Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

 Արմեն Աշոտյան. «Կոռուպցիան համակարգում վերացված չէ, սակայն տեսանելի նահանջել է»

Դեկտեմբեր 20,2014 12:03

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կայացավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2014 թվականի ամփոփիչ ասուլիսը:

«2014 թվականը նոր կրթական ծրագրերի ներդրման, կրթության մատչելիության բարձրացման տարի էր, որն ուղղորդվում էր նոր պրոբլեմներով»,-ասաց նախարարը:

Նրա ձեւակերպմամբ, այս տարի իրենց հաջողվել է կտրուկ շրջադարձեր կատարել, օրինակ` ներդրվել է ուսանողների սոցիալական աջակցության փաթեթը: Ըստ այդմ, նոր օրենքը պարտադրում է բոլոր բուհերին իրենց վճարովի ծառայությունները ուղղել ոչ վճարունակ ուսանողներին, սահմանվել է ուսման վարձի վերին շեմ:

Արմեն Աշոտյանի ասելով, միայն այս տարի 2000 երիտասարդ օգտվել է պետության կողմից երաշխավորված նոր սոցիալական ծրագրից: Երկրորդ քայլը նա համարում է նորարարական մրցակցային հիմնադրամների ներդրման ծրագիրը, որի շնորհիվ  10 բուհ ստացավ 3,7 մլն աջակցություն ծրագիրն իրականացնելու համար:

Երրորդ ձեռքբերումը, ըստ նախարարի,  կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկն է, չորրորդը՝ «Հանրակրթության մասին օրենքի» նոր խմբագրումն է: «Դրա շնորհիվ անցնում ենք տոտալ ներառական կրթության, օրենք, որ միջազգային լավագույն փորձը եւ տեղական կառույցների ցանկություններն է ամփոփում: Ներառականության տվյալ տեսակի ներդրումը պահանջելու է շարունակական ջանքեր: Հայաստանի ներառական դպրոցների թիվը այս տարի 139-ի է հասել: Ծրագրի ներդրման վերջնական ժամկետը 2015 թվականն է»,- փաստեց ԿԳ նախարարը:

Նա հաջողություն համարեց նաեւ այն, որ 2015- 2019 թթ նոր կրթական ծրագիր է մեկնարկելու Համաշխարհային բանկի վարկի միջոցով: Թվարկեց մյուս ձեռքբերումները.  «Աշակերտական միջազգային օլիմպիադաների արդյունքը՝ 19 միջազգային մեդալ են նվաճել մեր երեխաները… Հինգ խոշոր ձեռքբերումներից զատ իրականացվել են նաեւ այլ ծրագրեր. «Ազգային երգուպար» ծրագիրն է փորձարկվում 12 դպրոցներում»: Նախարարը ազգային կրթության բրենդ համարեց Շախմատ առարկայի ներդրումը: Հավելեց, որ մշակվել են մի շարք իրավական ակտեր, կառավարության որոշումներ, կարգեր, որոնք նվազեցնում են կոռուպցիոն ռիսկերը. «Կոռուպցիան համակարգում վերացված չէ, սակայն տեսանելի նահանջել է»:

Անդրադարձ եղավ նաեւ 2015 թ Բոլոնյան նախարարական համաժողովին, այլեւս տեսանելի է Հայաստանի տեղը Եվրոպական կրթական տարածքում, ինչը հետեւանք է ԿԳ նախարարության լրացուցիչ ջանքերի եւ անզուսպ ամբիցիաների:

Հավելեց, որ գալիք տարի Հայոց Ցեղասպանությանը նվիրված դասընթաց է  լինելու տարբեր եվրոպական երկրների հանրակրթական ծրագրերում: Չմանրամասնեց՝ խոսափելով հարեւան երկրի համապատասխան քայլերից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031