Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ աշխարհաքաղաքական բարդ փուլում

Դեկտեմբեր 20,2014 12:00

ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը

Հայաստանը, թեեւ մի քանի օրից պաշտոնապես անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, սակայն վերջին օրերին ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների առնչությամբ ուշագրավ հայտարարություններ հնչեցին, որոնք լավատեսության հույս են ներշնչում այն առումով, որ սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված բարդ շրջանը քայլ առ քայլ հաղթահարվում է:

Օրերս Սերժ Սարգսյանն ընդունել էր Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության` ՀԻԵԿ-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երեւան էր ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երեւանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը: Նրա հետ հանդիպմանը Ս. Սարգսյանը նկատել էր, որ Հայաստանը եւս եվրոպական արժեքների տարածման ջատագովն է եւ անկախացումից ի վեր այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով՝ բավականաչափ առաջ է ընթացել, չնայած, նրա խոսքով` «դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեծապես կարեւորվում է»: Սերժ Սարգսյանն ընդգծել էր, թե Հայաստանը շարունակելու է սկսած ճանապարհը՝ ակնկալելով գործընկերների, այդ թվում նաեւ՝ ՀԻԵԿ-ի աջակցությունը:
Այնուհետեւ Բրյուսելում Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ԵԺԿ ընդլայնված ձեւաչափով գագաթնաժողովին, որից հետո նա հանդիպել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Նրանք քննարկել էին ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ առկա մարտահրավերներն ու խնդիրները: Ս. Սարգսյանը վերահաստատել է ԵԺԿ-ի հետ հետագա համագործակցության հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը ու հավելել. «Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը»:

1-Serj-Sargsyan-Glxavor-nkar

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ նոր ծրագրեր իրականացնելու համար: Այս տեղեկությունը հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան։ «Այսօր Եվրամիությունը տարբեր ոլորտներում Հայաստանի հետ տարածաշրջանային համագործակցության շուրջ 15 համաձայնագիր ստորագրեց՝ գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացումից մինչեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հաստատում, ծնողազուրկ երեխաների աջակցություն, քաղաքաշինության կայուն զարգացում եւ այլն: Հարկ է նշել, որ այդ պայմանագրերից միայն չորսը միտված են աղքատության կրճատմանը»,- նշել էր Հրիսթեան։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն խորացնելու է հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը։ Եվրոպացի դիվանագետը ընդգծել է, որ արտաքին առեւտրի ոլորտում ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ գործընկերը՝ առեւտրային ծավալների մոտ 27 տոկոս ցուցանիշով:

ԵՄ երկրները, հավանաբար, գիտակցելով, որ Հայաստանի որեւէ նախագահ չէր կարող ընդդիմանալ ՌԴ ճնշումներին, եկել են այն եզրահանգման, որ նույնիսկ ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանից հրաժարվել պետք չէ, մանավանդ, երբ ակնհայտորեն հարցականի տակ է ԵՏՄ-ի կենսունակությունն առհասարակ:

Հայաստանի հյուսիսային հարեւանը մեկ քայլ էլ առաջ ընթացավ

Դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը վավերացրեց Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագիրը: Վրաստանի հետ կնքված Ասոցացման համաձայնագիրը արդեն իսկ վավերացրել են Եվրամիության 28 անդամ պետություններից 10-ի խորհրդարանները:

Փաստաթղթի վավերացման պահին Եվրախորհրդարանի նիստերի դահլիճում էին Վրաստանի երրորդ եւ չորրորդ նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին եւ Գեորգի Մարգվելաշվիլին: Չնայած նրանց միջեւ լարվածությանը` Մարգվելաշվիլին վավերացման արարողությանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաեւ եվրաինտեգրման ճանապարհին Սաակաշվիլիի ներդրած ավանդի մասին: «Անկախության ձեռքբերումից ի վեր իմ երկրի բոլոր ղեկավարները` սկսած առաջին նախագահ Գամսախուրդիայից, հետագայում նաեւ Շեւարդնաձեն եւ Սաակաշվիլին, նաեւ մեր ղեկավարությունը, մենք բոլորս մշտապես հավատարիմ ենք եղել մեր վերջնական նպատակին: Իսկ այդ նպատակը շատ հստակ է` դառնալ եվրոպական միասնական ընտանիքի` Եվրամիության լիիրավ անդամ»,- նշել է Մարգվելաշվիլին:

Հայաստան-Վրաստան ռազմավարական նշանակության հարաբերությունները հայտնվելու են բավական կարեւոր փուլում: Մի կողմից՝ ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանի իշխանությունները, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ ասոցացված Վրաստանի ղեկավարությունը խոստանում են, որ հայ-վրացական հարաբերություններին չպետք է խոչընդոտեն երկու երկրների` տարբեր միավորումներին մաս կազմելու հանգամանքը: Այստեղ միայն մնում է հուսալ, որ երրորդ որեւէ կողմ չի կարող Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Վրաստանի հետ փոխհարաբերություններում ճեղքեր առաջացնել, փոխհարաբերություններ, որոնք վերջին տարիներին` ի պատիվ երկու երկրների ղեկավարների, այնուամենայնիվ, արդյունավետ են եղել:

Nazarbaev_Putin_Luk
«ԼՂ-ն ՀՀ մաս չի կազմում»,- շեշտեցին Բելառուսից, որտեղ եւս վավերացրեցին ԵՏՄ-ին միանալու ՀՀ պայմանագիրը 

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, ըստ որի՝ Հայաստանը միանում է ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաեւ միջազգային այլ փաստաթղթերի, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում: Վավերացված պայմանագիրը նախատեսում է 1-8 տարվա անցումային ժամանակաշրջան՝ Հայաստանի ներկրման մաքսատուրքերը Մաքսային միասնական սակագնին համապատասխանեցնելու համար: Համաձայն այդ փաստաթղթի՝ Հայաստանը միության լիիրավ անդամ է դառնում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ համատեղ:

Դեկտեմբերի 18-ին Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության արժանացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի օրինագիծը: «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին մեծ դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, եւ այդ համագործակցությունը կօգնի զարգացնել մեր երկրների տնտեսությունը»,- երեկ ասել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարը: Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության համաձայն` Հայաստանի ու Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 7.7 միլիոն դոլար: Դեկտեմբերի 19-ին Ղազախստանի խորհրդարանի սենատը` վերին պալատը, ընդունեց ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրենքը:

Նույն օրը նաեւ Բելառուսի խորհրդարանը վավերացրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը, ներկայացնելով Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման օրինագիծը, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվի ԵՏՄ-ի կազմում Հայաստանի անդամակցությունից հետո. «Մենք անհանգստություն ունեինք, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում Հայաստանի կազմում, կարող են հայտնվել Մաքսային միության կազմում։ Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, այդ ցանկությանը։ Պայմանագրին կցվել է նոտա այն մասին, որ ԼՂ-ն Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում։ Հնչել է հայկական կողմի պաշտոնական բանավոր հայտարարությունը»։ Հայաստանի եւ ԼՂ-ի անվտանգության պահպանմամբ՝ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունն արդարացնողները, հավանաբար, այս առթիվ կգտնեն նորանոր արդարացումներ։

ԵՏՄ-ի մշուշոտ ապագան ու անդամ երկրների անվստահությունը ՌԴ-ի նկատմամբ

ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները շարունակում են կոշտ քննադատության ենթարկել Ռուսաստանի քաղաքականությունը: «Մենք միայն ցանկանում ենք ներքին հանգստություն ու խաղաղություն: Մենք մեծ պետություն չենք, սակայն մեր բանակը բավականին հզոր է՝ մեր երկիրը պաշտպանելու համար: Մենք ամեն ինչ կանենք մեր երկրի խաղաղությունն ու սոցիալական հավասարությունը պաշտպանելու համար: Ես ցանկանում եմ ՌԴ նախագահի հետ խոսել եւ պարզել, թե ինչու է մեր երկրի հետ այսպես վարվում»,- օրերս նշեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա հավելել է, որ այսօր ռուսական շուկայում վաճառվում է արտադրանքի միայն 40-45%-ը՝ 85%-ի փոխարեն, ինչպես նախկինում, ու նշել է, որ Բելառուսը նվազեցրել է կախվածությունն այդ շուկայից, «սակայն դա դեռ քիչ է»։ Ավելին՝ Լուկաշենկոն հրահանգել է երկրի կառավարությանը Ռուսաստանի հետ առեւտուրն իրականացնել եվրոյով ու դոլարով եւ նշել է, թե Բելառուսն ավելի վաղուց պետք է Ռուսաստանից վճարումները դոլարով ու եվրոյով պահանջեր՝ այնպես, ինչպես իրենք «վճարում են էներգիայի դիմաց»: Գումարած սրան` Ռուսաստանն ու Բելառուսը փոխադարձաբար արգելել են որոշ ապրանքների ներկրումները: «Մենք չենք կարող հավերժ աղոթել ռուսական շուկայի համար, թեեւ Ռուսաստանը մեր եղբայրական երկիրն է: Տեսնում եք՝ նրանց շուկան փլուզվել է, մենք էլ՝ նրանց հետեւից: Այո, մի ժամանակ մեր արտադրանքի 85%-ն էինք վաճառում Ռուսաստանի շուկայում, իսկ այսօր՝ 40-45%-ը»,- նկատել էր Լուկաշենկոն՝ ավելացնելով, որ դրությունն ավելի է վատթարացնում Ուկրաինայի իրավիճակը, որն իրենց հիմնական գործընկերներից էր, իսկ Ղազախստանի շուկայի համար Բելառուսի առաջնորդը նույնպես փլուզում է կանխատեսել. «Պետք է նշեմ, որ այսպիսի իրավիճակ երբեք չի եղել»:

Ռուսաստանում ֆինանսատնտեսական բավական բարդ իրավիճակը, որը ստեղծվեց արեւմտյան պատժամիջոցների, ինչպես նաեւ նավթի գների անկման հետեւանքով, առայժմ հույս չեն ներշնչում, որ ՌԴ-ն ընդունակ է այս կառույցում հավասարը հավասարի հետ հարաբերություններ կառուցել դաշնակից երկրների հետ: Ավանդական տարեվերջյան մամլո ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց Մաքսային միության թեմայի շուրջ. «Ղազախստանը, ինչպես եւ ՌԴ-ն, նավթագազային պետություններ են: Անկախ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելուց՝ այսպես թե այնպես, Ղազախստանն ու Ռուսաստանը բախվելու էին ոչ բարենպաստ տնտեսական միջավայրին: Կկարողանա՞նք դուրս գալ այս իրավիճակից: Ես արդեն ասացի: Անխուսափելիորեն դուրս կգանք դրական արդյունքով»:

Եթե առայժմ Մաքսային միության դրական արդյունքների մասին վաղ է խոսել, մյուս կողմից, սակայն, արդեն իսկ ակնհայտ է, որ անդամ երկրների ղեկավարները ՌԴ-ին գոնե այս պահին չեն վստահում: ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանը աշխարհաքաղաքական առումով հայտնվել է վերադասավորվող տարածաշրջանում, որտեղ բաժանարար գծերի ստեղծումը կարող է ամենաբացասական հետեւանքները թողնել առավելապես Հայաստանի զարգացման հնարավորությունների վրա, քան ՌԴ մյուս դաշնակից երկրների:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

20.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031