«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն դեպի Արեւելք» կազմակերպությունները Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ Դանիայի ԱԳՆ ֆինանսական աջակցությամբ կազմակերպել են գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ավանդական շախմատային սեանս: Այս տարի կազմակերպիչները Հայաստանի լավագույն գրոսմայստերի հետ խաղալու հնարավորություն ընձեռել էին Երեւանի ներառական կրթություն իրականացնող, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցների 25 աշակերտների:
«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումների նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարի վրա:
«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը ԶԼՄ-ներին ասաց, որ իրենք հաշվի են առել այն, որ շախմատը դպրոցներում դասավանդվող պարտադիր առարկա է, եւ երեխաները շատ են երազում Արոնյանի պես մեծ շախմատիստի հետ հանդիպել խաղատախտակի առջեւ: «Այս երեխաները նաեւ ընկերներ են ու մասնակցելով «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրին՝ ասում են, որ իրենք հավասար են: Այս միջոցառումը հաղթելու կամ պարտվելու նպատակ չունի: Պայքարի ավարտին բոլոր երեխաների ամենամեծ նվերը կլինի այն, որ իրենք Շախմատի համաշխարհային երեք օլիմպիադաների հաղթողի եւ աշխարհի թիմային չեմպիոնի հետ իրենց խաղից լուսանկարներ կունենան նրա ստորագրությամբ»:
Լեւոն Արոնյանն իր հերթին նշեց, որ սիրում է երեխաների հետ խաղալ: «Նրանք չեն վախենում, ուզում են իրենց լավագույն խաղը խաղալ եւ հաղթել: Երեխաները ստանդարտ չեն մտածում եւ մեկ էլ տեսնում ես, որ նրանց մեջ տաղանդներ կան: Ես էլ մանուկ հասակում միշտ երազել եմ խաղալ ուժեղագույն շախմատիստների հետ, ցանկացել հաղթել: Ես պատրաստակամությամբ եմ մասնակցում այս մրցմանը եւ ցանկանում եմ դրանով ասել աշխարհին, որ ոչ բոլորը հավասար հնարավորություններ ունեն եւ մենք միշտ պետք է մտածենք այս մասին, աջակցենք այդ մարդկանց», – ասաց Արոնյանը եւ ավելացրեց, որ հաշվի առնելով այսօրվա մրցակիցների սոցիալական կարգավիճակը եւ տարիքը, հուզվում է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ