Aravot.am-ի դիտարկմանը, թե «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը մի առիթով ասել էր, որ կրթության ոլորտի պաշտոնյաները սխալ պատկերացում ունեն ներառականության գաղափարի մասին, որովհետեւ ներառական կրթություն ասելով, հասկանում են միայն կրթական հաստատության մուտքի մոտ դրված թեքահարթակը, այսօր կայացած ասուլիսում Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ներառական կրթության փաթեթը մշակվել է հենց հաշմանդամության հարցերով զբաղվող հ/կ-ների օգնությամբ, եւ ինքը տարակուսած է, որ նրանք չեն կարողանում միմյանց հետ աշխատել. «Բնականաբար, ներառականությունը միայն թեքահարթակը չէ, ներառականությունը մեզ համար բացառապես կրթական տեխնոլոգիա է»:
Aravot.am-ի հաջորդ հարցին էլ, թե ե՞րբ են որոշ բուհերում, այդ թվում՝ Պոլիտեխնիկում անցկացվելու ռեկտորների ընտրություններ, նախարարը նշեց, որ բոլոր այն բուհերը, որոնք դեռեւս հիմնադրամի կարգավիճակ չունեն, նախ պետք է այդ կարգավիճակը ստանան, ինչ վերաբերում է Պոլիտեխնիկին, այն արդեն գրանցվել է իբրեւ հիմնադրամ, առաջիկայում կստեղծվի հոգաբարձուների խորհուրդը, որտեղ նախարարությունն ունի 25 %, ու մրցույթ կհայտարարվի: «Երբ մրցույթ հայտարարվի, լինեն թեկնածուները, մենք էլ կքվեարկենք մեր նախընտրած թեկնածուի օգտին»,-ասաց նա:
Նաեւ հարցրինք՝ դրամի արժեզրկման պայմաններում ինչպե՞ս են իրականացվելու Համաշխարհային բանկի վարկի միջոցով իրականացվող կրթական ոլորտի բարեփոխումները, խնդիրներ չե՞ն ծագել այդ առումով: Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ կրթության ոլորտի բարեփոխումներն այս պահի դրությամբ չեն տուժել, մրցույթ էր հայտարարվել միայն ավագ դպրոցների կահույքի ձեռքբերման համար, ու եթե շահող կառույցները իրենց հայտագրած գնով չկարողանան կահույք ձեռք բերել, նոր մրցույթ կհայտարարվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Երբ պարոն Աշոտյանը նշում է, թե Պոլիտեխնիկն արդեն Հիմնադրամ է, խնդրում եմ հարցրեք, թող հստակեցնի կենսաթոշակայինից ազատվելու դիմումը կընդունե՞ն, եթե ոչ, ապա ինչպե՞ս են ասում թե արդեն Հիմնադրամ է:
Եթե Հիմնադրամը կենսաթոշակայինից ազատվելու դիմում գրելու համար հարցի լուծում կարող էր հանդիսանալ, ապա ինչու՞ այսքան հետաձգեցին և վարչապետի հրահանգը չկատարվեց՝ անտեսվեց երեք նախարարությունների կողմից, այդ թվում՝ Գագիկ Խաչատրյանի, Արմեն Աշոտյանի, Արտեմ Ասատրյանի կողմից: