեցի վերարտադրել այն ինչ եղել է»։

«Նիստերից մեկի ընթացքում նա անգամ մարմնավաճառ անվանեց, բղավեց այնպես, որ ակնոցներս կեղտոտվեցին, եւ այդ վիրավորանքներն ուղղված էին ինձ»,- պատասխանելով պաշտպանի հարցին, թե ասեք այն, ինչ չեք ասում, հիշեց վկան։ Վկան նաեւ պատմեց, որ Վարդգես Գասպարին դատարանից դուրս էլ է իր նկատմամբ վիրավորանք ուղղել. «Սոնա Մելիքյան՝ ստոր, սրիկա, եւ ես նկատեցի, որ վարչական դատարանի մոտ կանգնած էր Վարդգես Գասպարին եւ մի քանի լրագրողներ։ Մի կերպ ներս խցկվեցի»։

Վկայի խոսքով՝ այս կերպ վիրավորել են իր պատիվն ու արժանապատվությունը։

Aravot.am-ը նաեւ կներկայացնի Վարդգես Գասպարիի տեսակետը վկայության մասին։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031