Լրահոս
Օրվա լրահոսը

 Հոգեբան. «Փաստորեն մարդիկ նորից տուժեցին, փոխարենը օգտվեցին սպեկուլյանտները». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 20,2014 11:13

Հարցազրույց հոգեբան ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ

   
   -Վերջին օրերին դրամի արժեզրկման եւ դրանով պայմանավորված գնաճի պատճառով երկրում համատարած խուճապ էր տիրում: Որպես հոգեբան ի՞նչ դիտարկումներ կարող եք անել այդ խուճապի հետեւանքների եւ հիմնավորված լինելու մասին: 
-Խուճապը հոգեկան վիճակ է: Առաջանում է, երբ մարդը տհաճ տեղեկություն է ստանում, որ իրեն անցանկալի իրադարձություններ են սպասում: Այդ ժամանակ հայտնվում է այնպիսի վիճակում, երբ տագնապը, վախն ու անհանգստությունը գերակշռող ազդեցություն են ունենում ռացիոնալ հոգեբանական գործընթացների վրա:

Որոշումներ ընդունելիս կարճատեւ ժամանակով մարդը կորցնում է մտածողության համակարգվածությունը, ընկնում հույզերի ազդեցության տակ, ինչն էլ հղի է վտանգով, որ մարդը կարող է չկշռադատված քայլեր անել՝ ուղղված վախ առաջացնող իրավիճակները հաղթահարելուն:
Եվ երբ այդ խուճապը համատարած է լինում՝ դառնում է սոցիալական: Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, սոցիալական տագնապի ակնհայտ դրսեւորում էր:
Սովորաբար խուճապը հիմնավորված չի լինում, քանի որ դրա համար հիմք դարձած պատճառները չափազանցված են մատուցվում եւ ընկալվում: Հաճախ էլ այն տեղեկությունը, որը մարդու մեջ խուճապ է առաջացնում, իրականությանը չի համապատասխանում եւ, որպես կանոն, ինչ-որ մեկի ենթադրության արգասիքն է լինում:
Մինչդեռ մեկ կամ մի քանի հոգու ենթադրությունները մյուսներն ընկալում են որպես ճշմարտություն, ինչը վարակի պես փոխանցվում է ամբողջ հասարակությանը ու նրանց մեջ էլ նույն բացասական հույզերն առաջացնում:
Այդ «ճշմարտությունը» մատուցողներն առաջին հերթին զանգվածային լրատվամիջոցներն են, որոնք պատեհ-անպատեհ առիթներով բացասական բովանդակությամբ, գնաճի սրման ու դրա վատագույն հետեւանքների մասին ենթադրություններով տեղեկություններ էին հրապարակում, մարդկանց վախ ներշնչում եւ պարտադրում քայլեր անել, որոնց համար հետագայում նրանք կարող են զղջալ:
Իսկ լրատվության ազդեցության տակ ընկնելը հեշտ է, մանավանդ եթե լրատվամիջոցը, լրագրողը որոշակի հեղինակություն են վայելում հասարակության շրջանում: Այդպես եղավ մեզանում:
Իհարկե խուճապի համար նաեւ իրական պատճառներ կային՝ տարադրամի փոխարժեքը կտրուկ բարձրացավ, դրամն արժեզրկվեց, որին հետեւեց համատարած գնաճը: Բայց դա կարելի էր ավելի հավասարակշռված ընդունել, չվախենալ ու չշտապել որոշումներ կայացնել:
Մինչդեռ իրականությունը հիմք դարձավ, որ մարդիկ ավելի մեծ խուճապի մատնվեին, քանի որ լրատվամիջոցներում հնչող չարագույժ ենթադրությունների համար կարծես պարարտ հող էր ստեղծվել: Եվ դրա ազդեցության տակ սկսեցին չկշռադատված քայլեր անել՝ փոխանակել իրենց ունեցած դրամը՝ վախենալով, որ տարադրամի գինը ավելի ու ավելի կաճի, թանկացված գներով ապրանքներ ձեռք բերել՝ մտածելով, որ դրանց գները նոր թափով կաճեն: Մինչդեռ մի քանի օր էր հարկավոր, որ դրամի ու դոլարի միջեւ տարբերությունը մեղմվի:

Փաստորեն մարդիկ նորից տուժեցին, փոխարենը օգտվեցին սպեկուլյանտները:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց  աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031