Վերջին շրջանում նկատվող փոխարժեքների տատանումները, մեր համոզմամբ, հարկ է գնահատել ոչ այնքան որպես դրամի արժեզրկում, որքան դոլարի արժեւորում եւ արտաքին այլ ազդակների փոխներգործություն` պայմանավորված հետեւյալ գործոններով: Մասնավորապես, նկատելիորեն ամրապնդվել են ԱՄՆ դոլարի դիրքերը համաշխարհային շուկայում, ինչն իր անդրադարձն ունեցավ նաեւ ԱՄՆ դոլար/եվրո փոխարժեքի վրա: Զգալիորեն թուլացել են եվրոյի դիրքերը, ինչն, իր հերթին, արտացոլում է Եվրոմիությունում ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի` արտաքին պարտքի ճգնաժամը, որն առկա է միաժամանակ մի քանի երկրներում (Հունաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Բելգիա, Հոլանդիա եւ այլն): Դատելով համաշխարհային տնտեսության ներսում նկատվող ցնցումներից եւ միտումներից, կարող ենք կանխատեսել, որ ԱՄՆ դոլարի դիրքերը եվրոյի համեմատ կարող են ամրապնդվել: Մյուս կողմից, մոտ չէ այն ժամանակը, երբ ԵՄ երկրները կգտնեն տնտեսական եւ ֆինանսական կայունություն ապահովող փոխզիջումային լուծում, որն ընդունելի կլինի բոլորի համար: Ուստի, մինչ այդ, եվրոյի դիրքերը կարող են շարունակել սասանվել, իսկ փոխարժեքը` անկում ապրել:
ԱՄՆ տնտեսության աճի վերականգնմանը զուգահեռ, վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը դադարեցրեց քանակական ընդլայնման իր ծրագիրը, որի միջոցով ամսական 85 մլրդ ԱՄՆ դոլարի իրացվելիություն էր ներարկվում պետական արժեթղթերի գնումների միջոցով: Վերջինս նպաստեց ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման սպասումների ձեւավորմանը եւ կապիտալի հոսքերը զարգացող երկրներից ուղղվեցին դեպի ԱՄՆ: Արդյունքումՙ հիմնական զարգացող երկրները գրանցեցին տնտեսական աճի դանդաղում եւ արժույթների արժեզրկում:
Թաթուլ ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: